Read this article in EN RU IT ES FR DE PL BY HY AZ UA RO KA

Խաղ միջուկային զենքի հետ

18 Օգոստոսի, 2022

Ռուսաստանի չհրահրված և դաժան ագրեսիվ պատերազմն ընդդեմ Ուկրաինայի մոլեգնում է արդեն մոտ վեց ամիս: Եվ ճիշտ այնպես, ինչպես ողջ Ուկրաինայի մարտադաշտերում գտնվող զավթիչները, կրեմլամետ ապատեղեկատվության մոլեռանդ հետևորդները գնալով ավելի անխոհեմ և ատելությամբ լի են դառնում տեղեկատվական տարածքների «մարտադաշտերում»:

Մենք նախկինում գրել ենք, թե ինչպես է անզուսպ ատելության խոսքի վրա հիմնված ապատեղեկատվությունն օգտագործվել Ուկրաինայում՝ պատերազմի զոհերին արժեզրկելու նպատակով, ինչը և հանգեցրեց զավթիչների կողմից կատարված շատ իրական վայրագությունների Բուչայում, Մարիուպոլում և Կրամատորսկում՝ ընդամենը մի քանի օրինակ: Անգթությունը և մարդկանց վրա իրենց խոսքի ազդեցության անտեսումը կրեմլյան տրոլների ապատեղեկատվության տարածման հատկանշական գիծն է:

Հիմա, կարծես, նրանք իրենց հայացքն ուղղել են մեկ այլ թիրախի՝ Զապորոժյեի ատոմային էլեկտրակայանին (ԶԱԷԿ): Այդպես վարվելով՝ նրանք անտեսում են սխալ հաշվարկի, էսկալացիայի կամ պարզ մարդկային սխալի ռիսկերը, որոնց կարող է օժանդակել իրենց ապատեղեկատվությանը:

Սա առաջին անգամը չէ, որ Կրեմլի մանիպուլյացիոն և ապատեղեկատվական մեքենան միջուկային աղետի խորը արմատավորված և շատ ողջամիտ վախն օգտագործում է Ուկրաինայում իր քաղաքական և ռազմական նպատակներին հասնելու համար: Պնդումները, որ Ուկրաինան սադրանքներ և ահաբեկչական հարձակումներ է նախապատրաստում, որ միջազգային խաղաղապահ առաքելություն գործի դնելու համար Ուկրաինան կրակում է ԶԱԷԿ-ի վրա, որ ԱՄՆ-ը գաղտնի լաբորատորիաներ ունի ԶԱԷԿ-ում, որ Արևմուտքը ՔԿՌՄ (քիմիական, կենսաբանական, ռադիոակտիվ և միջուկային զենքեր) սադրանք է նախապատրաստում, և որ Արևմուտքն է մեղավոր, որ Ուկրաինան գնդակոծում է ԶԱԷԿ-ը, կրեմլամետ ապատեղեկատվության վերջին օրինակներից ընդամենը մի քանիսն են: Մարտավարությունը ծանոթ է. հնարավորինս շատ մեղադրանքներ նետիր և տես, թե որը նշանակետին կհասնի:

Դա հայտնի կինոհերոս Դր. Սթրեյնջլավին հիշեցնող լիակատար խելագարություն է թվում, երբ աշխարհի հետ «միջուկային աչքթարթոցի» են խաղում և սպասում, թե ով առաջինը կթարթի: Մյուս կողմից, եթե Կրեմլը, առանց որևէ խղճի խայթ զգալու, որպես աշխարհաքաղաքական զենք օգտագործում է պարենային անվտանգության մասին ապատեղեկատվությունը, ապա նրանք, ամենայն հավանականությամբ, նույնքան անխիղճ կլինեն, երբ գործը հասնի աշխարհը միջուկային աղետի ռիսկի տակ դնելուն:

Ռուսական թոք-շոուներ, տպագիր և առցանց լրատվամիջոցներ ու սոցիալական ցանցեր թափանցած ապատեղեկատվությունից այն կողմ՝ Կրեմլը նաև միջազգային ամենաբարձր մակարդակներում խթանում է միջուկային վախը: Այն իր դիվանագետներին օգտագործել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում՝ Ուկրաինային կեղծ մեղադրանքներ ներկայացնելու կամ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փաստահավաք առաքելության ուղարկումն արգելափակելու մեջ ԱՄՆ-ին մեղադրելու համար:

Միջուկային հարցերով ոչ մի միջազգային դիսկուրս ամբողջական չէր լինի՝ առանց սպառազինության վերահսկման մասին Կրեմլի քաջ հայտնի ապատեղեկատվական սյուժեի, երբ ՆԱՏՕ-ն անհիմն մեղադրվում է միջուկային զենքի չտարածման պայմանագիրը (ՄԶՉՊ) խախտելու մեջ: Բայց նույնիսկ սպառազինությունների վերահսկման ռուս փորձագետները լավ գիտեն, որ ՆԱՏՕ-ի միջուկային զենքի համատեղ օգտագործման վերաբերյալ պայմանավորվածությունները լիովին համապատասխանում են ՄԶՉՊ-ին: Այս բողոքներն էլ ավելի կեղծավոր են՝ հաշվի առնելով Ռուսաստանի ագրեսիվ միջուկային հռետորաբանությունը, որն ավելի է ուժեղացել պատերազմն սկսվելուց հետո:

Երբ կասկած ունես, մեղադրիր մերձբալթյան երկրներին

Միջուկային վախեր բորբոքելը և համաշխարհային անվտանգության հետ կապված խաղը կրեմլամետ ապատեղեկատվություն վաճառողների միակ զբաղմունքը չէր: Նրանք նաև իրենց սիրված թիրախային շրջաններից մեկում՝ մերձբալթյան երկրներում, նացիզմի երևակայական ուրվականը փնտրելու լարված շաբաթ ապրեցին: «Ռուսաֆոբիա» ճչալու վերջին մղումը եղավ այն բանից հետո, երբ Լատվիան, Ֆինլանդիան, Էստոնիան, Լեհաստանը, Լիտվան, Չեխիան և Սլովակիան կոչ արեցին կասեցնել զբոսաշրջային վիզաների տրամադրումը ռուսաստանցիներին, քանի դեռ այդ երկիրը պատերազմ է մղում Ուկրաինայում:

Ազդանշանն ստանալով՝ Կրեմլի քարոզիչներն սկսեցին գերազանցել միմյանց: Ոմանք առիթն օգտագործեցին՝ ԵՄ-ի ներսում պառակտումների մասին մտորելու համար, մինչդեռ մյուսները կոկորդիլոսի արցունքներ էին թափում անդառնալիորեն խզված Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերությունների պատճառով: Համընդհանուր թեման մանիպուլյատիվ մեղադրանքներն էին: Որոշ մեկնաբաններ երևակայական, թեև կեղծ պատմական զուգահեռներ անցկացրեցին 1930-ականներին հրեաների նկատմամբ նացիստական քաղաքականության հետ:

Բայց ռուսական պետության կողմից վերահսկվող ապատեղեկատվական լրատվամիջոցների և նրանց կամակատարների աչքում բալթյան երկրները սովորականից ավել չարաճճի եղան: Ըստ Կրեմլի, Լատվիայի՝ Ռուսաստանն ահաբեկչությանը հովանավորող պետություն հռչակելու որոշումը ցույց է տալիս, որ այդ երկրում «ռուսաֆոբիան» ամբողջությամբ դուրս է եկել ռելսերից։ Միջազգային իրավունքի տիպար հանդիսացող Ռուսաստանի պարագայում՝ այդ հռչակումը վիրավորանք է այն ամենին, ինչ սուրբ է: Շատ դիտորդների համար Ռուսաստանին ահաբեկչական պետություն հայտարարելը տրամաբանական է, քանի որ Կրեմլը վախը, բռնությունը, թշնամանքը և բացահայտ պատերազմն օգտագործում է, որպեսզի համաշխարհային անկայունություն հրահրի՝ հանուն աշխարհաքաղաքական շահերի:

Էստոնիան նույնպես հայտնվել է կրեմլամետ ապատեղեկատվության նշանակակետում: Նախ, սովորական խաղաղասեր ռուսների համար նա «վիզաների արգելքի» կոչեր հրահրեց։ Այնուհետև նա Ֆինլանդիայի հետ համաձայնության եկավ՝ Բալթիկ ծովը ՆԱՏՕ-ի ներքին ծով դարձնելու համար: Եվ ի լրումն ամեն ինչի՝ երկիրն ապամոնտաժեց խորհրդային Տ-34 տանկի արձանը Նարվայում, որը մինչ օրս էստոնացիներին հպարտությամբ հիշեցնում էր ավելի տոտալիտար տարբերակով խորհրդային «ազատագրման» հինգ տասնամյակը: Կրեմլյան գաղափարախոսների հասկացությունից դուրս մնաց այն, որ Էստոնիայի այդ գործողությունները կարող են արդարացված հակազդում լինել գնալով ավելի ռազմատենչ դարձող հարևանին:

Կրեմլամետ քարոզիչները, հավանաբար, չցանկանալով կիսատ թողնել գործը, բայց, ամենայն հավանականությամբ, պարզապես սեփական իմպերիալիստական մոլորությունների մեջ ընկնելով՝ առիթը բաց չթողեցին նաև մեղադրանքներ հնչեցնելու Լիտվայի դեմ: Առավել պատկերավորների շարքում էին «երկաթե վարագույրի» փոխաբերություններին դիմելը, որոնք պնդում էին, որ Լիտվան ցանկանում է ամբողջությամբ մեկուսացնել բոլոր ռուսներին, բայց հատկապես նրանց, ովքեր դեմ են Պուտինի տոտալիտար ռեժիմին: Այս պնդման իմաստն այն է, որ Լիտվան կարող է ծրագրել այլախոհներին օգտագործել Ռուսաստանում՝ «գունավոր հեղափոխություն» հրահրելու համար: Մեղադրանքը վրդովվեցնող է, բայց մենք տարիներ շարունակ փաստագրել ենք Կրեմլի՝ «գունավոր հեղափոխությունների» վերաբերյալ մոլուցքը:

Մերձբալթյան երկրներին ուղղված կեղծ մեղադրանքների վերջին ալիքի հիմքում ընկած ապատեղեկատվական ուղերձը հայտնի կրեմլամետ ապատեղեկատվական փոխաբերությունն է «կորցրած ինքնիշխանության» մասին: Պարզ ասած՝ ստվերային տերերը Վաշինգտոնում կրկին ձգում են բոլոր թելերը: Չհամոզվեցի՞ք: Դուք պետք է հավատաք Կրեմլի քարոզիչների խոսքին։

Ապատեղեկատվական այլ լուրերում՝

  • Չնայած հակառակի վերաբերյալ հսկա և անհերքելի ապացույցներին՝ կրեմլամետ ապատեղեկատվական էկոհամակարգն առաջվա պես առաջ է մղում կեղծ նարատիվը, որ աներևակայելի վայրագությունները, ինչպիսիք են Բուչայի ջարդը կամ նողկալի հարձակումը Մարիուպոլի ծննդատան վրա, բեմադրված սադրանքներ էին Արևմուտքի կողմից, որն օգտագործում է Ուկրաինան պատերազմ մղելու համար Ռուսաստանի հետ հոգեբանական գործողությունների միջոցով:
  • Կրեմլամետ ապատեղեկատվության տխրահռչակ RT լրատվամիջոցը պնդում է, որ Մոսկվան անշեղորեն պահպանում է ռազմագերիների հետ վարվելու Ժնևյան կոնվենցիաները։ Սակայն իրավապաշտպան կազմակերպություններն ու լրատվամիջոցները շարունակաբար նկարագրում են սարսափելի պայմանները, որոնցում ռուսական օկուպացիոն զորքերը պահում են գերի վերցված ուկրաինացիներին:
  • Կրեմլամետ ապատեղեկատվական տարբեր լրատվամիջոցներ շարունակում են կեղծ նարատիվներ տարածել, որ Ուկրաինայի զինված ուժերը տարիներ շարունակ ռազմական հանցագործություններ և ցեղասպանություն են իրականացրել Դոնբասում: Սա ռուսական ապատեղեկատվության կրկնվող թեմա է, որը զգալի արագություն է հավաքել որպես ներկայիս ապատեղեկատվական արշավի մի մաս, որի նպատակն է արդարացնել Ռուսաստանի ռազմական ներխուժումն Ուկրաինա: