Read this article in EN RU IT ES FR DE PL BY HY AZ UA RO KA

Կրեմլամետ ապատեղեկատվության հիմնական նարատիվները Մաս 3. «Կորսված ինքնիշխանություն»

13 Օգոստոսի, 2022

Կրեմլամետ ապատեղեկատվության առանձնահատկությունը դրա կրկնությունն է: Իրենց կատարած բոլոր չափազանցված պնդումներով՝ կրեմլամետ լրատվամիջոցների ձայնը հաճախ հնչում է ինչպես կոտրված ձայնապնակ, որը շարունակ կրկնում է ներքին և միջազգային լսարանի համար նախատեսված մի շարք հիմնական ուղերձներ: Դա պատահականության կամ անփութության արդյունք չէ, այլ միտումնավոր է․ կրկնությունն օգնում է դարձնել սուտն ավելի արժանահավատ։ Կրեմլամետ ապատեղեկատվական լրատվամիջոցները հասնում են դրան՝ մի շարք նարատիվների շարունակական կրկնությամբ, որոնք որպես ձևանմուշ են ծառայում կոնկրետ իրադարձությունների լուսաբանման համար։

Նարատիվն ընդհանուր ուղերձ է, որ հաղորդվում է տեքստերի, նկարների, փոխաբերությունների և այլ միջոցներով։ Նարատիվներն օգնում են փոխանցել որևէ ուղերձ, դրանք սպասում են առաջացնում և տեղեկատվությունը դարձնում գրավիչ։ EUvsDisinfo-ն առանձնացրել է հինգ գերիշխող նարատիվների շարք, որոնք օգտագործվում են ռուսական և կրեմլամետ ապատեղեկատվական լրատվամիջոցների կողմից։ Մենք տարբեր առիթներով տեսել ենք, թե ինչպես են դրանք ծավալվում, օրինակ՝ ընտրություններին միջամտելը, COVID-19-ի համավարակի ընթացքում կեղծիք տարածելը, Ուկրաինայի չհրահրված պատերազմն արդարացնելը:

Այս ամռանը ձեզ ենք ներկայացնում այդ նարատիվների թարմացված տարբերակը: Ահա երրորդը՝ «Կորսված ինքնիշխանության» նարատիվը: Տե՛ս նաև հրապարակված նախորդ նարատիվները՝ «Էլիտաներն ընդդեմ ժողովրդի» և «Վտանգված արժեքներ»:

Նարատիվ թիվ 3. «Կորսված ինքնիշխանություն»

Ռուսական և կրեմլամետ ապատեղեկատվական աղբյուրները սիրում են պնդել, որ որոշ երկրներ այլևս իրական ինքնիշխանություն չունեն: Դեռևս 2015 թվականին ՌԻԱ Նովոստի պետական լրատվական գործակալության մի ծաղրանկարիչ պատկերել էր այս գաղափարը հետևյալ կերպ. Քեռի Սեմն ուժեղացնում է գազօջախի կրակը՝ ստիպելով եվրոպացիներին թռչկոտել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառման կոչերը հնչեցնելիս:

Օրիգինալ նկարը՝ ՌԻԱ Նովոստի

Այդ ժամանակվանից ի վեր` կրեմլամետ լրատվամիջոցներում այդ նարատիվի տարածման շատ ուրիշ օրինակներ էլ են եղել՝ Ուկրաինան կառավարվում է օտարերկրացիների կողմից և Բալթյան երկրներն իրական երկրներ չեն: Կրեմլամետ ապատեղեկատվական լրատվամիջոցները նաև պնդում են, որ ՆԱՏՕ-ին անդամակցելով` Ֆինլանդիան և Շվեդիան մոտ են կորցնելու իրենց ինքնիշխանությունը, և նրանք գործում են օտարերկրյա (ԱՄՆ, ՆԱՏՕ) ճնշման տակ: Այս նարատիվի շատ ուրիշ օրինակներից են՝ ԵՄ-ն ուղղորդվում է Վաշինգտոնի կողմից, Ճապոնիան վասալ պետություն է, Գերմանիան օկուպացված տարածք է, Ուկրաինայում որոշումներն ընդունում է ոչ թե նրա նախագահը, այլ՝ ԱՄՆ-ը, և այսպես շարունակ:

Կրեմլամետ լրատվամիջոցները նույնիսկ հատուկ բառամթերք են օգտագործում՝ նշելու այն պետությունները, որոնք «ոչ ինքնիշխան են»՝ «լիմիտրոֆներ (սահմանամերձներ)» կամ սահմանամերձ տարածքներ, որոնք ապահովում են իրենց տերերի ապրուստն ու սպասարկումը: Կրեմլամետ քարոզչական լրատվամիջոց RuBaltica-ի լեհական հրատարակչությունը բացատրում է.

«Կան իրական պետություններ, որոնք ի վիճակի են իրականացնել բոլոր պետական գործառույթները, բայց կան նաև աշխարհաքաղաքական «թափթփուկներ» կամ հորինված երկրներ, որոնք ունեն պետականության ձևական ատրիբուտները, բայց իրական պետություններ չեն։ Այդ երկրներից են հետխորհրդային սահմանամերձ պետությունները, որոնք Ռուսաստանը բաժանում են Արևմուտքից: Այդ երկրների պսևդո-էլիտաներն ի վիճակի չեն պատասխան տալու լուրջ պատմական մարտահրավերներին, ինչպես, օրինակ՝ միգրացիոն ճգնաժամի հաղթահարումը, սահմանների պաշտպանությունը և պայքարն ընդդեմ համավարակի: Նրանք շարունակում են Արևմտյան Եվրոպայից և Միացյալ Նահանգներից օգնություն խնդրել, քանի որ ինքնուրույն չեն կարողանում հաղթահարել: Այդ երկրները ղեկավարվում են խամաճիկների կողմից․ նրանք միայն ունակ են խոսել «Ռուսաստանին կանգնեցնելու» մասին և քվեարկել հակառուսական բանաձևերի օգտին ԵՄ-ում և ՄԱԿ-ում»։

«Կորսված ինքնիշխանության» նարատիվը, ի վերջո, իշխանությունը կորցնելու նարատիվ է, որի նպատակն է քայքայել ժողովրդավարության հիմքերը: Ինչո՞ւ որևէ մեկը պետք է հոգ տանի ժողովրդավարական գործընթացների և ընտրությունների մասին, եթե նրանց երկիրը կառավարում են հզոր օտարերկրացիները:

Ի հակադրություն՝ կրեմլամետ լրատվամիջոցները հայտարարում են, որ իրական ինքնիշխանությունը հնարավոր է միայն Ռուսաստանի վերահսկողության ներքո:

Ժողովրդի անկախ քաղաքական կամքի բացակայություն

«Կորսված ինքնիշխանության» նարատիվի հետ սերտորեն կապված են կրեմլամետ ապատեղեկատվական ուղերձներն այսպես կոչված՝ «գունավոր հեղափոխությունների» մասին: Այս ուղերձները պնդում են, որ սոցիալական ցնցումները կամ քաղաքական բողոքները կազմակերպվում են հզոր օտարների (Արևմուտքի) կողմից և երբեք քաղաքացիների ակտիվության կամ դժգոհությունների իրական արտահայտություն չեն հանդիսանում: Օրինակները շատ են, և դրանց ակունքները 2013-2014 թվականներին Ուկրաինայում տեղի ունեցած Եվրամայդանի ցույցերում են, երբ կրեմլամետ լրատվամիջոցները կեղծ մեղադրանքներ էին ներկայացնում ԱՄՆ պաշտոնյաներին ժողովրդական ցույցեր կազմակերպելու մեջ:

Կրեմլի կողմից այլ ժողովուրդների անկախ քաղաքական կամքի և նկրտումների մերժումը ամբարտավանություն է և հաճախ թաքցնում է տվյալ ժողովրդի կամ երկրի նկատմամբ իմպերիալիստական մոտեցումը: Չհասկանալով ազատ կամքի գաղափարը՝ Կրեմլը դիմում է դավադիր մտածողության՝ «Ինչո՞ւ պետք է սթափ մտածող որևէ մեկը ցանկանա իրեն հեռու պահել Ռուսաստանից: Դա կարող է լինել միայն անգլոսաքսոնյան մանիպուլյացիայի պատճառով»: Զարմանալի չէ, որ ըստ Կրեմլի տեսակետի՝ ԵՄ-ն ևս գտնվում է անգլոսաքսոնյան վերահսկողության տակ:

Ուկրաինայի պետականության խարխլումը

«Կորսված ինքնիշխանության» նարատիվը նպատակ ունի քայքայելու վստահությունը ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ և, ի վերջո, խարխլելու ժողովրդավարական ինստիտուտների հիմքերը: Դա նաև հատուկ նշանակություն է ստացել կրեմլամետ լրատվամիջոցների կողմից Ուկրաինայի դեմ ռազմական ագրեսիան արդարացնելու փորձերում: Տխրահռչակ օրինակ էր Պուտինը, ով Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից մի քանի օր առաջ հայտարարում էր, որ «Լենինն ստեղծեց Ուկրաինան» (պնդում, որն արդեն իսկ շրջանառվում էր կրեմլամետ ապատեղեկատվական էկոհամակարգում):

Ուկրաինայի համատեքստում «կորսված ինքնիշխանության» մասին կրեմլամետ նարատիվն ստանում է ավելի չարագուշակ, իմպերիալիստական երանգ: Այն մերժում է ոչ միայն Ուկրաինայի պետականությունը, այլև նրա իսկ գոյությունը՝ հայտարարելով, որ «նախկինում Ուկրաինա պետություն երբեք գոյություն չի ունեցել»: Այս նարատիվը՝ «նացիստական Ուկրաինայի» մասին միֆի հետ մեկտեղ, հանդիսանում էր ապատեղեկատվական կենտրոնական սյուժեներից մեկը, որն արդարացնում է Ռուսաստանի չհրահրված ներխուժումն Ուկրաինա: Կապակցված ապատեղեկատվական նարատիվների շարքում են այն հայտարարությունները, որ ուկրաինացիները, ռուսները և բելառուսները «մեկ ազգ են», և բազմաթիվ պնդումներ, որ Ուկրաինան տարրալուծման եզրին է:

«Կորսված ինքնիշխանության» նարատիվի մասին ավելին կարդացեք այստեղ: