Read this article in HY

«Իմ ընկերը կարծում է, որ Բիլլ Գեյթսը մարդկությանը միկրոչիպավորելու է»։ Ի՞նչ անել։

05 Մարտի, 2021

Համառոտ ուղեցույց, թե ինչպես հաղորդակցվել այն մարդկանց հետ, ովքեր հավատում են պատվաստանյութի դեմ դավադրության տեսություններին

«Պատվաստումները շատ կարևոր են և ամենևին էլ վախենալու չեն։ Մի վայրկյանի գործ է», այսպես է մարաբու թռչունը հանգստացնում պատվաստումից սարսափած գետաձիուն 1966 թվականի խորհրդային մուլտֆիլմում։ Ավելի քան 50 տարի անց, COVID-19 համաշխարհային համաճարակի պայմաններում պատվաստանյութերը կարևոր են քան երբևէ, սակայն որոշ լրատվամիջոցների (այդ թվում՝ Կրեմլին ենթակա) հաղորդած տեղեկությունները հուսադրող չեն։

Համաճարակի ողջ ընթացքում համացանցի ամենամութ անկյուններում ծագած անհիմն պնդումները պատվաստանյութերի մասին, ինչպես, օրինակ՝ «Բիլլ Գեյթսը պատվաստելու է մարդկությանը միկրոչիպերով», նոր իմպուլս են ստացել Կրեմլին մերձ ապատեղեկատվական կետերում։ Ամենատարբեր տեսակի ապակողմնորոշող առողջապահական տեղեկությունները շարունակում են շրջանառվել սոցցանցերում՝ առաջացնելով խառնաշփոթ և էլ ավելի խորացնելով առողջապահական ճգնաժամը։

Շատերը պատվաստանյութերի մեջ Microsoft-ի «միկրոչիպերի» առկայության մասին պնդումները պարզապես անհեթեթ կհամարեն։ Իսկ մնացա՞ծը։ Ինչպե՞ս եք իրականում խոսում մեկի հետ, ով պաշտպանում է պատվաստանյութերի հետ կապված դավադրության տեսությունները, որոնց հետ առնչվում է առցանց միջավայրում։

Ներկայացնում ենք մի քանի խորհուրդ, որոնք կարող են օգտակար լինել.

Եթե սոցցանցերում հանդիպում եք պատվաստանյութերի վերաբերյալ ապատեղեկատվության կամ դավադրության տեսությունների, լավ կլինի նման հրապարակումների մասին հաղորդել այդ հարթակներին, քանի որ դրանք, ամենայն հավանականությամբ, դեմ են իրենց իսկ քաղաքականությանը։ Նման բովանդակության քննարկումների մեջ ներքաշվելը (նույնիսկ, եթե բացասական մեկնաբանություն եք թողնում) կարող է միայն նպաստել դրա հետագա տարածմանը։

Ի՞նչ անել, եթե պատվաստանյութերի վերաբերյալ ապակողմնորոշող պնդումներին ու ակնհայտ դավադրության տեսություններին հավատացող և դրանք տարածող անձը ձեզ մտերիմ մարդ է՝ ընկեր, սիրելի, հարևան։ Պնդումը, թե Հռոմի Պապը պահանջում է իր հետևորդներից պատվաստվել՝ ծառայություն մատուցելով համաշխարհային դեղագործական ընկերություններին, կարող է ծիծաղելի թվալ, բայց ծաղրելը, ամոթանք տալը կամ բարկանալը դրանով իսկապես մտահոգված մարդու վրա կարող է անարդյունավետ լինել։

Անկախ կրթությունից՝ մարդիկ կարող են կասկածներ և վախեր ունենալ, որոնք բխում են պատվաստանյութի անվտանգության և արդյունավետության վերաբերյալ հիմնավոր մտահոգություններից։ Հարգանքով և լսելու պատրաստակամությամբ մոտեցեք նրանց, դա իմաստալից և ազդեցիկ զրույց ունենալու կարևոր պայմաններից է։

Ակադեմիական հետազոտությունները հաստատում են, որ մենք պատվաստումների մասին որոշում կայացնում ենք ոչ միայն գիտական փաստերի կամ բժշկական փաստարկների, այլ նաև սոցիալական, մշակութային, տնտեսական և քաղաքական գործոնների, անձնական փորձի և բարոյական համոզմունքների հիման վրա։ Կարճ ասած՝ պատվաստանյութերի վերաբերյալ անհիմն պնդումներին հավատալու պատճառները շատ ավելին են, քան պարզապես գիտելիքների պակասը։

2017 թվականին ամերիկացի ծնողների երկու մեծ խմբերի շրջանում կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ վիճակագրորեն նշանակալի կապ գոյություն ունի պատվաստանյութերի նկատմամբ երկմտանքի և բարոյական արժեքների միջև (Nature Human Behaviour): Մարդիկ, ովքեր խիստ երկմտանք ունեին պատվաստանյութերի հանդեպ, համոզված էին, որ պատվաստանյութերը կաղտոտեն իրենց երեխաների «մաքուր» մարմինները։ Նրանք նաև կարծում էին, որ պետական մարմինները չպետք է «վերահսկեն» անհատի վարքագիծը։

Ապատեղեկատվության ոլորտի գործիչները շատ լավ գիտեն ինչպես չարաշահել և շահարկել նման համոզմունքները։ Սոցցանցերում պտտվող անհիմն պնդումները, թե իբր պատվաստանյութերը կարող են փոփոխել մարդու ԴՆԹ-ն կամ, որ դրանք վարակված են ՄԻԱՎ-ով, մալարիայով կամ «5G մասնիկներով», ավելի շատ ազդում են հույզերի վրա, քան փաստեր են ներկայացնում։ Նման պնդումները հարվածում են խորին համոզմունքներին՝ կապված մեր (և մեր երեխաների) մարմինները «անբնական», «կեղտոտ» կամ «վտանգավոր» ամեն ինչից պաշտպանելու անհրաժեշտության հետ: Իսկ պատվաստանյութերը հենց այդպիսին էլ ներկայացվում են։

Նաև, պնդելով, որ COVID-19-ի պատվաստանյութերն օգտագործվելու են որպես «միկրոչիպ պատվաստելու» և մարդկությանը վերահսկելու պատրվակ, նպատակ են հետապնդում շահարկել անհատի ազատության ու ինքնավարության վերաբերյալ մեր զգացմունքները (ի վերջո, պատվաստումների քաղաքականությունն առաջացնում է կոլեկտիվիզմի տարրեր)։

Դժվար և տհաճ է գիտակցել, որ մարդու բարոյական համոզմունքները կարող են հմտորեն օգտագործվել։ Փորձեք խրախուսել քննադատական ինքնավերլուծությունը՝ հարցեր տալով պատվաստանյութերի հետ կապված մտահոգությունների և վախերի վերաբերյալ։ Եվ պատրաստ եղեք լսելու առանց քննադատության։

Մարդիկ, ովքեր կասկածներ ունեն պատվաստանյութերի հարցում, հավանաբար չեն ցանկանում միտումնավոր վնասել իրենք իրենց կամ իրենց մտերիմներին։ Ինչպես մի ծնող ասաց TED talk-ի ընթացքում, երբ խոսքը վերաբերում է պատվաստանյութերին, ծնողների մեծ մասը «սարսափում է սխալ բաներ անելուց»։

Ստացվում է, որ պատվաստանյութերը դարձել են իրենց իսկ հաջողության զոհը։ Այսօր մենք կարդում ենք ջրծաղիկի և նման այլ հիվանդությունների մասին պատմության դասագրքերում, այլ ոչ թե լրատվական կայքերում, հենց այն պատճառով, որ պատվաստանյութերն օգնեցին արմատախիլ անել դրանք։ Բայց դա նաև ավելի «իրական» է դարձնում պատվաստանյութի հավանական կողմնակի ազդեցությունների ռիսկը (որքան էլ որ փոքր լինի), քան հենց հիվանդության վտանգը։

Կարո՞ղ է հենց դա է ձեր սիրելիի/ընկերոջ/հարևանի մտահոգությունը։ Արդյո՞ք նրանք ավելի շատ վախենում են պատվաստանյութից, քան հիվանդությունից միայն այն պատճառով, որ վերջինս սպասվում է ավելի հեռավոր ապագայում։ Նկատի ունեցեք, որ ապատեղեկատվության ոլորտի որոշ գործիչներ, այդ թվում նաև՝ Կրեմլին հարող լրատվամիջոցները և նրանց վստահված անձինք, տարածում են պնդումներ, որոնք սնում են հենց այս տրամադրությունները, օրինակ՝ պնդելով, որ կորոնավիրուսի ճգնաժամը արհեստականորեն ստեղծել են լրատվամիջոցները կամ «Big Pharma» ընկերությունը՝ ունենալով բիզնես շահեր։

Առողջության վերաբերյալ ամենաճիշտ որոշում կայացնելու անհրաժեշտության շուրջ համաձայնության գալը երկխոսության հնարավորություն է տալիս։ Խուսափեք «հերքումների շարքին» հետևելուց, ինչը կարող է հանգեցնել անտագոնիզմի և զայրույթի։ Փորձեք հաղորդակցվել հուզական և անձնական մակարդակում։ Ինչո՞ւ է ձեզ համար կարևոր, որ նրանք «ճիշտ» վարվեն, երբ խոսքը վերաբերում է պատվաստանյութերին։ Խոստովանեք, որ դուք անհանգստացած եք նրանց բարօրության համար: Սա կարող է հզոր խթան հանդիսանալ, որպեսզի նրանք վերանայեն իրենց տեսակետները։ Պատվաստանյութերին վստահելու մասին անձնական պատմությունները (կարող եք կարդալ ավելին պատվաստանյութերի անվտանգության երաշխիքների մասին) հաճախ կարող են ավելի համոզիչ լինել, քան վերացական պատճառաբանությունները։ Սա շատ կարևոր է, քանի որ դավադրության տեսության ազդեցությունը կարող է բացասական հետևանքներ ունենալ նույնիսկ այն մարդկանց վրա, ովքեր համամիտ չեն դավադրության տեսության հետ։

Վերջերս Ատլանտյան խորհուրդը կարևորեց մի հետազոտություն, որը պարզեց, որ պատվաստանյութերի դեմ առցանց խմբերն ավելի բազմազան պատմություններ են ներկայացնում, քան պատվաստանյութերի կողմնակից խմբերը։ Պարզ ասած՝ պատվաստանյութերի դեմ պնդումները հազվադեպ են վերաբերում հենց պատվաստանյութերին: Նրանք առնչվում են ավելի ընդհանուր թեմաների՝ կապված (այլընտրանքային) առողջության և ընդհանուր բարեկեցության հետ։ Այսպիսով, նրանք ավելի լայն ցանց են ստեղծում, քան պատվաստանյութերի շահերը պաշտպանող ավանդական պատմությունները, որոնք կենտրոնացած են գիտական և առողջապահական տվյալների վրա։

Օրինակ՝ «այլընտրանքային» բժշկությանը նվիրված և ուկրաինական լսարանի համար նախատեսված ֆեյսբուքյան մի էջում ներկայացված են մի շարք պնդումներ, որոնք կապում են կորոնավիրուսի պատվաստանյութերը «վտանգավոր» նանոմասնիկների և 5G տեխնոլոգիաների հետ։ Նույն էջը նաև խրախուսում է Այուրվեդայի բժշկության հրաշալիքները և սուրճի օգտակարությունը քաղցկեղով հիվանդների համար։

Դա չի նշանակում, որ սուրճը և Այուրվեդան իսկապես վնասակար են, բայց սոցիալական ցանցերում նման թեմաներին հետևող մարդիկ կարող են ակամա ենթարկվել պատվաստանյութերի վերաբերյալ ապակողմնորոշող և վնասակար տեղեկատվության ազդեցությանը։ Ավելին, եթե շատ մարդ է հավատում որոշ գաղափարների ճշմարտացիությանը, մենք նույնպես, ամենայն հավանականությամբ, ընդունում ենք դրանք որպես այդպիսին։ Ահա թե ինչու ձեր ներկայությունը դավադրության տեսության և ապատեղեկատվական խմբերում օգնում է այդ տեսակետներն արմատավորվել մեր սեփական մտածողության մեջ։

Եթե ձեր մտերիմը կամ ընկերը նմանատիպ «այլընտրանքային» խմբերի մեջ է, ուղղորդեք և խրախուսեք նրան հետևել այնպիսի էջերի և մարդկանց, ովքեր հետաքրքիր և հուսալի, փաստերի վրա հիմնված տեղեկատվություն են տարածում։ Ապատեղեկատվության նկատմամբ (այդ թվում նաև՝ պատվաստանյութերի մասին) անընկալունակություն ստեղծելու համար լավ միջոց է գիտնականների, անկախ լրատվամիջոցների, փաստերի ստուգման և նմանատիպ համայնքների հետ կապ հաստատելը ։

Մարդիկ, ովքեր ընդունում են դավադրության տեսությունները, հաճախ իրենք իրենց համարում են քննադատորեն մտածողներ։ Պատահական չէ, որ RT-ն՝ Կրեմլին մերձ ապատեղեկատվության առաջատար ալիքը, իր հանդիսատեսին կոչ է անում «ավելի շատ հարցեր տալ»։

Բայց ինչպես նշում է BBC-ի այս օգտակար հոդվածը, կասկածի ոգին իրականում առանցքային է ռացիոնալ մտքի համար։ Նպատակը դիմացինին պակաս հետաքրքրասեր կամ թերահավատ դարձնելը չէ, այլ փոխել նրանց հետաքրքրասիրության կամ թերահավատության առարկան։ Եվ սկսեք հարցեր տալ։

Դավադրության տեսությունները պատկերում են բարդ իրողությունները լայն և սրընթաց հարվածներով՝ «ամեն ինչ» բացատրելով և միանգամից տալով բոլոր հնարավոր հարցերի պատասխանները։ Ինչպես փաստարկել է սոցիոլոգ Ջոն Գանյոնը, «գիտական տեսության և դավադրության տեսության միջև տարբերությունն այն է, որ գիտական տեսությունն ունի խոռոչներ(գիտությանն անհայտ երևույթներ)»։ Համաշխարհային համաճարակի ժամանակաշրջանում դավադրության տեսությունների կողմից առաջարկված «ամենագետ» վստահությունը կարող է առօրյա հոգսերից ազատման միջոց դառնալ։ Մտածեք՝ արդյոք դիմացինը կդիմի կասկածելի աղբյուրների, որպեսզի բավարարի իր տեղեկատվական կարիքները։

Բացի այդ, ապատեղեկատվությունն օգտագործվում է ոչ միայն քաղաքական, այլ նաև առևտրային նպատակներով։ Ըստ Global Disinformation Index-ի՝ գովազդային տեխնոլոգիական ընկերությունները տարեկան քառորդ միլիարդ դոլար են վճարում հազարավոր ապատեղեկատվական կայքերի, որոնք գովազդներ են տեղադրում բազմաթիվ հայտնի ապրանքանիշերի համար։ Պատվաստանյութերի փոխարեն «այլընտրանքային» բժշկական միջոցներ խրախուսող կայքերը հաճախ տեղադրում են կասկածելի սննդային հավելումների գովազդներ՝ փորձելով ուղղակիորեն ֆինանսական օգուտ ստանալ իրենց այցելուներից։ Ապատեղեկատվություն տարածողները կարող են նաև «դրամական» օգուտ քաղել սոցիալական կայքերի հետևորդներից կամ օգտագործել նրանց՝ հեղինակություն ձեռք բերելու համար։

Փորձեք հարցնել դիմացինից, թե ո՞ւմ է նախընտրում լսել ու վստահել և ինչո՞ւ, երբ խնդիրն առնչվում է առողջությանը և պատվաստանյութերին։ Խրախուսեք նրան, որ մտածի, թե ինչպես է փնտրում և գնահատում տեղեկատվությունը, ինչպես նաև պատվաստանյութի դեմ հաղորդագրություններ տարածողների իրական դրդապատճառների մասին։

Եթե հետևեք այս քայլերին, միգուցե, կկարողանաք կառուցողական զրույց ունենալ և, ի վերջո, դուրս բերել ձեր ընկերոջը կամ սիրելիին դավադրության ճիրաններից: Բայց արագ արդյունքների մի սպասեք։

Առողջության և բարեկեցության վերաբերյալ մեր տեսակետներն ու զգացողությունները խորապես անհատական են և բարդ, և դժվար թե փոխվեն մեկ գիշերվա ընթացքում։ Բացի այդ, ինչպես նշում է Հալլի համալսարանի հաղորդակցման և փոխհարաբերությունների պրոֆեսոր Մարկ Լորչը, նոր տվյալները հակասություններ են ստեղծում մեր տեսակետներում, ինչը կարող է հուզական անհանգստություն առաջացնել։ Այնպես որ, եթե չափազանց շատ ճնշում գործադրեք, հավանականություն կա, որ դիմացինը արդարացումներ կգտնի և իրականում կամրապնդի իր տեսակետները՝ չնայած դրանց դեմ ապացույցներին։

Գթասրտություն ցուցաբերելով դիմացինի հանդեպ՝ նույնիսկ եթե դուք դեմ եք դավադրության տեսություններին, արդեն իսկ կարող եք փոփոխություն մտցնել համաշխարհային համաճարակի խթանած բարդ և անհանգստացնող մթնոլորտում։

Եթե հաջողեք, դուք միշտ կարող եք ցույց տալ ձեր ընկերոջը, սիրելիին կամ հարևանին մուլտֆիլմի գետաձիուն։ Հիշեք, որ պատվաստումները շատ կարևոր են և բոլորովին էլ վախենալու չեն։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք.