Կրեմլամետ ապատեղեկատվության հիմնական նարատիվները Մաս 4. «Մոտալուտ փլուզում»

Կրեմլամետ ապատեղեկատվության առանձնահատկությունը դրա կրկնությունն է: Իրենց կատարած բոլոր չափազանցված պնդումներով՝ կրեմլամետ լրատվամիջոցների ձայնը հաճախ հնչում է ինչպես կոտրված ձայնապնակ, որը շարունակ կրկնում է ներքին և միջազգային լսարանի համար նախատեսված մի շարք հիմնական հայտարարություններ: Դա պատահականության կամ անփութության արդյունք չէ, այլ միտումնավոր է․ կրկնությունն օգնում է դարձնել սուտն ավելի արժանահավատ։ Կրեմլամետ ապատեղեկատվական լրատվամիջոցները հասնում են դրան՝ մի շարք նարատիվների շարունակական կրկնությամբ, որոնք որպես ձևանմուշ են ծառայում կոնկրետ իրադարձությունների լուսաբանման համար։
Նարատիվն ընդհանուր ուղերձ է, որ հաղորդվում է տեքստերի, նկարների, փոխաբերությունների և այլ միջոցներով։ Նարատիվներն օգնում են փոխանցել որևէ ուղերձ, դրանք սպասողական վիճակ են առաջացնում և տեղեկատվությունը դարձնում գրավիչ։ EUvsDisinfo-ն առանձնացրել է հինգ գերակա նարատիվների խումբ, որոնք օգտագործվում են ռուսական և կրեմլամետ ապատեղեկատվական լրատվամիջոցների կողմից։ Մենք տարբեր առիթներով տեսել ենք, թե ինչպես են դրանք ծավալվում, օրինակ՝ ընտրություններին միջամտելը, COVID-19-ի համավարակի ընթացքում կեղծիք տարածելը, Ուկրաինայի չհրահրված պատերազմն արդարացնելը:
Այս ամռանը ձեզ ենք ներկայացնում այդ նարատիվների թարմացված տարբերակը: Ահա չորրորդը նարատիվը՝ «Մոտալուտ փլուզում»: Տե՛ս նաև նախկինում հրապարակված նարատիվները. «Էլիտաներն ընդդեմ ժողովրդի», «Վտանգված արժեքներ» և «Կորսված ինքնիշխանություն»:
Նարատիվ թիվ 4. «Մոտալուտ փլուզում»
Արիստոտելյան հռետորաբանության մեջ «կայրոս» հասկացույթը նշանակում է անհապաղ գործելու զգացողություն: Հռետորներից շատերն օգտագործում են այս հասկացույթը, երբ հայտարարում են՝ «Գործի՛ր հիմա, քանի դեռ ուշ չէ»: Կրեմլամետ ապատեղեկատվության համատեքստում այս գործառույթը կատարում է «Մոտալուտ փլուզման» նարատիվը։
Ռուսական և կրեմլամետ ապատեղեկատվական լրատվամիջոցները կանոնավոր կերպով աշխատեցնում են այս նարատիվը: Օրինակ՝ ԵՄ-ն փլուզման եզրին է, ԱՄՆ-ը կազմաքանդվում է, ՆԱՏՕ-ն քայքայվում է, Ուկրաինայի միացումը ԵՄ-ին կխթանի դաշինքի փլուզումը և ֆինանսական համակարգը փլուզվում է:
Համաձայն Կրեմլի քարոզչության՝ այլ գործոններ ևս արագացնում են այս ենթադրյալ փլուզումը։ Օրինակ՝ ՌԻԱ Նովոստիի ծաղրանկարիչը Եվրոպայում ահաբեկչությունը նկարագրում է որպես մահացու կարիճ, որը եվրոպացիներն անխոհեմորեն դրել են իրենց գրպանը։

Original illustration: RIA Novosti
Հին պատմություն
Ռուսաստանը մեկ դարից ավել կանխատեսում էր Եվրոպայի մոտալուտ փլուզումը։ Եվրոպան կամ ԵՄ անդամ երկրները որպես «քաղաքացիական պատերազմի եզրին» գտնվող նկարագրելը 2019 թվականին նույնքան լավ աշխատեց, որքան 1919-ին:
Ռուսական պետական լրատվամիջոցներն իրենց տեղական լսարանին բազմաթիվ պատմություններով էին կերակրում, թե որքան սարսափելի է կյանքը ԵՄ-ում՝ անկարգություններ, բռնություն, աղքատություն, քաղաքական ծայրահեղականություն և այլն: Այս ամենը Ռուսաստանի ներսում ապրող լսարանի մոտ հարմարավետության զգացում ստեղծելու համար է՝ ըստ երևույթին, մոտալուտ փլուզման եզրին չգտնվող՝ հստակ տարբերությամբ այլ վայրերում եղած իրավիճակի:
«Մոտակա փլուզումը» աշխատող նարատիվ է, որը սովորաբար լավ է արձագանք է գտնում ինչպես տեղական, այնպես էլ միջազգային թիրախային լսարաններում՝ չնայած այն հանգամանքին, որ ԵՄ-ում քաղաքացիական պատերազմ չի եղել, ոչ էլ Եվրոպան է փլուզվել: Բազմաթիվ ցուցանիշներով դաշինքը շարունակում է ծաղկել:
Այս նարատիվին հատկապես ընկալունակ են այն թիրախային լսարանները, որոնք՝ օրինական հիմքերով, թե ոչ, արդեն վախենում են իրենց երկրներում քաղաքական և սոցիալական ցնցումներից:
Այսպիսով, այս նարատիվն առանձնապես լավ է աշխատում իրական քաղաքական մարտահրավերների ժամանակաշրջաններում, ինչպիսիք են 2015 թվականի աշնանը միգրացիոն ճգնաժամի ժամանակ, համավարակի ժամանակ և այժմ՝ Ուկրաինա ռուսական ներխուժման ժամանակ։
Վերջին ճակատամարտը
Միգրանտների հսկայական հոսքը Եվրոպա, անշուշտ, մեծ մարտահրավեր էր եվրոպական կառավարությունների համար, սակայն ռուսական և կրեմլամետ լրատվամիջոցները ճգնաժամի մասին հաղորդելիս իրավիճակը պատկերեցին խիստ գերագնահատված և ապոկալիպտիկ ձևերով՝ կարծես այն համակարգային փլուզում էր առաջացրել: Իհարկե, համակարգը մնացել է անփոփոխ, բայց Կրեմլի բառամթերքում պահպանվել է փլուզման պատկերը:
2020թ. մարտին՝ COVID-19-ի բռնկման սկզբնական փուլերում ազգայնական փիլիսոփա Ալեքսանդր Դուգինն Արևմտյան ժողովրդավարության փլուզման ականատեսը լինելով՝ հաճույք էր ապրում.
Համաշխարհային կապիտալիստական հասարակությունը միանգամից փլուզվեց։ Ոչ բոլորն են դեռևս դա հասկացել: Բայց նրանք շուտով դա կհասկանան: Սա նշանակում է, որ լիբերալ գլոբալիզմի հենց էությունն է փլուզվել՝ գրասենյակային աշխատողների և բյութի-բլոգերների, տրանսգենդերների և կլիմայի ակտիվիստների, մարդու իրավունքների պաշտպանների և հիփսթերների, միգրանտների և ֆեմինիստների աշխարհը:
Մոտեցումը տեսանելի էր նաև Ֆրանսիայում Դեղին բաճկոնների բողոքի ցույցերի ռուսական և կրեմլամետ լուսաբանման մեջ: Կառավարությունից և քաղաքականությունից դժգոհություն արտահայտելու իրավունքը ժողովրդավարության անբաժանելի մասն է, և ցանկացած եվրոպական պետության քաղաքացիներ օգտվում են խաղաղ բողոքի ցույց անելու իրավունքից։ «Դեղին բաճկոնների» շարժումը և դրա նման անհամաձայնության այլ արտահայտությունները եվրոպական ժողովրդավարական ավանդույթի մաս են կազմում: Դրանք ոչ թե համակարգի փլուզման, այլ ինքն իրեն նորովի հայտնագործելու և երիտասարդացնելու ունակության ապացույցն են:
Չնայած մարգարեության մեջ նրանց անհաջողությանը՝ իրենց ենթադրյալ հակառակորդների մոտալուտ փլուզման մասին կրեմլամետ երևակայությունը շարունակվել է նաև Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո: Կրեմլամետ լրատվամիջոցների ապատեղեկատվության մեջ Ուկրաինայում պատերազմը պարզապես արևմտյան հնարք է՝ «համաշխարհային կապիտալիզմի անխուսափելի փլուզումը» հետաձգելու համար։
«Մոտակա փլուզման» նարատիվը երբեմն օգտագործվում է նաև ողբալու եվրոպական բարոյական արժեքների և ավանդույթների ենթադրյալ տապալման համար: Ռուսական և կրեմլամետ ապատեղեկատվական լրատվամիջոցները, օրինակ՝ երեխաների իրավունքները Եվրոպայում պարբերաբար նկարագրում են որպես հարձակում ընտանեկան արժեքների վրա: Նրանց եզրակացությունը՝ Եվրոպան մահանում է՝ հրաժարվելով ամեն տեսակ պարկեշտությունից և բարոյականությունից:
Բայց և այնպես, Եվրոպայի մահվան մասին լուրերը կարող են խիստ չափազանցված լինել: Փոթորկոտ տնտեսական իրավիճակում նավարկելը, գլոբալ համավարակի միջով անցնելը կամ թեժ քաղաքական լանդշաֆտի ականատես լինելը չպետք է շփոթել էքզիստենցիալ կոլապսի հետ:
«Մոտալուտ փլուզման» մասին ավելին կարդացեք այստեղ: