Read this article in EN RU IT ES FR DE PL BY HY AZ UA RO KA

Կրեմլամետ ապատեղեկատվության հիմնական նարատիվները, մաս 1. Էլիտաներն ընդդեմ ժողովրդի

28 Հուլիսի, 2022

Կրեմլամետ ապատեղեկատվության առանձնահատկությունը դրա կրկնությունն է: Իրենց բոլոր չափազանցված պնդումներով՝ կրեմլամետ լրատվամիջոցների ձայնը հաճախ հնչում է ինչպես կոտրված ձայնապնակ, որը շարունակ կրկնում է ներքին և միջազգային լսարանի համար նախատեսված մի շարք հիմնական հայտարարություններ: Դա պատահականության կամ անփութության արդյունք չէ, այլ միտումնավոր է․ կրկնությունն օգնում է սուտը դարձնել ավելի արժանահավատ։ Կրեմլամետ ապատեղեկատվական լրատվամիջոցները դրան հասնում են մի շարք նարատիվների շարունակական կրկնությամբ, որոնք որպես ձևանմուշ են ծառայում կոնկրետ իրադարձությունների լուսաբանման համար։

Նարատիվն ընդհանուր ուղերձ է, որ հաղորդվում է տեքստերի, նկարների, փոխաբերությունների և այլ միջոցներով։ Նարատիվներն օգնում են ուղերձը փոխանցել, դրանք սպասում են առաջացնում և տեղեկությունները դարձնում գրավիչ։ Դրանք կարող են միավորվել և փոփոխվել՝ ընթացիկ իրադարձություններին և գերակա մոտեցումներին համապատասխան։ Դրանցից մի քանիսը գոյություն ունեն արդեն հարյուրավոր տարիներ. «Արևմուտքի անկման» նարատիվի տարբերակները փաստագրվել են 19-րդ դարից սկսած։ EUvsDisinfo-ն առանձնացրել է հինգ գերիշխող նարատիվների շարք, որոնք օգտագործվում են կրեմլամետ ապատեղեկատվական լրատվամիջոցների կողմից և հանդիսանում են կրեմլյան հորինվածքի հիմնական տարրերը։ Մենք տեսել ենք այս հիմնական ապատեղեկատվական նարատիվները, որոնք օգտագործվել են բազմաթիվ իրավիճակներում՝ ընտրություններին միջամտելու փորձերում, COVID-19 համավարակի ողջ ընթացքում, Ուկրաինայի չհրահրված պատերազմն արդարացնելու ջանքերում:

Առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում մենք ձեզ կներկայացնենք հինգ ամենատարածված ապատեղեկատվական նարատիվների թարմացված ակնարկը, որոնք շարունակում են հայտնվել ռուսական և կրեմլամետ ապատեղեկատվական լրատվամիջոցներում։ Ահա դրանցից առաջինը։

Կրեմլամետ ապատեղեկատվության առաջին հիմնական նարատիվը. Էլիտաներն ընդդեմ ժողովրդի

Ժողովրդի աշխատավոր խավից տարանջատված վերնախավի գաղափարը կարևոր տեղ է զբաղեցրել քաղաքական պատմության մեջ։ Բազմաթիվ քաղաքական գործիչներ և քաղաքական շարժումներ հայտարարել են, որ ներկայացնում են սովորական մարդու, փոքր մարդու, լուռ մեծամասնության ձայնը՝ ընդդեմ կոռումպացված և ինքնագոհ հանցախմբի, որը ներառում է քաղաքական կուսակցությունների, կորպորացիաների և լրատվամիջոցների ներկայացուցիչներին: Այս նարատիվը Կրեմլի հորինվածքը չէ, բայց կրեմլամետ ապատեղեկատվական լրատվամիջոցները հաճախակի շահարկում են այն։

Քավության նոխազների բազմազանությունը

Այս նարատիվը կարող է մեծ հաջողություն ունենալ, քանի որ այն թիրախային լսարանի համար քավության նոխազ է առաջարկում՝ իրենց բոլոր դժգոհությունները նրա վրա բարդելու համար՝ բանկիրներ, խոշոր կորպորացիաներ, հրեաներ, օլիգարխներ, մուսուլմաններ, բրյուսելյան բյուրոկրատներ և ով ասես։ Ռուսական ապատեղեկատվական լրատվամիջոցները մեծ չափով չարաշահել են այս նարատիվը COVID-19 համավարակի ողջ ընթացքում՝ վատաբանելով, որ Բիլ Գեյթսն է կամ ստեղծել կորոնավիրուսը, կամ դրա դեմ պատվաստանյութերն օգտագործում է «միկրոչիպեր» իմպլանտացնելու համար։

Այս նարատիվը սերտորեն կապված է նաև այլ դավադրական համոզմունքների հետ։ Դրանց ընդհանուր առանձնահատկությունը գաղտնի էլիտաների՝ ստվերային կառավարիչների, չարամիտ մտադրություններով տիկնիկավարների գոյության մասին պնդումն է։ Համավարակի ողջ ընթացքում այն աշխատող, արդյունավետ և հարմարավետ ձևանմուշ է եղել ապատեղեկատվություն տարածողների համար։ EUvsDisinfo կայքը պարունակում է բազմաթիվ պնդումներ այն մասին, որ վիրուսը մարդածին է, և դրա տարածումը սահմանափակող միջոցառումները պարզապես էլիտայի կողմից հասարակ մարդկանց կյանքը կործանելու ձև են։

Բացի համավարակից, այս նարատիվը կիրառվել է նաև 2016 թվականին՝ նախքան Բրեքսիթի հանրաքվեի կայացումը, ինչպես կարող ենք տեսնել Sputnik-ի այս երկու հոդվածներում. «Եվրոպային սպառնում է Եվրոկրատիայից եկող սպառնալիքը» և «Waffen-EU»:

Անգլոսաքսերը և Ուկրաինան

«Էլիտաներն ընդդեմ ժողովրդի» նարատիվն օգտագործվել է նաև Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման համատեքստում: Կրեմլամետ լրատվամիջոցները փորձել են ներկայացնել Ռուսաստանի ներխուժումը որպես «անգլոսաքսոնական» դավադրություն՝ սլավոններին միմյանց դեմ հանելու համար։

Կրեմլամետ լեզվով՝ «անգլոսաքսեր» բառն օգտագործվում է որպես համընդգրկուն տերմին՝ Արևմուտքին և, մասնավորապես, Մեծ Բրիտանիային և ԱՄՆ-ին վարկաբեկելու համար: Անգլոսաքսերը ներկայացվում են որպես խորամանկ և արնախում, որոնք համաշխարհային տիրապետության համար ստոր դավադրություններ են մշակում։ Այս տերմինը հաճախ օգտագործվում է դավադրական համոզմունքներ ստեղծելու համար և իր մեջ «քաղաքակրթությունների բախման» տարր է պարունակում, որն Արևմուտքին ներկայացնում է որպես «ուրիշ» և շեշտադրում այն գաղափարը, որ Ռուսաստանը պատկանում է «այլ քաղաքակրթության»:

Ուստի, ըստ կրեմլյան պրոպագանդիստների՝ Ուկրաինայում այժմ առկա է էլիտաներն (անգլոսաքսերն) ընդդեմ ժողովրդի (սլավոնների) իրավիճակ․ անգլոսաքսերն ամեն գնով հակամարտություն են փնտրում Ռուսաստանի հետ, կազմակերպել են 2014 թվականի պետական հեղաշրջումը՝ քողարկելով որպես ժողովրդավարական բողոքի շարժում, ցանկանում են Ուկրաինային ներքաշել սլավոնների դեմ պատերազմի մեջ և օգտագործում են Ուկրաինան որպես հակառուսական ֆորպոստ և այլն։

Բանականության խեղաթյուրումներ

«Էլիտաներն՝ ընդդեմ ժողովրդի» նարատիվը երկար՝ ավելի քան հարյուր տարվա պատմություն ունի: Դրա քարոզիչները ներկայանում են որպես բանականության ձայն և հանդես գալիս իրավազուրկ քաղաքացիների անունից, որոնց փոխանցում են ճշմարտությունը և հզորացնում նրանց՝ ընդդեմ էլիտաների, որոնք ամեն գնով փորձում են թաքցնել «ճշմարտությունը»:

«Ճշմարտությունը» կարող է վերաբերվել բազմաթիվ հարցերի, այդ թվում՝ պատերազմ և խաղաղություն, միգրացիա, տնտեսություն, իսկ ճշմարտությունը թաքցնելու համար «մեղադրվող» կոնկրետ էլիտաները հատուկ ընտրվում են՝ թիրախային լսարանի դժգոհություններին համապատասխան։ Իրականում, այս նարատիվը կարող է հարմարեցվել և կիրառվել անսահման թվով հարցերի դեպքում․ «Միգրացիոն ճգնաժամն ստեղծվում է խոշոր կորպորացիաների կողմից էժան աշխատուժ ձեռք բերելու համար», «Գլոբալ տաքացման կեղծիքն օգտագործվում է բանկիրների կողմից՝ հասարակության ուշադրությունն իրական կյանքի խնդիրներից շեղելու համար», «Ուկրաինայի պատերազմի համար պատասխանատու են համաշխարհային կորպորացիաները, մասնավորապես զենք արտադրողները»։

Թեև առաջին հայացքից թվում է, թե այս նարատիվն ուղղված է հասարակ մարդկանց աջակցելուն, վերջին հաշվով դրա արմատներն, ըստ էության, ավտորիտար են: Հազվադեպ են ապացույցներ տրամադրվում՝ ներկայացված պնդումները հիմնավորելու համար և, հետևելով դավադրական մտածողության սկզբունքներին՝ հենց ապացույցների բացակայությունը երբեմն օգտագործվում է որպես ապացույց. «Տե՛ս, թե որքան հզոր են էլիտաները, որ թաքցնում են իրենց դավադրության բոլոր հետքերը»։ Սովորաբար այս նարատիվը նաև պահանջում է, որ ընթերցողը բացառապես վստահի ասված խոսքին. «Ես գիտեմ ճշմարտությունը, վստահի՛ր ինձ»: Իրականում, ինչպես և բոլոր նարատիվները, որոնք հիմնված են դավադրական համոզմունքների վրա, սա էլ իր լսարանից պահանջում է ընդունել պնդումները ոչ թե փաստի, այլ հավատի հիման վրա:

Կարդացեք ավելին «Էլիտաներն ընդդեմ ժողովրդի» թեմայով այստեղ։ Կարդացեք ավելին անգլոսաքսերի թեմայով այստեղ։