Read this article in EN RU IT ES FR DE PL BY HY AZ UA RO KA

Խոսքի ազատության պաշտպանությունը՝ ընդդեմ տեղեկատվության խեղաթյուրման

08 Օգոստոսի, 2022

Քեյթ Ջոնսը մարդու իրավունքների և նոր տեխնոլոգիաների հարցերով հետազոտող և խորհրդատու է: Նա շատ է գրել ապատեղեկատվության և մարդու իրավունքների, տեխնոլոգիաների կառավարման և արհեստական բանականության մասին, ինչպես նաև Chatham House-ի ասոցացված անդամ է: Նա նախկինում երկար տարիներ աշխատել է որպես իրավաբան և դիվանագետ Միացյալ Թագավորության Արտաքին գործերի և համագործակցության հարցերով նախարարությունում՝ աշխատելով Լոնդոնում, Ժնևում և Ստրասբուրգում՝ կենտրոնանալով մարդու իրավունքների ոլորտում միջազգային իրավունքի վրա:

Քեյթի հետ այս հարցազրույցում մենք ուսումնասիրում ենք արտահայտման ազատության, ապատեղեկատվության և մանիպուլյացիայի հարցերը: Որո՞նք են կառավարությունների համար «ճանապարհային երթևեկության կանոնները» տեղեկատվական արշավներ վարելիս: Մենք նաև դիտարկում ենք արտահայտման ազատության պատրվակով չարամիտ տեղեկատվական գործողությունները թաքցնելու փորձերը, և այն, թե ինչ է ցույց տալիս «RT France-ն ընդդեմ Եվրոպական խորհրդի» գործով դատարանի վերջին որոշումը:

Ինչպե՞ս եք տեսնում հավասարակշռության պահպանումը արտահայտման և լրատվամիջոցների ազատությունը պաշտպանելու և մեր հասարակությունները տեղեկատվական մանիպուլյացիաներից կամ հասարակությունները քայքայելուն ուղղված այլ վնասակար գործողություններից պաշտպանելու միջև:

Քեյթ Ջոնս (ՔՋ). Եկեք հստակ լինենք: Կարծիք արտահայտելու ազատությունը չի նշանակում, որ կառավարություններն ազատ են ներգրավվելու կանխամտածված ապատեղեկատվության և մանիպուլյացիայի արշավների մեջ՝ ուղղված իրենց սեփական բնակչությանը, կամ միջազգային մակարդակով: Դա չի նշանակում նաև, որ կառավարություններն անզոր են պաշտպանելու իրենց բնակչությանն օտարերկրյա ռեժիմների կանխամտածված ապատեղեկատվական արշավներից:

Արտահայտման ազատությունը կենսականորեն կարևոր է և, անվիճելիորեն, չի պաշտպանում միայն ճշմարիտ տեղեկատվությունը: Արտահայտման ազատությունը պաշտպանում է ամեն տեսակի տեղեկությունների և գաղափարների արտահայտումը՝ անկախ նրանից՝ դրանք փաստ են, թե կարծիք, ճշմարիտ են, թե կեղծ, անկեղծ են, թե երգիծանք: Արտահայտման ազատությունը թույլ է տալիս յուրաքանչյուրին ասել այն, ինչ ցանկանում է՝ պահպանելով քրեական օրենսդրությամբ նախատեսված քչաթիվ բացառությունները:

Բայց արտահայտման ազատությունը չի պաշտպանում մանիպուլյացիոն տեխնոլոգիաները: Մենք սովոր ենք դրան այլ համատեքստերում. օրինակ՝ մենք ընդունում ենք, որ տեղեկության խեղաթյուրումը զրոյացնում է պայմանագիրը, և որ ապրանքի մասին կեղծ տեղեկություններն ընդունելի շուկայավարման գործիքներ չեն:

Կարելի է գործողություններ ձեռնարկել մանիպուլյացիոն արշավի դեմ, որն ուղղված է հասարակությունը քայքայելուն, եթե այն խաթարում է ազգային անվտանգությունը կամ հասարակական կարգը: Հիմնականը՝ քայքայիչ մտադրությունն է, այլ ոչ թե օգտագործված նյութի ճշմարիտ կամ կեղծ լինելը: Արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել հատուկ նպատակներով՝ ներառյալ ազգային անվտանգությունը կամ հասարակական կարգը պաշտպանելը՝ պայմանով, որ սահմանափակումներն օրինական, անհրաժեշտ և համաչափ են հետապնդվող նպատակներին: Սա այն հիմքն է, որը հաշվի առնելով Արդարադատության Եվրոպական դատարանը վճիռ է կայացրել, որ եվրոպական ներկայիս պատժամիջոցներն ընդդեմ RT-ի համահունչ են արտահայտման ազատությանը:

Կարևոր է նաև ապատեղեկատվության աղբյուրը: Կառավարությունները պարտավորություններ ունեն տեղեկատվության նկատմամբ, ինչը չունեն սովորական քաղաքացիները, քանի որ մարդիկ ապավինում են իրենց ասածին: Կարծիք արտահայտելու ազատությանն ուղեկցող՝ տեղեկություններ փնտրելու ազատությունը ենթադրում է, որ կառավարությունները պատասխանատվություն են կրում հանրային հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվությունն ակտիվորեն հանրային տիրույթում ներկայացնելու, ինչպես նաև տեղեկատվության տարբեր աղբյուրներ խթանելու համար: Այս պատասխանատվությունն ավելի կարևոր է այսօր, երբ անհատների համար կարող է շատ դժվար լինել տարբերելը, թե ինչն է ճշմարիտ, և ինչն է կեղծ: Այս պատասխանատվության հակառակ կողմն այն է, որ կառավարությունները և նրանց ներկայացուցիչները չպետք է ապատեղեկատվություն ստեղծեն կամ խթանեն այն:

Ինչպե՞ս էր պահպանվում արտահայտման ազատության և ապատեղեկատվության հավասարակշռությունը մինչև սոցիալական ցանցերի ի հայտ գալը:

ՔՋ. Ապատեղեկատվությունն ուղեկցում է մեզ դարերի ընթացքում: Քարոզչությունը հիմնական մտահոգությունն էր Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Իրականում, այն միայն ատոմային ռումբից հետո երկրորդ սպառնալիքն էր համարվում համաշխարհային խաղաղությանն ու անվտանգությանը: Այն ժամանակ ուշադրությունը կենտրոնացած էր ռադիո քարոզչության վրա, քանի որ վերջերս ռադիոընդունիչները լայնորեն հասանելի էին դարձել, ինչը նշանակում էր, որ մեծ թվով մարդիկ կարող էին իրական ժամանակում տեղեկություններ ստանալ ուղղակիորեն արտասահմանից:

Մարդու իրավունքների հիմնական փաստաթղթերը մշակողները զգալի ռիսկ են տեսել նրանում, որ օտարերկրյա կառավարությունների ապատեղեկատվական արշավները կարող են հանգեցնել հասարակական անկարգությունների և ապակայունացնել կառավարությունները: Ռենե Կասենը՝ որպես Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի բանակցություններում Ֆրանսիայի պատվիրակ, քարոզչությունը բնութագրել է որպես «արատավոր երևույթ,…զանգվածների գիտակցություն ձևավորող և հոգևոր բռնաբարություն»: Տարածված կարծիք կար, որ արտահայտման ազատությունը չպետք է բերի անսահմանափակ քարոզչության և ապատեղեկատվության ենթարկվելու ռիսկի։

Միևնույն ժամանակ, կային նաև ծանրակշիռ փաստարկներ, որ քարոզչությունը պետք է հաղթահարվի կամավոր միջոցներով և «գաղափարների շուկայի» միջոցով, ուստի ավելի ծայրահեղ առաջարկները չընդունվեցին։ Օրինակ՝ ԽՍՀՄ-ի առաջարկը՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի նախագծում արտահայտման ազատության դրույթի մեջ փոփոխություն մտցնել՝ արգելելով «պատերազմ հրահրող և ֆաշիստական արտահայտությունները», մերժվեց 41 դեմ, 6 կողմ, 9 ձեռնպահ ձայներով: Ըստ էության, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրն արգելում է «պատերազմի քարոզչությունը», ինչպես նաև ատելության քարոզչությունը, ինչը խտրականության, թշնամանքի կամ բռնության դրդում է պարունակում: Այս արգելքների կոնկրետ պարամետրերը վաղուց հակասական են համարվում:


Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը Միավորված ազգերի կազմակերպության պայմանագիրն է, որով կառավարությունները համաձայնում են պաշտպանել քաղաքացիական իրավունքներն ու հիմնարար ազատությունները՝ սկսած կյանքի իրավունքից և խոշտանգումներից զերծ լինելուց մինչև արտահայտվելու և միավորվելու ազատությունները: Դրա դրույթներից շատերը նման են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային, սակայն այն բաց է ՄԱԿ-ի բոլոր պետությունների համար՝ դառնալու կողմ, այլ ոչ միայն Եվրոպայի խորհրդի անդամ 46 երկրների համար:


Այնուամենայնիվ, քարոզչությունն ու ապատեղեկատվությունը դարձան Սառը պատերազմի հիմնական զենքերը: Վերջերս որոշ ապատեղեկատվական արշավներ, որոնց մենք ականատես ենք եղել, կարծես թե հիմնված են 1950-ականներին մշակված մարտավարությունների վրա: Ինչպես 1950-ականների որոշ արշավներ, Համացանցի հետազոտական գործակալության 2015/16 թթ. արշավն ընդդեմ ԱՄՆ նախագահական ընտրությունների, հիմնված էր տեղեկատվական միջավայրը շատ մեծ քանակությամբ հաղորդագրություններով և գովազդներով հեղեղելու վրա՝ հաղորդագրությունների ծագումը քողարկելու և դրանք տարածելու համար պրոքսի-սերվերների օգտագործմամբ, ինչպես նաև իրական հրապարակումների նմանակմամբ, որպեսզի իրենց հաղորդագրություններին հավաստիության զգացողություն հաղորդվի:

Ինչպիսի՞ն պետք է լինի ապատեղեկատվությանը հակազդելու մոտեցումը՝ հիմնված մարդու իրավունքների վրա:

ՔՋ. Մարդու իրավունքների վրա հիմնված մոտեցումը պետք է առաջնահերթություն տա ինչպես արտահայտվելու, այնպես էլ մտքի ու կարծիքի ազատությանը. այն պետք է թույլ տա մարդկանց ազատ խոսել և օգտվել տեղեկատվության մի շարք աղբյուրներից, որպեսզի նրանք կարողանան, մանիպուլյացիաներից զերծ մնալով, ինքնուրույն որոշում կայացնել: Անհրաժեշտ է հոգ տանել այն մասին, որ ապատեղեկատվության ցանկացած սահմանափակում կանաչ լույս չվառի կառավարությունների կամ հզոր մասնավոր կազմակերպությունների համար՝ անսահմանափակ վերահսկողություն իրականացնելու մարդկանց ասածների կամ լսածի վրա: Այս ռիսկը կարող է մեղմվել՝ ներգրավելով անկախ կարգավորող մարմիններին, որոնք լիազորված են պաշտպանել մարդու իրավունքները:

Մարդու իրավունքների վրա հիմնված մոտեցման մի քանի կողմ կա: Դրանցից շատերի հարցում ԵՄ-ն առաջատարն է: Մեդիա և թվային գրագիտությունը կարևոր է բոլորի համար՝ երեխաներից մինչև տարեցներ՝ օգնելու համար մարդկանց գտնել իրենց ճանապարհը տեղեկատվական միջավայրում: Եվ շատ կարևոր է աջակցել անկախ, բազմակարծիք, պատշաճ կերպով ֆինանսավորվող լրատվամիջոցներին, որպեսզի բոլորն ունենան տեղեկատվության հուսալի անկախ աղբյուրներ: Ապատեղեկատվության մերկացումը և կասկածելի տեղեկատվության բացահայտումը նույնպես խճանկարի կարևոր մասեր են: Այժմ ողջ աշխարհում կան ապատեղեկատվության մասին հաղորդելու գործիքների և փաստերի ստուգման նախաձեռնությունների բազմաթիվ փայլուն օրինակներ:

Սակայն տեղեկատվության հասանելիության մի շարք գործիքներ և միջոցներ անհատներին տալը, թեև կենսականորեն կարևոր է, սակայն բավարար չէ պաշտպանվելու համար որոշ ուժերի կանխամտածված մանիպուլյացիաներից, որոնք ձգտում են խաթարել ազգային անվտանգությունը կամ հասարակական կարգը: Կառավարությունները և սոցիալական մեդիա հարթակները կարող են անել ավելին՝ պաշտպանելու և պահպանելու համար ազատ և բազմակարծիք տեղեկատվական միջավայրը:

Նախ, կառավարությունները կարող են արգելել կամ պատժամիջոցներ կիրառել օտարերկրյա պետությունների կողմից կանխամտածված մանիպուլյացիաների դեմ՝ պայմանով, որ արգելքը խստորեն սահմանափակվի ազգային անվտանգության և հասարակական կարգի պաշտպանության համար անհրաժեշտ չափով: Բրիտանական կառավարության առաջարկած օտարերկրյա միջամտության իրավախախտումը հետաքրքիր օրինակ է: Այս նոր, մանրակրկիտ մշակված իրավախախտումը քրեականացնելու է դիտավորյալ մանիպուլյացիան, թե ինչպես է անձն իրականացնում իր հանրային գործառույթները կամ մասնակցում քաղաքական գործընթացներին, եթե բավարարվում է երկու պայման: Առաջին պայմանն այն է, որ մանիպուլյացիան ենթադրում է կա՛մ հանցագործության կատարում, կա՛մ հարկադրանքի կամ խեղաթյուրման գործողություն, և երկրորդն այն է, որ մանիպուլյացիան իրականացվում է օտարերկրյա տերության հետ կապված ինչ-որ մեկի կողմից կամ օգուտ քաղելու մտադրությամբ: Ինչ վերաբերում է պատժամիջոցներին, ապա ԱՄՆ գանձապետարանը պատժամիջոցների ռեժիմ է սահմանել՝ ի պատասխան ԱՄՆ ընտրություններին արտաքին միջամտության։

Երկրորդ, կառավարությունները կարող են արգելել ապատեղեկատվական արշավների կոնկրետ դեպքեր, որոնք ազդում են ազգային անվտանգության կամ հասարակական կարգի վրա, ինչպես օրինակ՝ ԵՄ պատժամիջոցները RT-ի, Sputnik-ի և Ռուսաստանի կառավարության կողմից վերահսկվող երեք այլ լրատվամիջոցների դեմ՝ պայմանով, որ այդ արգելքները համապատասխանեն օրենքին, անհրաժեշտ և համաչափ լինեն բոլոր հանգամանքներում:

Երրորդ, կառավարությունները և սոցիալական մեդիա հարթակները կարող են պայքարել նրա դեմ, թե ինչպես են հարթակներն օգտագործվում որպես մանիպուլյատիվ խողովակներ՝բացահայտելով և վերացնելով մանիպուլյատիվ վարքի մոդելները: Մենք տեսել ենք, որ հարթակների դիզայնը հաճախ օգտագործվել է ապատեղեկատվական քարոզարշավների նպատակով և որ հարթակները 2017 թվականից ի վեր՝ տարբեր քայլեր են ձեռնարկել ապատեղեկատվության դեմ պայքարելու համար, օրինակ՝ Facebook-ի պայքարն ընդդեմ համակարգված անօրինական վարքի, և Twitter-ինը՝ ընդդեմ հարթակի մանիպուլյացիայի: Դեռ շատ ավելին կա անելու: Նոր օրենսդրությունը և քաղաքականությունը աստիճանաբար հարթակներից պահանջում են ուժեղացնել իրենց ջանքերը՝ ներառյալ ԵՄ վերանայված Ապատեղեկատվության վերաբերյալ գործելակերպի կանոնակարգը և բրիտանական կառավարության մտադրությունը՝ օտարերկրյա միջամտության նոր հանցագործությունը որպես առաջնահերթ հանցագործություն սահմանել Առցանց անվտանգության օրինագծում (նշանակում է, որ հարթակները պարտավոր կլինեն համաչափ համակարգեր և ընթացակարգեր օգտագործել՝ նվազեցնելու համար անհատների վրա օտարերկրյա միջամտության ազդեցությունը):

Ո՞րն է բաժանարար գիծը օրինական հաղորդակցման արշավների և անօրինական ապատեղեկատվության արշավների կամ գործողությունների միջև:

ՔՋ. Հսկայական տարբերություն կա արշավների միջև, որոնք նախատեսված են մարդկանց փաստեր և տեսակետների բազմազանություն առաջարկելու համար, և արշավների, որոնք նախատեսված են մարդկանց մանիպուլյացիայի ենթարկելու համար՝ ձևավորելով խեղաթյուրված աշխարհայացք կամ դրդելով պատերազմի կամ բռնության: Այնուամենայնիվ, տեղեկատվական գործառնությունների ոլորտում օրինական գործունեության սահմանները դեռևս հստակ արտահայտված կամ միջազգայնորեն համաձայնեցված չեն։ Այս երկիմաստությունը ձեռնտու է նրանց, ովքեր ձգտում են մանիպուլյացիայի ենթարկել հանրային կարծիքն ապատեղեկատվության միջոցով. այն դժվարացնում է ոչ լեգիտիմ գործունեությանն արդյունավետ արձագանքելը և անհիմն համեմատությունների և կեղծավորության պնդումների տեղ է տալիս:

Օգտակար կլիներ հստակեցնել սահմանները, մի կողմից՝ օրինական տեղեկատվական գործողությունների, և մյուս կողմից՝ անօրինական ապատեղեկատվության և մանիպուլյացիայի արշավների միջև: Սա պարզ գործ չէ, մասամբ այն պատճառով, որ տեղեկատվական գործողությունները տարբեր ձևեր ունեն և ընդգրկում են խաղաղության և զինված հակամարտությունների ժամանակաշրջաններ, որոնց նկատմամբ կիրառվում են տարբեր իրավական ռեժիմներ: Բայց կա կարևոր մի կետ. տեղեկատվական գործողությունների համար համաձայնեցված պարամետրերի սահմանումը կհեշտացնի մանիպուլյացիոն արշավների դեմ պայքարում մարդու իրավունքների վրա հիմնված մոտեցում կիրառելը: