Read this article in EN RU IT ES FR DE PL BY HY AZ UA RO KA ZH

Ապատեղեկատվություն ռուս-ուկրաինական ներկայիս հակամարտության վերաբերյալ. յոթ միֆերի հերքում

24 Հունվարի, 2022

Ամեն նոր օր իր հետ բերում է հերթական ապատեղեկատվությունը Ուկրաինայի և ռուս-ուկրաինական սահմանին ներկայումս առկա լարվածության վերաբերյալ։ Սկսած 2014թ․ Ղրիմի թերակղզու ապօրինի բռնակցումից և Ուկրաինայի դեմ ընթացող ռազմական ագրեսիայից՝ Ռուսաստանը պետական մակարդակով շարունակական և համակարգված ապատեղեկատվական քարոզարշավ է իրականացրել՝ ուղղված ռուս բնակչությանը, Ռուսաստանի հարևան երկրներին, Եվրամիությանը և դրանից դուրս՝ նպատակ ունենալով ազդել մասնավորապես հանրային կարծիքի վրա։ Հիմնվելով պետական վերահսկողության տակ գտնվող ԶԼՄ-ների և կրեմլամետ լրատվամիջոցների ավելի լայն «էկոհամակարգի» վրա՝ Ռուսաստանի իշխանությունները ջանք չեն խնայել Ուկրաինային նսեմացնելու, այն ներկայացնելու որպես սպառնալիք համաշխարհային անվտանգությանը և քննադատելու միջազգային հանրությանը՝ Ուկրաինայի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում նրա անկախությանը սատարելու համար։ Ռուսական քարոզարշավը նաև ուղղակիորեն թիրախավորել է Եվրոպական միությանը և այլ դերակատարների, մասնավորապես՝ ՆԱՏՕ-ին, ներկայացնելով վերջիններիս որպես ենթադրյալ հարձակողական բնույթի սպառնալիքներ Ռուսաստանի «անվտանգության օրինական մտահոգությունների» նկատմամբ։ Ռուսական զինուժի և զինտեխնիկայի վերջին կուտակումներից հետո, որոնք սկսվել են 2021թ․ գարնանից Ուկրաինայի սահմանին և ապօրինի կերպով բռնակցված Ղրիմի թերակղզում, ապատեղեկատվության այս հեղեղն ավելի է սաստկացել։

Այս հոդվածում դիտարկում ենք Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությանն առնչվող առավել տարածված և վտանգավոր միֆերը, և հաճախ՝ բացահայտ սուտ տեղեկությունները։

Միֆ 1․ «Ներկայիս լարվածության պատճառը Ուկրաինայի և Արևմուտքի նրա դաշնակիցների մշտական ագրեսիվ պահվածքն է։ Ռուսաստանը չի անում ոչինչ, բացի իր օրինական շահերը պաշտպանելուց, և պատասխանատու չէ այս հակամարտության համար»:

Սխալ է։. Փաստն այն է, որ Ռուսաստանը շարունակում է խախտել միջազգային իրավունքը, ինչպես նաև այլ համաձայնագրեր, որոնց նա կողմ է։ Ապօրինի կերպով բռնակցելով Ղրիմի թերակղզին և զինված հարձակողական գործողություններ իրականացնելով Ուկրաինայի դեմ՝ Ռուսաստանը, որը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներից մեկն է, խախտել է առնվազն 12 միջազգային և երկկողմ դաշնագիր։ Դրանց թվում են՝ ՄԱԿ-ի կանոնադրությունը, Հելսինկյան եզրափակիչ ակտը և Փարիզի հռչակագիրը, որոնք երաշխավորում են պետությունների ինքնիշխան հավասարությունն ու տարածքային ամբողջականությունը, սահմանների անձեռնմխելիությունը, ուժի սպառնալիքից կամ դրա կիրառումից զերծ մնալը և պետությունների ազատությունը՝ ընտրելու կամ փոխելու իրենց սեփական անվտանգության ապահովման միջոցառումները:

Այլ կերպ ասած՝ Ռուսաստանի գործողությունները, որոնք խաթարում և սպառնում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և անկախությանը, մասնավորապես՝ Դոնբասում, անօրինական են։ Դրանք շարունակում են սպառնալ եվրոպական անվտանգության հիմնական համակարգին և վտանգի ենթարկել միջազգային օրենքների վրա հիմնված կառուցակարգը։

Մարդկային կորուստների առումով՝ Ուկրաինան լուրջ կորուստներ է կրել Ռուսաստանի հետ շարունակվող հակամարտության ընթացքում։ Ռուսաստանի ագրեսիայի զոհ են գնացել շուրջ 14000 ուկրաինացիներ, և վիրավորվել են շատ ավելի մեծ թվով մարդիկ։ Հակամարտության պատճառով նաև Ղրիմի թերակղզուց և արևելյան Ուկրաինայից տեղահանվել է ավելի քան 1,5 միլիոն բնակիչ (ներքին տեղահանվածներ)։

Միֆ 2․ «Ուկրաինայում տիրող իրավիճակն է հանգեցրել այս հակամարտությանը: Ապացույցներ կան, որ Ուկրաինան վայրագություններ է իրականացնում երկրի արևելքում բնակվող ռուսալեզու իր բնակչության նկատմամբ։ Ռուսաստանը պետք է միջամտի, մասնավորապես նաև այն պատճառով, որ Ուկրաինան և Ռուսաստանը «մեկ ազգ են»: Ուկրաինան պարզապես պատկանում է Ռուսաստանի «ազդեցության արտոնյալ գոտուն»»։

Սխալ է։ Այն պնդումները, թե Ուկրաինան հարձակվում է իր տարածքի վրա և հետապնդում սեփական քաղաքացիներին, անհեթեթ են։ Ռուսաստանի ռազմական ագրեսիայի նկատմամբ երկրի ներքին աջակցությունն ստանալու համար ռուսական պետական վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցներն անխոնջ կերպով փորձել են վատաբանել Ուկրաինային՝ մեղադրելով նրան արևելյան Ուկրաինայում ենթադրյալ ցեղասպանության մեջ, անհիմն զուգահեռներ անցկացնելով նացիզմի և Երկրորդ համաշխարհային պատերազմի հետ և հորինելով պատմություններ՝ ուղղված լսարանի մոտ բացասական զգացմունքային արձագանք ստեղծելուն։

Նման շինծու պատմությունների բազմաթիվ դեպքեր կան, որոնցից լավագույն օրինակ է հանդիսանում Ռուսաստանի հեռուստատեսային հայտնի ռեպորտաժը, որում ուկրաինական ուժերը մեղադրվում էին արևելյան Ուկրաինայում հակամարտության սկզբին մի երիտասարդ տղայի խաչելու մեջ։ Փաստերի ստուգման հարթակներն արագորեն ապացուցեցին, որ այդ պատմությունն ամբողջությամբ հորինված է։ Նմանատիպ պատմություններ շարունակում են հորինվել։

Իրականում ապացույցներ չկան, որ Ուկրաինայի արևելքում ռուսալեզու կամ էթնիկ ռուս բնակիչները ենթարկվում են հալածանքների, առավել ևս՝ ցեղասպանության, Ուկրաինայի իշխանությունների կողմից: Դա հաստատվել է Եվրոպայի խորհրդի, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի, և ԵԱՀԿ-իկողմից հրապարակած զեկույցներում։

Հաճախ օգտագործվող այն պնդումը, որ Ուկրաինան և Ռուսաստանը «մեկ ազգ են», Ուկրաինայի դեմ օգտագործվող ամենահին և ամենախոր արմատներ ունեցող միֆերից մեկն է: Նույնիսկ երկարաժամկետ պատմական տեսանկյունից այս փաստարկը չի համապատասխանում իրականությանը։ Թեև այս երկու ժողովուրդներն ընդհանուր արմատներ ունեն, որոնք սկիզբ են առնում Կիևյան Ռուսիայից, որը գոյություն է ունեցել 9-րդ դարից մինչև 13-րդ դարի կեսերը, պարզապես ճիշտ չէ 800 տարի անց պնդել, որ ուկրաինացիներն ու ռուսները մեկ ազգ են: Չնայած օտարերկրյա կառավարման երկարատև ժամանակաշրջանին՝ Ուկրաինան ունի ուժեղ ազգային մշակույթ ու ինքնություն և ինքնիշխան երկիր է:

«Համառուսաստանյան ազգ» հասկացությունը, որը քաղաքական սահմաններ չունի, գաղափարական կառույց է, որն սկիզբ է առնում կայսերական ժամանակներից և օգտագործվել է որպես Ուկրաինայի ինքնիշխանությունն ու ազգային ինքնությունը ճնշելու գործիք: 2014թ․-ից սկսած՝ Ռուսաստանի կառավարությունը նոր եռանդով զարգացրել է այս միֆը` փորձելով իմաստավորել և արդարացնել Ուկրաինայի դեմ իր ռազմական ագրեսիան:

«Ազդեցության ոլորտներ» հասկացությունները տեղ չունեն 21-րդ դարում։ Ինչպես բոլոր ինքնիշխան պետությունները, Ուկրաինան ազատ է որոշելու իր ուղին, իր արտաքին և անվտանգության քաղաքականությունն ու դաշինքները, ինչպես նաև իր մասնակցությունը միջազգային կազմակերպություններին և ռազմական դաշինքներին:

Նպատակ ունենալով առաջ մղել այն գաղափարը, որ Ուկրաինան պատկանում է Ռուսաստանի «ազդեցության ոլորտին»՝ ռուսական իշխանությունները և պետական վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցները հաճախ պնդում են, որ Ուկրաինան «իրական» պետություն չէ: Պետության կողմից հովանավորվող ռուսական քարոզչությունը փորձում է խեղաթյուրել պատմությունը՝ նպատակ ունենալով օրինականացնել այն գաղափարը, որ Ուկրաինան պատկանում է Ռուսաստանի բնական շահերի գոտուն:

Միֆ 3․ «Ամեն դեպքում, Ուկրաինան պետք է դառնա դեպի Ռուսաստանը, քանի որ ԵՄ-ն և Արևմուտքը հետաքրքրված չեն այդ երկրով և լքել են նրան»:

Սխալ է։. ԵՄ-ն ռազմավարական գործընկերության մեջ է Ուկրաինայի հետ։ Իրականում, Ուկրաինան դարձել է ԵՄ-ի ամենամոտ գործընկերներից մեկը, և այդ գործընկերությունը վերջին տարիներին ամրապնդվել է ԵՄ-Ուկրաինա Ասոցացման համաձայնագրով և Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրով։ Ներկայումս ԵՄ-ն Ուկրաինայի ամենամեծ առևտրային գործընկերն է, որը կազմում է նրա առևտրի ավելի քան 40%-ը: ԵՄ-ն, իր Արևելյան գործընկերության շրջանակներում, աջակցում է Ուկրաինայում իրականացվող մի շարք ծրագրերի և սատարում է Ուկրաինային իր բարեփոխումների օրակարգի իրականացման հարցում: 2014թ․-ից սկսած՝ ԵՄ-ն Ուկրաինային տրամադրել է 17 միլիարդ եվրոյի համարժեք վարկեր և դրամաշնորհներ։

2014 թ․-ից ի վեր՝ ԵՄ-ն հաստատապես աջակցել է Ուկրաինայի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և անկախությանը՝ իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում, և սահմանափակումներ է կիրառել Ռուսաստանի դեմ՝ Ուկրաինայի, ներառյալ Ղրիմի թերակղզու, միտումնավոր ապակայունացման համար։ ԵՄ-ն նաև աջակցում է Ուկրաինային՝ ապատեղեկատվության և կիբերհարձակումների նկատմամբ նրա դիմադրողականությունն ուժեղացնելու գործում։

Միֆ 4․ «Ներկայիս ճգնաժամի համար մեղավոր է ՆԱՏՕ-ն և Արևմուտքը։ Եթե նրանք իրականացնեին դաշինքը չընդլայնելու մասին իրենց խոստումը, Ռուսաստանը վտանգ չէր զգա»։

Սխալ է։. Նման խոստում երբեք չի տրվել, ոչ էլ երբևէ պահանջվել ՆԱՏՕ-ից։ Ռուսաստանի պետական վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցները հաճախ են հայտարարում, որ Խորհրդային Միության ղեկավար Միխայիլ Գորբաչովին «բանավոր» խոստում է տրվել, որ ՆԱՏՕ-ն չի ընդլայնվի վերամիավորված Գերմանիայի սահմաններից դուրս: Իրականում, հենց ինքը՝ Գորբաչովը, 2014 թ․-ի մի հարցազրույցի ժամանակ հերքել է այս պնդումը՝ ասելով, որ «ՆԱՏՕ-ի ընդլայնման թեման ընդհանրապես չի քննարկվել, և այդ տարիներին դրան անդրադարձ չի եղել։ Ես սա հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ։ Արևելյան Եվրոպայի ոչ մի երկիր չի բարձրացրել այդ հարցը, նույնիսկ այն բանից հետո, երբ 1991թ․-ին Վարշավայի պայմանագիրը դադարեց գոյություն ունենալ»:

Ուստի, այս ենթադրյալ բանավոր պայմանավորվածությունները հորինվածք են։ ՆԱՏՕ-ի անդամները երբեք որևէ քաղաքական կամ իրավաբանորեն պարտադիր պարտավորություն չեն ստանձնել՝ վերամիավորված Գերմանիայի սահմաններից դուրս դաշինքը չընդլայնելու մասին:

