Բելառուս. ինչպես են անկախ լրատվամիջոցները և ակտիվիստները շարունակում ամեն հարցում ռիսկի դիմել

Embed

EUvsDisinfo-ն կանոնավոր կերպով հետևում է, թե ինչպես է Լուկաշենկոյի անօրինական ռեժիմը չարաշահում երկրի իրավական համակարգը և անվտանգության ապարատը` լռեցնելու երկրում մնացած մի քանի անկախ ձայնը: Թիրախում են լրագրողները, մարզային լրատվամիջոցները, Telegram-ի ալիքներն ու նրանց հետևորդները և ընթերցողները:

Բելառուսում խոսքի ազատության իրացումը դժվար էր նույնիսկ 2020 թվականի օգոստոսին կայացած կեղծված ընտրություններից առաջ։ Սակայն դրանից հետո ռեժիմի ճնշումն ուժեղացավ։ Դեպքերն ու օրինակներն այնքան շատ են, որ բոլորը թվարկելը հարյուրավոր էջեր կպահանջի:

Ստորև ամփոփ ներկայացնում ենք անցած ամիսների ընթացքում Լուկաշենկոյի ռեժիմի կատարած քայլերը: Այն ներառում է՝ լրագրողների հետապնդումը, շինծու կամ անհեթեթ մեղադրանքների կիրառումը, բանտարկության դաժան դատավճիռները, հարկադիր «խոստովանությունները» և ճնշումներն ակտիվիստների ընտանիքի և ընկերների նկատմամբ, սոցիալական ցանցերի հետագա ճնշումը և բիզնես միջավայրի խեղաթյուրումը, օգտահաշիվների հետ մանիպուլյացիաները և ավելի սերտ շփումը ռուսական ԶԼՄ-ների ղեկավարության հետ։ Սպասեք ավելի շատ բռնաճնշումների:

Մարտ, 2022 թ.

Լրագրողներին հետապնդում են անհեթեթ մեղադրանքներով։ Մարտի 15-ին «Նաշա նիվա»-ի գլխավոր խմբագիր Եգոր Մարտինովիչը և խմբագիր Անդրեյ Սկուրկոն 2,5 տարվա ազատազրկման են դատապարտվել Մինսկում թերթի գրասենյակի կոմունալ վճարումների համար իբր սխալ դրույքաչափեր կիրառելու համար։ «Նաշա նիվա»-ն ամենահանրահայտ բելառուսալեզու անկախ լրատվամիջոցն է Բելառուսում: ԿԳԲ-ն բելառուս լրագրող Ձյանիս Իվաշինին, ով 2021 թվականի մարտից ճաղերի հետևում է, մեղադրել է ուկրաինական հատուկ ծառայությունների հետ համագործակցելու և պետական դավաճանության մեջ։ Իվաշինը համագործակցել է «Նովի չաս» («Նոր ժամանակ») անկախ լրատվամիջոցի և ուկրաինական «InformNapalm» հակաապատեղեկատվական նախաձեռնության հետ:

Բելառուսում քարոզչություն տարածող Telegram ալիքներում զգալիորեն աճել է «ինքնախոստովանական» տեսահոլովակների թիվը։ Շաբաթական տասնյակ տեսանյութեր շարունակում են հայտնվել Telegram-ում, որտեղ մարդիկ ներողություն են խնդրում ենթադրյալ սխալ արարքների համար, ինչպիսիք են՝ սպիտակի և կարմիրի արգելված համակցություններով գովազդային պաստառներին սեղմելը:

«5-րդ շարասյան» որոնում։ Թիրախավորվել են բնակչության տարբեր սոցիալական և մասնագիտական շերտեր: Օրինակ՝ Ուկրաինա ռուսական ներխուժման նախաշեմին ռուս զինվորականներն օգտագործում էին բելառուսական երկաթուղային ենթակառուցվածքը: Դրանից ի վեր՝ ռեժիմի կողմնակիցները Բելառուսի երկաթուղային համակարգի տասնյակ աշխատակիցների ստիպել են «ինքնախոստովանական տեսանյութեր» տեսագրել, որոնք տեղադրվել են ռեժիմամետ Telegram ալիքներում։ Աշխատակիցները «խոստովանել են» իրավախախտումներ անելը և ասել են, որ պատկանում են «Երկաթուղայինների համայնք» տելեգրամյան ալիքին, որը բելառուսական ռեժիմի կողմից ճանաչվել է որպես «ծայրահեղական»:

Անչափահասներին ևս ստիպել են խոստովանություններ անել ռեժիմամետ Telegram ալիքներում։ Օրինակ՝ երկու բելառուս դեռահաս աղջիկներ խոստովանել են, որ իբր իրենց TikTok օգտահաշիվներում տեղադրել են Բելառուսում ռազմական տեխնիկայով տեսանյութեր: Մենք չենք տեղադրում այդ վրդովեցուցիչ տեսանյութերի հղումները, որպեսզի չխրախուսենք դրանց տարածումը:

Վիքիպեդիայի հեղինակները հետապնդվում են: Բելառուսական Wikipedia-ի ակտիվիստ Մարկ Բերնշտեյնը 15 օրով ձերբակալվել է «ֆեյքային հակառուսական նյութեր տարածելու համար»։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ ռուսական քարոզչական տելեգրամյան ալիքը հրապարակեց Բերնշտեյնի անձնական տվյալները և մեղադրեց նրան, ռուսական ներխուժման վերաբերյալ Վիքիպեդիայի հոդվածում ուղղում կատարելու միջոցով, Ուկրաինայի պատերազմի քննադատությունն արգելող ռուսական նոր օրենքը խախտելու մեջ: Բերնշտեյնը պահվել է կալանքի տակ և մեկ ամիս անց դատապարտվել երեք տարվա ազատության սահմանափակման և ազատ արձակվել կալանքից։ Վիքիպեդիայի մեկ այլ հեղինակ՝ Պավել Պերնիկովը, դատապարտվել է երկու տարվա ազատազրկման՝ 2020 թվականին Բելառուսում նախընտրական ցույցերի և բռնաճնշումների մասին հոդվածների համահեղինակության համար։

Ճնշումներ լուրերի ագրեգատորների վրա։ Մարտի 22-ին հրապարակվեց Լուկաշենկոյի հրամանագիրը առցանց լուրերի ագրեգատորների մասին: Հրամանագրում ասվում է, որ եթե ագրեգատորն իր լրահոսում հոդված է տեղադրում պաշտոնապես սահմանափակված լրատվամիջոցից, ագրեգատորն ինքը կարող է բախվել սահմանափակումների: Թեև հրամանագիրը հատուկ ագրեգատորների չի հիշատակում, համարվում է, որ առաջին հերթին կընդգրկվեն Yandex-ը և Google News-ը: Այդպիսով, բելառուսական ռեժիմը փորձում է բելառուսական լսարանի համար փակել չվերահսկվող կամ օբյեկտիվ տեղեկատվության հասանելիության մնացած սողանցքները:

Ռուսաստանը սահմանափակել է բելառուսական անկախ առցանց լրատվամիջոցների հասանելիությունը, հավանաբար այն պատճառով, որ նրանք լուսաբանում են Ուկրաինայի դեմ պատերազմը, որոնց մարդիկ Ռուսաստանում ավելի հաճախ են հետևում: Իշխանությունները նաև սահմանափակել են Zerkalo.io (նախկինում՝ Tut.by), Nasha Niva, Euroradio, Belsat և այլ կայքերը:

Ապրիլ, 2022 թ.

Առևտրային գովազդի դրակոնյան մեթոդներով կանոնակարգումը: Լուկաշենկոն մարտի 31-ին «Զանգվածային լրատվամիջոցների զարգացման մասին» հրամանագիր ստորագրեց, որով կանոնակարգվում է առևտրային գովազդը: Հրամանագիրը 10% տուրք է սահմանում բաց տարածքներում կամ հասարակական տրանսպորտում գովազդ տեղադրելու համար. մնացած դեպքերում սահմանվում է 20% տուրք: Տուրքը վճարում են գովազդատուները և դրանք օգտագործվում են պետական լրատվամիջոցներին սատարելու համար: Եթե գովազդները տեղադրվում են ուղղակիորեն պետական լրատվամիջոցներում, տուրքը չի վճարվում: Հետևաբար, միջազգային բրենդների ցանկացած գովազդ Բելառուսում՝ անկախ նրանից, թե որտեղ է տեղադրվում, հովանավորում է պետական քարոզչությունը։

Առցանց սահմանափակումները շարունակվում են: Բելառուսում սահմանափակվել է կամավորների կողմից ղեկավարվող «Բելառուսի ձայն» մեդիա նախաձեռնության հասանելիությունը: Իշխանությունները «ծայրահեղական» են անվանել հայտնի անկախ տարածաշրջանային «Media Polesye» լրատվամիջոցի բովանդակությունը՝ ներառյալ նրա հրապարակումները Vkontakte-ում և Odnoklassniki-ում: Կայքի հասանելիությունը վաղուց սահմանափակվել է, և նրա աշխատակիցներն ազատվել են աշխատանքից։ Իշխանություններն ավելի վաղ քրեական գործ էին հարուցել ընդդեմ «Media Polesye»-ի սեփականատիրոջ: TikTok-ի բլոգեր Անդրեյ Բելյավսկին, ում օգտահաշվին ավելի քան 100000 մարդ է հետևում, դաժանաբար ձերբակալվել էր: Ռեժիմամետ տելեգրամյան ալիքները նրա «ինքնախոստովանական տեսանյութը» և ձերբակալման տեսանյութն են հրապարակել: Նա մեղադրվում է Լուկաշենկոյին վիրավորելու մեջ:

Ավելին, ռեժիմը Telegram-ի մի շարք ալիքներ պիտակավորեց որպես «ծայրահեղական», մինչդեռ Բելառուսի Գերագույն դատարանը հայտնի տելեգրամյան ալիքները՝ NEXTA-ն, NEXTA Live-ը և Luxta-ն դասակարգեց որպես «ահաբեկչական»: Ապրիլի 19-ին անվտանգության պաշտոնյաների հետ բարձր մակարդակի հանդիպման ժամանակ Լուկաշենկոն քննադատեց իր կողմնակիցներին՝ «ծայրահեղականների» հետ գործ ունենալիս ավելի նվիրված և վճռական չլինելու համար։ Որպես «ծայրահեղական» նշված են ոչ միայն բազմաթիվ լրատվամիջոցներ և ՀԿ-ներ, այլ նաև տպագիր նյութեր: Օրինակ՝ լրատվամիջոցներից մեկը հայտնել է, որ բելառուսական ռազմական խորհրդանիշների մասին «Բելառուսի ռազմական պատմությունը» վերնագրով հերալդիկ գիրքը Տեղեկատվության նախարարության կողմից ավելացվել է «ծայրահեղականների» ցուցակում:

Պետության կողմից վերահսկվող YouTube ալիքների դիտումների հետ կապված մանիպուլյացիաներ։ Բելառուսական հեռարձակող ընկերության YouTube ալիքի և այլ պետական վերահսկվող YouTube ալիքների դիտումների կտրուկ աճ է նկատվել 2022 թվականի մարտի վերջից ապրիլի սկիզբը, մասնավորապես՝ կապված Ուկրաինային վերաբերող տեսահոլովակների հետ։ Որոշ տեսանյութեր, որոնք սովորաբար մի քանի հազար դիտում էին ունենում, դիտել էին հարյուր հազարավոր, երբեմն՝ միլիոնից ավել անգամ: Այս թվերը կարող են զգալի գովազդային վճարումների արդյունք լինել, որոնք ներդրվել են Ուկրաինայում պատերազմի և Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների մասին կրեմլամետ լուսաբանման համար: Դիտումների ուռճացված թվերը վերադարձան սովորական չափերի ապրիլի վերջին:

Ուկրաինայում բելառուս մարտիկների մայրերի մասնակցությամբ տեսանյութեր: Բելառուսի ռեժիմի հետ կապված Telegram ալիքը տեսանյութ է հրապարակել 68-ամյա կնոջ՝ Կիևի և Ուկրաինայի համար կռվող բելառուս կամավորի մոր մասին, որում նա ասում է, որ ամաչում է որդու համար։ Տեսանյութի հետին պլանում ռուսական մարտական նշանն է՝ Z տառը։ Zerkalo.io-ն հարցազրույց էր անցկացրել նրա որդու հետ, ով հայտնել էր, որ մայրը տեսանյութին մասնակցել է ճնշման տակ: Ապրիլի 15-ին Իգոր Տուրը (գտնվում է ԵՄ պատժամիջոցների ցուցակում՝ Բելառուսի ռեժիմի համար քարոզչություն և ապատեղեկատվություն տարածելու համար)՝ պետական ONT հեռուստաալիքի հաղորդավարը, նմանատիպ տեսանյութ էր հրապարակել մեկ այլ բելառուս կամավորի մոր մասին: Նա դիմել է որդուն՝ ասելով, որ «ավելի լավ է մի քանի տարի անցկացնել բանտում՝ քո երկրում, քան սպանել մարդկանց»:

Մայիս, 2022 թ.

Հարյուրավոր Telegram ալիքներ՝ «ծայրահեղականների» ցանկում: Մայիսի դրությամբ՝ համաձայն պաշտոնական մեկնաբանությունների, «ծայրահեղականների» ցուցակում եղել է 633 տելեգրամյան ալիք, և տարեսկզբից ավելի քան 200 անձ ձերբակալվել է «ծայրահեղական» աղբյուրներից տեղեկատվություն տարածելու համար։ Ենթադրյալ ծայրահեղական տելեգրամյան ալիքները պարտադիր չէ, որ կենտրոնացած լինեն քաղաքական լուրերի վրա: Ekonomika Belarus («Բելառուսի տնտեսություն») տելեգրամյան ալիքը ևս անվանվել է «ծայրահեղական»: Որոշ դեպքերում տելեգրամյան ալիքները և առցանց լրատվամիջոցները պիտակավորվել են որպես «ծայրահեղական կազմավորումներ»:

«Ծայրահեղական» լինելը: Ի տարբերություն «ծայրահեղականի», երբ նման ալիքներին բաժանորդագրվելը համարվում է վարչական իրավախախտում, «ծայրահեղական կազմավորման» հետևորդ լինելը կարող է հանգեցնել քրեական մեղադրանքի և պատժվել մի քանի տարվա ազատազրկմամբ։ Միևնույն ժամանակ, մեծանում է նաև «ծայրահեղական» գրականության ցանկը։ «Բելառուսական ազգային գաղափարը» գիրքը ավելացվել է «ծայրահեղական» նյութերի ցանկին, իսկ ժամանակակից բելառուս գրող Ալհերդ Բախարևիչի «Եվրոպայի շները» վեպն այն գրքերի շարքում է, որոնք վերջերս անվանվել են «ծայրահեղական»:

Ավելի շատ «ծայրահեղական» լրատվամիջոցներ և շարունակվող սահմանափակումներ: Mediazone.Belarus կայքը և սոցիալական մեդիայի նրա բոլոր օգտահաշիվներն ավելացվել են «ծայրահեղական» ցուցակին: Chestnaya Gazeta («Ազնիվ լրագիր») նախագիծը, որը տարածվում է բելառուսական լուրերով pdf թռուցիկների տեսքով, անվանվել է «ծայրահեղական կազմավորում»: Իշխանությունները խուզարկել են տարածաշրջանային promogilev.by լրատվամիջոցի գրասենյակը: Orsha.ru-ի գլխավոր խմբագիր՝ լրագրող Իգոր Կազմերչակը, անցնում է նախագահին վիրավորելու համար հարուցված քրեական գործով: «Բելառուսները և շուկան» տնտեսական լրատվամիջոցի տնօրեն Կոնստանտին Զոլոտիխը ձերբակալվել է ԿԳԲ-ի կողմից, և նրան քրեական մեղադրանք է առաջադրվել ատելություն սերմանելու համար: Intex-Press անկախ թերթի լրագրող Յուրի Գոնցարևիչը ձերբակալվել է անկախ լրատվամիջոցներին ռուսական ռազմական տեխնիկայի լուսանկարներ ուղարկելու համար: Ռեժիմամետ տելեգրամյան ալիքները հրապարակել են նրա «ինքնախոստովանական տեսանյութը»: Մեկ այլ քրեական գործ՝ այս անգամ ահաբեկչական խմբավորում կազմակերպելու վերաբերյալ, հարուցվել է բելառուսական խոշորագույն տելեգրամյան ալիք NEXTA-ի հիմնադիր, բլոգեր Ստեփան Պուտիլոյի և նրա գործընկերների դեմ։

Ճնշումը լրատվամիջոցների աշխատակիցների և բլոգերների հարազատների վրա: Մայիսի 26-ին բելառուս օպերային երգչուհի Մարգարիտա Լևչուկի ծնողները կարճ ժամանակով կալանավորվել էին և մեծ տուգանքներ էին ստացել «ոստիկանությանը չենթարկվելու» համար։ Իշխանությունները նաև խուզարկել և ջարդուփշուր են արել բլոգեր Անդրեյ Պաուկի ծնողների բնակարանը և կալանավորել նրա ընկերներից մեկին։ Լևչուկը և Պաուկը երգիծական դուետի մասնակիցներ են, ովքեր երգում են քաղաքական թեմաներով: Նրանք հայտնի YouTube-ի ալիք են վարում: Հաղորդվել է նաև, որ քաղաքական դրդապատճառներով բանտարկված «Նաշա Նիվայի» գլխավոր խմբագիր Եգոր Մարտինովիչի մայրը հեռացվել է «Մաստացտվա» («Արվեստ») ամսագրից, որտեղ նա 1991 թվականից ղեկավարում էր ամսագրի երաժշտական բաժինը։

YouTube-ի, TikTok-ի և Instagram-ի բլոգերները շարունակվում են թիրախավորվել: «Ծայրահեղականների» ցուցակում ավելացել է YouTube-ի հայտնի Zhizn-Malina ալիքը (110,000 բաժանորդ), որը վարում է բլոգեր Նիկիտա Մելկոզերովը։ Այս YouTube-յան ալիքը հարցազրույցներ է հրապարակում, ի թիվս այլոց՝ քաղաքացիական ակտիվիստների, քաղաքական գործիչների և բելառուսական մշակույթի հայտնի գործիչների հետ: Instagram-ի բլոգեր Ռոստիսլավ Չեպուռնոյը, ով բելառուսական կաթի գործարանի աշխատակիցների բողոքի ցույցն էր հրապարակել, ձերբակալվել էր, և պետական լրագիրը նրա «ինքնախոստովանական տեսանյութն» էր առցանց հրապարակել: Ռեժիմամետ տելեգրամյան ալիքները ցուցադրեցին մի պատմություն դպրոցի ուսուցչի մասին, ով ռուսական զորքերի տեղակայման վայրն էր հայտնել Belsat հեռուստաալիքին: Նրան մինչև յոթ տարվա ազատազրկում է սպառնում։

Հաշվեհարդար բելառուսական պատմության գրքեր վաճառող վերջերս բացված գրախանութի դեմ: Ռեժիմն ավելի շատ է թիրախավորել բելառուսական ինքնության և մշակույթի հանրային դրսևորումները: 2022 թվականի առաջին կիսամյակում բելառուսերենով գրքեր հրատարակած չորս հրատարակչությունների գործունեությունը կասեցվել է։ Մայիսի 16-ին բելառուսական պետական մեդիա քարոզիչները քննադատեցին Մինսկում նոր բացված գրախանութը, որը բելառուսերենով պատմական գրքեր էր վաճառում: Մի քանի ժամ անց իրավապահ մարմինները խուզարկություն կատարեցին գրախանութում: Պետական քարոզիչները Բելառուսում գնալով ավելի շատ գործում են որպես պետական հսկիչ միավոր, որը վերահսկում է բելառուսական ինքնության դրսևորումները հանրային վայրերում և ուղղորդում պետական ապարատի ռեպրեսիվ գործողությունները դրանց դեմ:

Լուկաշենկոն ավելի ակտիվ «հակաքարոզչություն» է պահանջում: Մայիսի 31-ին Լուկաշենկոն բարձր մակարդակի հանդիպում անցկացրեց քարոզչության հարցերով: «Ամենակարևորն է կարողանալ հակաքարոզչություն տանել, ինչպես որ դա կոչվում էր Խորհրդային Միությունում»,- ասաց նա: Հանդիպումից հետո նախագահի աշխատակազմի ղեկավար ԿԳԲ-ի գեներալ-մայոր Իգոր Սերգեենկոն ասաց. «Դուք լրատվամիջոցներում կարող եք ասել, ինչ ուզում եք: Բայց ամենակարևորն է՝ դրա համար պատասխանատու լինել մարդկանց, հասարակության, ինքներդ ձեզ և օրենքի առջև»: Մինչդեռ, մարդու իրավունքների բելառուս պաշտպանները դեպք են փաստագրել, երբ քաղաքական պատճառներով ձերբակալված անձին ստիպել են կալանավայրի հատուկ սենյակում կանգնել և դիտել Լուկաշենկոյի ելույթները երեք գիշեր անընդմեջ (երեկոյան ժամը 8-ից մինչև առավոտյան 6-ը)։

Հունիս, 2022 թ.

Նոր «ծայրահեղական» մեդիան և «ահաբեկիչ» բլոգերները: Ավելի քան 50 նոր անվանում է ավելացվել ծայրահեղական նյութերի ցանկում, ներառյալ բելառուս ակտիվիստների ֆեյսբուքյան և ինստագրամյան անձնական օգտահաշիվները: Ի թիվս այլոց, «Բելառուսական մշակույթի խորհուրդ» նախագիծը, նրա կայքը և սոցիալական մեդիան ավելացվել են «ծայրահեղական կազմավորումների» ցանկում։ Մի քանի տելեգրամյան ալիքներ, ներառյալ Ուս Լուկաշենկո («Լուկաշենկոյի բեղերը») քաղաքական հումորային տելեգրամյան ալիքը, պիտակվեցին «ծայրահեղական կազմավորումներ»: ԿԳԲ-ն բլոգեր Իգոր Լոսիկին, ով 2021 թ. վերջին դատապարտվել էր 15 տարվա ազատազրկման, ավելացրեց ահաբեկիչների ցուցակին: Բլոգերների դեմ ռեպրեսիվ հետապնդումները շարունակվել են, և ռեժիմամետ տելեգրամյան ալիքները հրապարակել են TikTok-ի մի քանի բլոգերների «ինքնախոստովանական տեսանյութեր», ներառյալ Ալեքսեյ Բոնդարին, ում TikTok-յան լեքսմասկն ունի ավելի քան 57000 հետևորդ։

Վեց տարվա ազատազրկում լրագրողին և այլ բռնաճնշումներ լրատվության աշխատակիցների նկատմամբ: Հունիսի 8-ին Ազատություն ռադիոկայանի բելառուսական ծառայության անկախ լրագրող Անդրեյ Կուզնեչիկը դատապարտվեց վեց տարվա խիստ ռեժիմի ազատազրկման: Նա մեղադրվում էր «ծայրահեղական կազմավորման» ստեղծման մեջ: Հունիսի 6-ին սկսվեց խոշորագույն «Բելապան» անկախ լրատվական գործակալության գործով դատավարությունը: «Բելապան»-ի չորս աշխատակից, այդ թվում՝ գլխավոր խմբագիր Իրինա Լևշինան և «Բելապան»-ի նախկին տնօրեն Դմիտրի Նովոժիլովը, մեղադրվում են «ծայրահեղական կազմավորման կազմակերպման» և հարկային հանցագործությունների մեջ։ «Բելապան»-ի լրագրող Անդրեյ Ալեքսանդրովը ևս մեղադրվում է դավաճանության մեջ:

«Novy Chas» (Նոր ժամանակ) անկախ թերթի գլխավոր խմբագիր Օկսանա Կոլբը դատապարտվեց 2,5 տարվա ազատազրկման: Հետապնդման են ենթարկվել ավտոմեքենաների հետ կապված խոշորագույն abw.by կայքի և ՏՏ ոլորտի ամենախոշոր dev.by կայքի խմբագրական կազմերը։ Բելառուս լրագրող Թինա Պոլինսկայան տուգանվել է մոտ 1500 ԱՄՆ դոլար՝ իր պայուսակի վրա կապույտ և դեղին (Ուկրաինայի դրոշի գույները) ժապավեններ ունենալու համար: Իշխանությունները խուզարկել են նրա բնակարանը այն բանից հետո, երբ նա Facebook-ում քննադատական գրառում է կատարել ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդի՝ Բելառուս կատարած այցի վերաբերյալ: Ազատ լուսանկարիչ Եվգենի Երչակը, ով համագործակցում էր Tut.by-ի հետ, կալանավորվել է: «Եժեդնեվնիկ»-ի գլխավոր խմբագիր Սերգեյ Սացուկին ևս երկու քրեական մեղադրանք է առաջադրվել:

Բելառուսում քաղբանտարկյալների մասին մեր ավելի վաղ ներկայացված հոդվածը տե՛ս այստեղ:

Ավելի շատ մարդիկ են պիտակավորվել որպես «ահաբեկիչներ» քննադատական առցանց մեկնաբանությունների համար: Հունիսին բելառուսական ԿԳԲ-ն տասնյակ բելառուսների ավելացրեց ահաբեկիչների ցանկին: Այն ներառում է ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայային (աշխատում է Լիտվայից), բլոգերների և ակտիվիստների, ինչպես նաև սովորական քաղաքացիների, ովքեր քննադատական մեկնաբանություններ են հրապարակել անցյալ տարի փոխհրաձգության ժամանակ սպանված ԿԳԲ-ի սպայի մասին: Խոսքի ազատության իրացման համար խիստ պատիժները շարունակվում են։ Օրինակ՝ 57 տարեկան կինը Քննչական կոմիտեին ուղարկված նամակում Լուկաշենկոյին «ուզուրպատոր» անվանելու համար դատապարտվել է 1,5 տարվա բանտարկության: Շարունակվել են խիստ պատիժներ սահմանվել նաև այն մարդկանց նկատմամբ, ովքեր նկարահանել են Բելառուսում ռուսական զորքի տեղաշարժերը։ Օրինակ՝ 27 տարեկան կինը Բելառուսում ռուսական զորքի տեղաշարժերը նկարահանելու և «ծայրահեղական կազմավորմանը» ուղարկելու համար դատապարտվել է չորս տարվա տնային կալանքի:

Ավելի շատ «համակարգում» մեդիա ոլորտում Բելառուսի և Ռուսաստանի միջև: Հունիսի 27-ին Մոսկվայում հանդիպել են Բելառուսի Տեղեկատվության նախարար Վլադիմիր Պերցովը և Ռուսաստանի Դաշնության հաղորդակցման և ԶԼՄ-ների վերահսկողական ծառայության՝ Ռոսկոմնադզորի նախագահ Անդրեյ Լիպովը: Համաձայն Բելառուսի Տեղեկատվության նախարարության՝ նրանք քննարկել են «մեդիայի և առցանց տարածքում իրավական հարաբերությունների կարգավորման ժամանակակից միտումները»: Երկու կողմերը, ըստ երևույթին,է պլանավորում են համակարգել և ակտիվացնել անկախ լրատվամիջոցների հասանելիությունը սահմանափակելու իրենց ջանքերը:

YouTube-ի հասանելիությունը սահմանափակելու սպառնալիքներ: Բելառուսական հեռուստաընկերության նախագահ Իվան Էյսմոնտը սպառնացել է Բելառուսում ամբողջովին սահմանափակել մուտքը դեպի YouTube, եթե պետական լրատվամիջոցների YouTube ալիքները կասեցվեն։ «Եթե ոչ մի [պաշտոնական] բելառուսական [կոնտենտ] չմնա [սոցիալական ցանցերում], ապա մեծ հարց է՝ պե՞տք են արդյոք նման ցանցերը»,- ասել է Էյսմոնտը հարցազրույցում:

Հուլիս, 2022 թ.

Ավելի շատ սահմանափակումներ և «ծայրահեղական» պիտակավորված լրատվամիջոցներ։ European Radio for Belarus (Եվրոռադիո) լրատվամիջոցն անվանվել է «ծայրահեղական կազմավորում»: Տարածաշրջանային անկախ Hrodna.life մեդիա լրատվամիջոցը և նրա սոցիալական մեդիա օգտահաշիվները, ինչպես նաև լեհական ռադիոյի կայք՝ Polskieradio.pl-ն անվանվել են «ծայրահեղական»: Instagram-ի #svobodnayabelarus («#ազատբելառուս») հեշթեգը նույնպես ավելացվել է որպես «ծայրահեղական»: Առցանց մուտքը դեպի «Բելառուսները և շուկան» տնտեսական թերթը, vkletochku.org և politzek.me կայքերը (որոնք հեշտացնում էին հաղորդակցությունը քաղբանտարկյալների հետ) և Բելառուսի հետաքննական կենտրոն սահմանափակվել են: Arche.by-ը՝ բելառուսական պատմական ամսագրի կայքը, սահմանափակվել է «ծայրահեղական նյութերի վերահրապարակման» համար։

Ահաբեկչի պիտակ և 6,5 տարվա ազատազրկում սոցիալական ցանցերում հակապատերազմական նյութերի վերահրապարակման համար։ Անհատները շարունակում են ձերբակալվել անկախ լրատվամիջոցների կոնտենտը բաց չատերում և իրենց անձնական սոցիալական մեդիա օգտահաշիվներում վերահրապարակելու համար: Հուլիսի դրությամբ, ավելի քան 130 ազգությամբ բելառուս ավելացվել է «ահաբեկիչների ցանկին», հաճախ՝ ընդամենը «ծայրահեղական» կոնտենտ տարածելու համար:

Մարդու իրավունքների պաշտպանները զեկուցում են, որ 20-ամյա ուսանող Դանուտա Պերեդնյան դատապարտվել է 6,5 տարվա բանտարկության «Բելառուսի ազգային շահերին վնասելու» և «Լուկաշենկոյին վիրավորելու» համար: Նրա «հանցագործությունը» Telegram-ի չաթում մի տեքստի վերահրապարակումն էր, որը քննադատում էր Պուտինին և Լուկաշենկոյին՝ Ուկրաինայի դեմ պատերազմ մղելու համար: Ավելին, Պերեդնյան ավելացվել էր «ահաբեկիչների» ցանկին:

«Պետական դավաճանության» համար լրագրողը ևս ութ տարվա ազատազրկում է ստանում: Belsat-ի լրագրող Կատերինա Անդրեևան դատապարտվել է ութ տարվա բանտարկության «Բելառուսի պետական գաղտնիքներն օտար երկրի, միջազգային կամ օտարերկրյա կազմակերպությանը և նրանց ներկայացուցիչներին փոխանցելու համար»: Անդրեևան արդեն իսկ երկամյա պատիժ է կրում 2020 թվականի նոյեմբերին Մինսկում բողոքի ցույցի հեռարձակման համար։

Բռնաճնշումներ լրագրողների և TikTok-ի բլոգերների նկատմամբ: Լրագրող Յուրի Գոնցարևիչը դատապարտվել է 2,5 տարվա բանտարկության Բելառուսում ռուսական ռազմական տեխնիկայի լուսանկարները տարածելու համար: Առաջատար բելառուս ռազմական փորձագետ և բլոգեր Եգոր Լեբյադոկը կալանավորվել է կասկածելի մեղադրանքներով: Լրագրող Պավել Դայլիդը կալանավորվել է 2020 թվականին արտոնված ցույցի ժամանակ սպիտակ-կարմիր-սպիտակ դրոշ լուսանկարելու համար: Ռեժիմամետ տելեգրամյան ալիքները հրապարակել են դաժանորեն ծեծված TikTok-ի բլոգեր Ալեքսանդր Գուրնիկի «ինքնախոստովանական տեսանյութը»: TikTok-ի բլոգեր Յարոսլավ Վելիչկոն, ով ավելի քան 20000 հետևորդ ունի, կալանավորվել է: Ռեժիմամետ տելեգրամյան ալիքները հրապարակել են նրա «ինքնախոստովանական տեսանյութը»: Վերջերս իշխանությունները հիմնականում հետապնդում են TikTok-ի բլոգերներին, հավանաբար այն պատճառով, որ YouTube-ի բլոգերների մեծ մասն արդեն արտագաղթել է կամ բանտարկվել է, և Բելառուսում TikTok-ի աճող ժողովրդականության պատճառով:

Համաձայն Բելառուսի լրագրողների ասոցիացիայի, 2020 թվականից ի վեր՝ ավելի քան 400 լրագրող հեռացել է Բելառուսից:

Կատեգորիաներ

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ

EUvsDisinfo տվյալների բազայի դեպքերը կենտրոնանում են միջազգային տեղեկատվական տարածքում հաղորդագրությունների վրա, որոնք բացահայտվում են որպես իրականության մասնակի, խեղաթյուրված կամ կեղծ պատկերում և տարածում են Կրեմլամետ հիմնական հաղորդագրություններ: Այնուամենայնիվ, սա չի նշանակում, որ այս հրատարակությունը կապված Է Կրեմլի հետ կամ խմբագրական առումով կրեմլամետ է, կամ որ այն միտումնավոր փորձել է ապատեղեկացնել: EUvsDisinfo-ի հրապարակումները չեն արտացոլում ԵՄ պաշտոնական դիրքորոշումը, քանի որ դրանցում արտահայտված տեղեկատվությունն ու կարծիքները հիմնված են լրատվամիջոցների հաղորդագրությունների և East Stratcom-ի աշխատանքային խմբի վերլուծության վրա։

    ԿԻՍԵՔ ՄԵԶ ՀԵՏ ՁԵՐ ԿԱՐԾԻՔԸ

    Տեղեկություններ տվյալների պաշտպանության մասին *

      Subscribe to the Disinfo Review

      Your weekly update on pro-Kremlin disinformation

      Data Protection Information *

      The Disinformation Review is sent through Mailchimp.com. See Mailchimp’s privacy policy and find out more on how EEAS protects your personal data.