Կրեմլյան ստերի ծխածածկույթի տակ քողարկված է ռուսական ռազմական ուժերի ծավալումը

Կրեմլի կողմից աջակցվող ապատեղեկատվության տարածմամբ փորձ է կատարվում թաքցնել Ուկրաինայի սահմաններին Ռուսաստանի ռազմական կուտակումների իրական ծավալը և նպատակները։
Հղում կատարելով թե՛ պաշտոնական կառավարական աղբյուրներին և թե՛ զանգվածային լրատվության հիմնական միջոցներին՝ մի շարք վստահելի լրատվամիջոցներ վերջին մի քանի ամիսների ընթացքում հաղորդել են, որ Ռուսաստանը շուրջ 90 000 զինվոր և ռազմական տեխնիկա է տեղակայել Ուկրաինայի հետ իր սահմանին գտնվող հավաքակայաններում։
Զինուժի նման տեղաշարժը աննախադեպ չէ․ թերևս բոլորս էլ հիշում ենք անցյալ տարվա ապրիլին իրականացված նմանատիպ կուտակումները, որոնք, կարծես թե, զորքերի ներկայիս ծավալման գլխավոր փորձն էին։ Սակայն այս անգամ թե՛ պաշտոնական հռետորաբանությունը, և թե՛ կրեմլամետ լրատվամիջոցների ռազմատենչ հայտարարություններն իրավիճակը շատ ավելի մտահոգիչ են դարձնում և՛ Ուկրաինայի, և թե՛ արևմուտքի համար:
Մի՛ հավատացեք ոչնչի, քանի դեռ այն չի հերքվել կրեմլամետ լրատվամիջոցների կողմից
Չնայած հավաստի աղբյուրների բազմաթիվ և հրապարակայնորեն հասանելի ապացույցներին՝ կրեմլամետ լրատվամիջոցները հերքել են ռազմական ուժի կուտակման մասին լուրերը և շարունակել են ապատեղեկատվություն տարածել դրանց զուտ պաշտպանական նշանակության և ՆԱՏՕ-ի սադրանքների մասին։
Բայց եթե ամեն դեպքում առկա է զինուժի կուտակում, ապա կրեմլամետ լրատվամիջոցների խեղաթյուրված տեսակետի համաձայն՝ դրա պատճառը Ուկրաինայի կողմից սպասվող անխուսափելի ռազմական ագրեսիան է, որտեղ գերիշխում են նեոնացիստները, որոնք, ըստ կրեմլյան անհիմն պնդումների, վերապատրաստվել են արևմտյան երկրներում։ Ավելին, բարեհաջող և լավ փորձարկված ապատեղեկատվական արշավների թիրախում ոչ միայն Ուկրաինան է, այլ միշտ առկա է Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի թաքնված ձեռքը, իսկ իրադարձությունների նմանօրինակ զարգացման պատճառը վերջիններիս ագրեսիան է և չարամիտ շարժառիթները։
Կրեմլամետ լրատվամիջոցների երկար տարիներ ձգվող ապատեղեկատվական հայտարարությունները, ինչպիսիք են՝ ՆԱՏՕ-ի կողմից իր պարտավորությունների ենթադրյալ խախտումը և դեպի Արևելք ընդլայնումը, Ռուսաստանի ներկայացումը որպես «հակառուսական» հռետորաբանության զոհ և թշնամական ուժերի կողմից Ռուսաստանի շրջափակումը, կրկին սկսեցին «փոշազերծվել» և շրջանառության մեջ դրվել՝ հիմնավորելու համար ռուսական զինուժի ծավալումը և էլ ավելի ընդլայնումը։
Դժվար է ձերբազատվել վատ սովորություններից
«Ազդեցության ոլորտների» և իրենց ապագան ու ճակատագիրն ազատորեն որոշելու հարցում «պետությունների սահմանափակ ինքնիշխանության» մասին հայտարարությունները ևս մեկ անգամ ցույց են տալիս Կրեմլի անկարողությունը՝ գնահատելու անցյալը և դրա հիման վրա կատարելու եզրահանգումներ՝ նախկինում կատարված սխալները չկրկնելու համար։
Վերագնահատելով անցյալի սխալները՝ Կրեմլը, օրինակ՝ կարող է վերահաստատել Ռուսաստանի պարտավորությունները «հարգելու Ուկրաինայի անկախությունն ու ինքնիշխանությունը և գոյություն ունեցող սահմանները» և «զերծ մնալու Ուկրաինայի դեմ ուժի սպառնալիքից կամ դրա կիրառումից», ինչպես սահմանված է Բուդապեշտի անվտանգության երաշխիքների մասին հուշագրում։
Այլ հիշարժան ապատեղեկատվական պնդումներ.
- Իրականացվում է քարոզչական արշավ, որի նպատակն է ողջ աշխարհին վարակել Օմիկրոնով – Ոչ, աշխարհի բնակչության ճակատագիրը որոշող չարակամ «համաշխարհային էլիտա» գոյություն չունի: Սա անլուրջ դավադրություն է։
- Բրյուսելը մեղադրում է Մինսկին միգրացիոն ճգնաժամի համար, բայց Արևմուտքը դրա միակ պատասխանատուն է – Վերջինս մեկ այլ փորձ է՝ շեղելու ուշադրությունը Լուկաշենկոյի վարչակարգից, որն ստեղծել է միգրացիոն ճգնաժամը և ցինիկ կերպով ենթարկում է մարդկանց քաղաքական շահարկումների։