Այն պնդումը, թե ՆԱՏՕ-ն խոստացել է չընդլայնվել, լիովին խեղաթյուրում է դաշինքի բնույթը: ՆԱՏՕ-ն՝ որպես պաշտպանական դաշինք, չի «ընդլայնվում» իմպերիալիստական իմաստով։ ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ որոշումներն ընդունվում են յուրաքանչյուր առանձին դիմող երկրի և ՆԱՏՕ-ի ներկայիս 30 անդամ-երկրների կողմից։ Յուրաքանչյուր ինքնիշխան պետություն կարող է ընտրել իր ուղին, իսկ սահմանակից պետությունները, այս դեպքում՝ Ռուսաստանը, միջամտելու իրավունք չունեն։

Միֆ 5․ «ՆԱՏՕ-ի ագրեսիվ ընդլայնման պատճառով Ռուսաստանն այժմ «շրջափակված է թշնամիներով» և պետք է պաշտպանվի»:

Սխալ է։ Ոչ մի երկիր կամ դաշինք չի պատրաստվում ներխուժել Ռուսաստան։ Ոչ ոք չի սպառնում Ռուսաստանին։ Իրականում, ԵՄ-ն և Ուկրաինան Եվրոպայում հաստատված անվտանգության համակարգի լիարժեք կողմնակիցներ են։ Հարկ է հիշել, որ Ռուսաստանն իր տարածքով աշխարհի ամենամեծ երկիրն է՝ ավելի քան 140 միլիոն բնակչությամբ, և ունի աշխարհում ամենամեծ թվով զինված ուժերը՝ միջուկային զենքերի ամենամեծ քանակով։ Անիմաստ է ներկայացնել Ռուսաստանը որպես խիստ սպառնալիքի տակ գտնվող երկիր։ Աշխարհագրական տեսանկյունից՝ Ռուսաստանի ցամաքային սահմանի ավելի պակաս, քան մեկ տասնվեցերորդն է սահմանակից ՆԱՏՕ-ի անդամ-երկրներին։ Ռուսաստանին սահմանակից 14 երկրներից միայն հինգն են ՆԱՏՕ-ի անդամ։

Չկա նաև որևէ հիմնավոր փաստարկ, որը կհաստատի, որ ռազմական ուժը միակ լուծումն է։ Գոյություն ունեն մի շարք միջազգային կազմակերպություններ, երկկողմանի համաձայնագրեր և ձևաչափեր, որոնց միջոցով Ռուսաստանը կարող է ներգրավվել գործակցային և խաղաղ երկխոսության մեջ, այդ թվում՝ ԵԱՀԿ-ի և սպառազինությունների վերահսկման ռեժիմների շրջանակներում: ԵՄ-ն բաց է պահում Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները՝ Ռուսաստանի հետ տարվող ԵՄ-ի քաղաքականության հինգ հիմնական սկզբունքների հիման վրա: Հաղորդակցության հաստատված ձևաչափերի պակաս չի զգացվում։ Սակայն որպես ինքնիշխան երկիր՝ Ուկրաինան իրավունք ունի որոշելու իր քաղաքականությունը և ընտրելու, թե ինչ դաշինքների անդամակցել։ Այն տեսակետը, որ Ռուսաստանը պետք է վետոյի իրավունք ունենա Ուկրաինայի ինքնիշխան որոշումների նկատմամբ, անհիմն է։ Այս առումով, ոչ ԵՄ-ն, ոչ էլ ՆԱՏՕ-ն չեն հայտարարում, որ վետոյի իրավունք ունեն, թե որ պետությունները կարող են լինել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ, քանի որ ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն այդ պայմանագրի կողմ չեն հանդիսանում։

Միֆ 6․ «Ամեն դեպքում, Ռուսաստանը պատասխանատու չէ Ուկրաինայում ստեղծված ներկայիս լարվածության համար։ Ուկրաինան միտումնավոր կերպով խախտել է Մինսկի համաձայնությունները, իսկ Արևմուտքը շարունակում է զինել Ուկրաինային։ Ռուսաստանը պետք է արագ արձագանքի՝ իր սահմանները պաշտպանելու համար։ Սադրանքները գալիս են Արևմուտքից»։

Սխալ է։ Իրականում, Ռուսաստանն է Ուկրաինայի սահմանների մոտ, այդ թվում՝ ապօրինի կերպով բռնակցված Ղրիմի թերակղզում, կուտակել 140,000 զինծառայող և զինտեխնիկա։

Ռուսաստանը Մինսկի համաձայնությունների կողմ է հանդիսանում, և դրանք ամենավերջին պաշտոնական փաստաթղթերն են, որոնցում Ռուսաստանն ընդունել է Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Սակայն Ռուսաստանն իր կողմից չի ապահովել Մինսկի համաձայնագրի կատարումը։ Ռուսական կողմը և իր դաշնակիցները չեն պահպանել հրադադարի ռեժիմը, չեն հեռացրել բոլոր ծանր զինատեսակները, չեն իրականացնել «բոլորը բոլորի դիմաց» քաղբանտարկյալների փոխանակում և չեն ապահովել մարդասիրական օգնության տրամադրումը՝ միջազգային մեխանիզմների հիման վրա։ Ընդհակառակը՝ Ռուսաստանն ավելի է ընդլայնել ապօրինի զինված կազմավորումների առկայությունը Ուկրաինայի արևելքում։ Ռուսաստանը նաև թույլ չի տալիս ԵԱՀԿ Հատուկ դիտորդական առաքելության (SMM) դիտորդների անխոչընդոտ մուտքը, այդ թվում նաև՝ ռուս-ուկրաինական սահման, որտեղ (շատ սահմանափակ) դիտորդական առաքելությունը կասեցվեց 2021թ․ ամռանը Ռուսաստանի վետոյի պատճառով:

Առանց հրադադարի ռեժիմի ամբողջական պահպանման, ծանր սպառազինությունների դուրսբերման, ինչպես նաև ԵԱՀԿ դիտորդական առաքելության կողմից բոլոր տարածքներ լիարժեք մուտքի թույլտվության՝ դժվար է քննարկել Մինսկի երկրորդ համաձայնագրի քաղաքական դրույթների իրականացման հարցը։ Այդուհանդերձ, Ուկրաինան առավելագույնս իրականացրել է Մինսկի համաձայնությունները և պահպանել է բոլոր կետերը՝ այնքանով, որքանով ողջամտորեն հնարավոր էր՝ չունենալով վերահսկողություն տարածքի նկատմամբ։ Այն ընդունել է (և երկարացրել գործողության ժամկետը) հատուկ կարգավիճակի և համաներման մասին օրենսդրություն (2014թ.), ինչպես նաև նախապատրաստել է տեղական մարմինների ընտրությունների մասին օրենսդրության նախագիծ (2014թ.): Ուկրաինան կատարել է սահմանադրական փոփոխություններ՝ այս պահին իր վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներին ավելի մեծ ինքնավարություն տրամադրելու համար (2015թ.):

Միֆ 7․ «ԵՄ-ն ամեն դեպքում թույլ է և անկարևոր։ Ի՞նչ իմաստ ունի նույնիսկ փորձել բանակցել ԵՄ-ի հետ»:

Սխալ է։ Ռուսական քաղաքական իշխող շրջանակները ջանք չեն խնայել աշխարհին համոզելու, որ ԵՄ-ն թույլ է և շահագրգռված չէ միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման մեջ: Ռուս պաշտոնյաները և պետական լրատվամիջոցները մշտապես ներկայացնում են ԵՄ-ն որպես անկարևոր և անկարող ճգնաժամերի լուծման հարցում՝ թե՛ Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության, և թե՛ որևէ այլ միջազգային հարցի առնչությամբ: 2022թ․ հունվարին արտգործնախարար Սերգեյ Լավրովը նույնիսկ մեղադրեց ԵՄ-ին «անզորության» մեջ։

Ընդամենը այն փաստը, որ Եվրոպայում խաղաղություն է տիրում երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր, բավարար ապացույց է՝ այս պնդումը հերքելու համար: ԵՄ-ն՝ ՄԱԿ-ի, ՆԱՏՕ-ի, ԵԱՀԿ-ի, Եվրոպայի խորհրդի, G7-ի անդամների և այլ միջազգային գործընկերների հետ համատեղ, զգալի ներդրում է ունեցել խաղաղության և անվտանգության ապահովման հարցում ընդլայնված եվրոպական տարածաշրջանում և դրանից դուրս, այդ թվում նաև՝ Ուկրաինայում:

ԵՄ-ն նաև աշխարհի ամենամեծ ինտեգրված տնտեսական գոտին է և Ուկրաինայի ամենախոշոր առևտրային գործընկերը: ԵՄ-ի և Ուկրաինայի միջև կնքված հավակնոտ Ասոցացման համաձայնագիրն ավելի է մոտեցնում Ուկրաինային և ԵՄ-ին՝ աջակցելով Ուկրաինայի բարեփոխումներին, բացելով ԵՄ-ի միասնական շուկան, տարբեր ոլորտներում ներդաշնակեցնելով օրենքները, չափանիշները և կանոնակարգերը: