Կրեմլի խաբեության զենքերը. 7 բան, որ պետք է իմանալ RT-ի և Սպուտնիկի մասին

04 Մարտի, 2022

Եվրոպական միությունը պատժամիջոցներ սահմանեց ընդդեմ Կրեմլի խաբեության զենքերի՝ Սպուտնիկի և RT-ի: Նրանց հեռարձակման գործունեությունը շտապ դադարեցվեց ԵՄ-ում, քանի դեռ չի դադարեցվել Կրեմլի ագրեսիան Ուկրաինայի դեմ, և քանի դեռ Ռուսաստանը չի դադարեցրել ապատեղեկատվություն և տեղեկատվական շահարկում իրականացնել ԵՄ-ի և նրա անդամ երկրների դեմ։

Սրանք բացառիկ, թիրախավորված և ժամանակավոր միջոցառումներ են, որոնք ձեռնարկվել են շատ յուրահատուկ, աննախադեպ՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմական ագրեսիայի համատեքստում։

Այս միջոցները «գրաքննություն» կամ «ընդհանուր արգելք» չեն և նուրբ հավասարակշռություն են ապահովում. դրանք հարգում են հիմնարար իրավունքները և ընդամենը համաչափ ձևով սահմանափակում են դրանք՝ որպես օրինական սանկցիաների ռեժիմի մաս: Սա եվրոպական խաղաղության և անվտանգության դեմ հստակ սպառնալիքին ԵՄ-ի հակազդման մաս է:

ԵՄ-ի սանկցիաները անձնակազմին չեն խանգարելու աշխատել այդ լրատվամիջոցներում՝ կատարելու համար իրենց պարտականությունները: Հատկանշական է, սակայն, որ Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժումից հետո, RT-ի մի շարք աշխատակիցներ աշխարհով մեկ հեռացել են աշխատանքից:

RT-ի և Sputnik-ի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները հանգեցնում են հեռարձակման կամ թողարկումների իրավունքների ժամանակավոր կասեցման՝ Կրեմլի տեղեկատվական պատերազմի գործիքները զինաթափելու համար, այն ժամանակ, երբ նա փաստացի դաժան պատերազմ է մղում Ուկրաինայի դեմ:

RT-ն և Սպուտնիկը, թերևս, արտաքուստ նման են կամ հնչում են միջազգային մեդիա լրատվամիջոցների պես, բայց դա այդպես չէ: Նրանք գործում են մեկ գերնպատակով՝ ապատեղեկատվության և տեղեկատվության շահարկման միջոցներով օգնել և սատարել Կրեմլի քաղաքականությանն արտասահմանում: RT-ն և Սպուտնիկը և նրանց ճյուղավորումները սոցիալական ցանցերում նպատակ ունեն սրելու մասնատվածությունն ու բևեռացումը, խարխլելու ժողովրդավարությունները, քողարկելու Կրեմլի կողմից միջազգային իրավունքի խախտման փաստերը և սատարելու Պուտինի պատերազմին:

7 բան, որ անհրաժեշտ է իմանալ RT-ի և Սպուտնիկի մասին․

1. RT-ն և Սպուտնիկը մեդիա կազմակերպություններ չեն, այլ Կրեմլի խաբեության զենքերն են:

RT-ն իր առաքելությունը սահմանում է ռազմական տերմիններով: Նրա գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը RT-ի նշանակությունը բացահայտորեն հավասարեցնում է Ռուսաստանի համար Պաշտպանության նախարարության անհրաժեշտությանը: Ըստ նրա՝ RT-ն ընդունակ է «տեղեկատվական պատերազմ վարելու ողջ Արևմուտքի դեմ»՝ տեղեկատվական զենքեր օգտագործելով: RT-ի ռազմավարական նպատակն է՝ «նվաճել» և «մեծացնել լսարանը», որպեսզի «կրիտիկական պահերին» օգտագործի այն:

RT-ն ներառված է Ռուսաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող հիմնական կազմակերպությունների պաշտոնական ցանկի մեջ: Սպուտնիկն ստեղծվել է նախագահի հրամանագրով՝ նպատակ ունենալով «արտասահմանին հայտնել Ռուսաստանի պետական քաղաքականությունը»: RT-ն ամեն տարի միլիոնավոր ռուբլիներ է ստանում Ռուսաստանի պետության կողմից: Օրինակ՝ 2020 թվականի Ռուսաստանի դաշնային բյուջեի նախագծում RT-ի համար նախատեսված էր գրեթե 23 միլիարդ ռուբլի կամ 325 միլիոն եվրո: Պետական լրատվամիջոցների համար նախատեսված Ռուսաստանի ընդհանուր բյուջեն մոտ 1,3 միլիարդ եվրո էր 2021 թվականին:

2. RT-ն և Սպուտնիկը օբյեկտիվ չեն, ոչ էլ ձգտում են այդպիսին լինել:

Անկախ լրագրողական հետաքննությունները ցույց են տալիս, որ RT-ի և Sputnik-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը կենտրոնական դեր է խաղում լրատվամիջոցների վերահսկման ցանցում, և ռուսական պետական վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցներին հրահանգում է, թե ինչ պետք է, և ինչ չպետք է, լուսաբանվի։ Նա խոստովանել է, որ «դեղին հեռախոսով» ուղիղ անվտանգ հեռախոսակապ ունի Կրեմլի հետ։

  1. Սիմոնյանը խիստ աջակցություն է հայտնել Ռուսաստանում տեղեկատվության հասանելիությունը սահմանափակելուն՝ կոչ անելով արգելել օտարերկրյա սոցիալական մեդիա ցանցերը, և ողջունել է բռնաճնշումները բելառուս լրագրողների նկատմամբ Լուկաշենկոյի ռեժիմի կողմից:

«Ռոսիյա Սեգոդնյայի» ղեկավար Դմիտրի Կիսելյովը, ում նկատմամբ ԵՄ-ն սանկցիաներ էր կիրառել 2014թ․-ին, իր աշխատակիցներին ասել է, որ «անկողմնակալ լրագրության շրջանը վերջացել է», և որ «օբյեկտիվությունը միֆ է»:

3. RT-ում աշխատում են լրագրության փորձ ունեցող մարդիկ, սակայն ՉԵՆ հետևում լրագրողական միջազգային չափանիշներին:

RT-ն «այլընտրանքային» լրագրության քողի ներքո ծառայել է Կրեմլի օրակարգին Արևմուտքում, որը նպատակաուղղված է հակազդելու «հիմնական ԶԼՄ-ների» ենթադրյալ կողմնակալությանը։ Այն հիմնվել է արևմտյան քաղաքական գործիչների, ակադեմիկոսների, լրագրողների և այլ ազդեցիկ հասարակական անձանց ելույթների վրա, որպեսզի բարձրացնի իր հեղինակությունը, և լայնորեն օգտագործում է հրապարակախոսական ձևաչափը՝ ապատեղեկատվությունը կարծիքի տակ քողարկելու համար:

Բայց դա միայն արտաքին տեսքն է. RT-ն չի կարող քողարկել իր հանրային հաշվետվողականության, թափանցիկության և խմբագրական անկախության հիմնովին բացակայությունը: Ի տարբերություն լրագրողական միջազգային չափանիշների, որոնց հետևում են միջազգային հանրային հեռարձակողները, RT-ն անթափանցիկ է իր բյուջեի, վերահսկիչ կառույցների և վերահսկողության մեխանիզմների առումով:

4. RT-ն և Սպուտնիկը մաս են կազմում ավելի մեծ ապատեղեկատվական էկոհամակարգի:

Լավ փաստագրված են հարաբերությունները RT-ի և Սպուտնիկի ու ռուսական ապատեղեկատվական էկոհամակարգի այլ հիմնասյուների միջև. պաշտոնական, միջնորդավորված և չարտոնված կապուղիների ու հարթակների հավաքածու, որը Կրեմլն օգտագործում է մոլորեցնող և մանիպուլյատիվ նարատիվներ ստեղծելու և տարածելու համար:

RT-ն և Սպուտնիկը նպաստում և մասնակցում են կիբերտարածքում ազդեցության գործողություններին՝ ներառյալ նրանց, որոնք վերագրված են Ռուսաստանի ռազմական հետախուզությանը՝ ԳՌՈՒ-ին:

5. RT-ի իրական ազդեցությունն առցանց և սոցիալական մեդիայում է։

RT-ն լավագույնս ընկալվում է ոչ թե որպես սոցիալական մեդիայում ներկայություն ունեցող հեռուստաալիք, այլ պրոֆեսիոնալ հեռուստատեսային հնարավորություններով աշխատանք սոցիալական մեդիայում: Ըստ Մեծ Բրիտանիայի մեդիա կարգավորիչ Ofcom-ի 2018թ. ուսումնասիրության՝ RT-ն ժողովրդականությամբ նախավերջին տեղում էր «նորություններ ստանալու համար հեռուստատեսությունն օգտագործող մեծահասակների շրջանում»՝ զբաղեցնելով լսարանի 2 տոկոսը:

RT-ի հասանելիությունը շատ ավելի մեծ է սոցիալական ցանցերում: 2020 թվականի սկզբին RT-ն 10 միլիարդ դիտում հավաքեց YouTube-ի բազմաթիվ ալիքներում: Այնուամենայնիվ, հանրության շրջանում RT-ի գրավչությունը սոցիալական ցանցերում վիճարկվել է միջազգային լրատվամիջոցների և ռուս ակտիվիստների կողմից: Հետաքննությունները պարզել են, որ RT-ն արհեստականորեն ուռճացնում է առցանց դիտողների թվերը՝ որպես լրատվամիջոց իր հանրաճանաչությունը ու կարևորությունը բարձրացնելու համար:

RT-ն ակտիվորեն փորձել է գրավել ԵՄ-ի տեղեկատվական տարածքը՝ Կրեմլի համար առանցքային նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ հոդվածների հսկայական ծավալով, օրինակ՝ Ալեքսեյ Նավալնիի թունավորման մասին փաստերի խեղաթյուրումը: RT-ի կողմից սոցիալական մեդիայի ներգրավվածությունը խթանելու նպատակով սենսացիոն, ապակողմնորոշիչ գլխագրերի օգտագործումը՝ զուգորդված հեղինակային իրավունքի ոչ խիստ քաղաքականության հետ, ստեղծել է վտանգավոր էկոհամակարգ, երբ RT-ի կոնտենտը հեշտությամբ կարող է տարածվել պրոքսի կայքերի կողմից՝ ակամա կամ նպատակաուղղված կերպով:

Տարիների ընթացքում RT-ն ստեղծել է բազմաթիվ սփին-օֆֆեր՝ հատուկ հարմարեցված սոցիալական ցանցերում տարածելու համար, որտեղ ժամանցային կոնտենտը համեմված է «ռուսական տեսակետի հետ»: Իր մի քանի մասնաճյուղերի ծխածածկույթի հետևում թաքնված՝ RT-ն հաղորդագրությունները հարմարեցնում և թիրախավորում է տարբեր լսարանների համար: RT-ն և նրա արբանյակ լրատվամիջոցները նաև ջանք չեն խնայել, որ քողարկեն իրենց կապերը միմյանց և Ռուսաստանի պետության հետ:

6. RT-ն նախկինում էլ է խնդիրներ ունեցել:

RT-ի և Սպուտնիկի նկատմամբ ԵՄ-ի սանկցիաները բացառիկ, թիրախային և ժամանակավոր միջոցառումներ են, որոնք ընդունվել են շատ յուրահատուկ, աննախադեպ՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմական ագրեսիայի համատեքստում, բայց Կրեմլի խոսափողները նախկինում էլ են խնդիրներ ունեցել:

Ուկրաինայում RT-ն արգելված է 2014 թվականից և երբեք չի կարողացել հեռարձակման լիցենզիա ստանալ Գերմանիայում։ 2019 թվականին Լրագրողների գերմանական ասոցիացիան պետական մեդիա իշխանություններին զգուշացրել է, որ «Russia Today»-ը մեզ համար տեղեկատվական լրատվամիջոց չէ, այլ Կրեմլի քարոզչական գործիքն է»: RT DE-ն փորձեց շրջանցել Գերմանիայի կանոնները և հեռարձակման լիցենզիա ստանալ Լյուքսեմբուրգում, սակայն Լյուքսեմբուրգի կարգավորիչ մարմինները նույնպես մերժեցին դիմումը: Այն բանից հետո, երբ RT DE-ն փորձեց եթեր դուրս գալ Գերմանիայում 2021 թվականի վերջին առանց հեռարձակման վավեր լիցենզիայի, նրա հեռարձակումը կասեցվեց Գերմանիայի լիցենզավորման և վերահսկման հանձնաժողովի կողմից:

RT-ն արգելված է Լատվիայում, Լիտվայում և Էստոնիայում: ԱՄՆ-ում RT-ն ստիպված էր գրանցվել որպես օտարերկրյա գործակալ: RT-ի նյութերը «էականորեն ապակողմնորոշիչ» էին ճանաչվել բրիտանական ԶԼՄ-ները կարգավորող Ofcom-ի կողմից, որը 2019թ․-ին 200,000 ֆունտ ստերլինգ տուգանք էր սահմանել: 2022թ. փետրվարին Ofcom-ը RT-ի լրատվական ալիքի հաղորդումների անաչառության առումով 15 նոր հետաքննություն է սկսել: Ֆրանսիայի հեռահաղորդակցման կարգավորիչը ևս նախազգուշացումներ է արել RT-ին։

7. RT-ն և Սպուտնիկը Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժումը նախապատրաստելու և աջակցելու գործիք են հանդիսացել:

RT-ն և Sputnik-ը շարունակում են Ուկրաինան նսեմացնող ապատեղեկատվական հայտարարություններ մշակել և տարածել՝ փորձելով արդարացնել Պուտինի պատերազմը և մոբիլիզացնել աջակցություն: Եվ նրանք դա արել են տարիներ շարունակ՝ որոշ օրինակներ տե՛ս 2016թ․-ից, 2017թ․-ից, 2018թ․-ից, 2019թ․-ից, 2020թ․-ից, 2021թ․-ից, 2022թ․-ից

2021 թվականին RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը մասնակցել է Դոնեցկում կայացած համաժողովին, որտեղ նա «Մայր Ռուսաստանին Դոնբասը տուն վերադարձնելու» կոչ է արել, ինչը բառացիորեն Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը խախտելու կոչ է։

Պատերազմ սկսելու վերաբերյալ Պուտինի հրամանից ընդամենը շաբաթներ առաջ RT-ն իր լսարանի զայրույթն առաջացրեց՝ հայտարարելով, որ «ուկրաինացիները ռուսական արյուն են ուզում»:

Մինչ ռուսաստանյան հրթիռներն ընկնում են ուկրաինական քաղաքների վրա, և՛ RT-ն, և՛ Սպուտնիկը շարունակում են ապատեղեկացնել և քողարկել Ուկրաինայի դեմ Պուտինի պատերազմի իրական բնույթը և մասշտաբը:


Subscribe to the DISINFO REVIEW

Your weekly update on pro-Kremlin disinformation

No, thank you.