Սև օր Ռուսաստանում լրատվամիջոցների և խոսքի ազատության համար (թարմացված է՝ մարտի 7-ին)

Մարտի 4-ին Ռուսաստանի խորհրդարանը միաձայն և ռեկորդային արագությամբ ընդունեց «Ռուսական զինված ուժերի մասին ֆեյքերի համար պատասխանատվության» մասին օրենքը: Այն խստագույն պատիժ է նախատեսում յուրաքանչյուրին, ով կհամարձակվի քննադատություն հնչեցնել կամ հարցականի տակ դնել Ուկրաինայում Պուտինի պատերազմը: Մարտի 5-ից օրենքն արդեն տարածվում է Պուտինի 300 000-անոց ուժեղ ազգային գվարդիայի՝ Ռոսգվարդիայի քննադատության վրա, որն այժմ գործում է Ուկրաինայի օկուպացված տարածքներում:
Այս օրենքով մեղադրվող քաղաքացիներին սպառնում է 1,5 միլիոն ռուբլու չափով (10 000-ից – 13 000 եվրո՝ կախված փոխարժեքից) տուգանք և մինչև 15 տարվա ազատազրկում բանտում կամ ուղղիչ-աշխատանքային գաղութում՝ պատերազմը քննադատելու կամ իշխանությունների կողմից «կեղծ» համարվող տեղեկություններ տարածելու համար, այն է՝ ամենի համար, ինչը շեղվում է իշխանությունների պաշտոնական գծից։
Օրենքը կիրառելի է Ռուսաստանի բոլոր ռեզիդենտների նկատմամբ՝ և՛ Ռուսաստանի, և՛ օտարերկրյա քաղաքացիների:
Ռուսական կոնտենտում նման օրենսդրությունը ճանապարհ է բացում գրեթե անսահմանափակ գրաքննության և ինքնագրաքննության համար։ Դա, անկասկած, կբերի Ռուսաստանում այլախոհության հետագա ճնշումների, և իրենից ներկայացնում է ԶԼՄ-ների և սոցիալական ցանցերի ամենադաժան ճնշումը հետխորհրդային Ռուսաստանում:
Եթերից դուրս, ցանցից դուրս՝ լուծարված է Գազպրոմի բաժնետիրոջ կողմից
Օրենքի կիրառումն արդեն երևում է: Վերջին ազատ ռադիոկայանի՝ հայտնի և հավասարակշռված «Էխո Մոսկվի» ռադիոկայանի վեբ-բովանդակության հեռացումն իրականացվել է խիստ պատժի սպառնալիքով: Ռադիոկայանն օրեր առաջ հանվել էր եթերից ռուսական «Ռոսկոմնադզոր» պետական մեդիա գործակալության կողմից: Բաժնետոմսերի մեծամասնության սեփականատեր «Գազպրոմ մեդիան» (այո, հենց այն «Գազպրոմ» պետական գազային ընկերությունը) որոշեց փակել լրատվական ընկերությունը, ինչն ակնհայտ քաղաքական լուծարում էր:
Մենք այլևս չենք կարող հղումներ կատարել «Էխո Մոսկվի»-ի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովի բողոքի հայտարարության վրա:
Ինքնագրաքննություն
«Նովայա գազետա» խաչակիր թերթը, որն իր գլխավոր խմբագիր Դմիտրի Մուրատովի հետ միասին արժանացել է 2021 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի, հաղորդագրություն է հրապարակել՝ տեղեկացնելով ընթերցողներին, որ այժմ իր կայքից և սոցիալական ցանցերի էջերից կհեռացնի Ուկրաինայի պատերազմին առնչվող բոլոր նյութերը՝ պաշտպանելու համար իր անձնակազմին: Ավելի վաղ հրապարակումներում «Նովայա գազետան» հաղորդում էր պատերազմի մասին և չէր խորշում օգտագործել այնպիսի բառեր, ինչպիսիք են՝ ներխուժումը, պատերազմը, ռմբակոծությունը, զոհերը և այլն: Մարտի 4-ի դրությամբ՝ «Նովայա գազետա»-ի կայքը դեռ հասանելի էր Ռուսաստանից:
Սոցիալական մեդիա հարթակներ, հարցումներ կազմակերպողներ, արտասահմանյան լրատվամիջոցներ՝ սովորական մարդիկ. ազատվե՛ք բոլորից
Տարիներ շարունակ Ռուսաստանում սոցիալական մեդիա հարթակները և ընդամենը մի քանի հազար մշտական օգտատեր ունեցող նորությունների ագրեգատորները օրենքի տեսակետից լրատվամիջոցներ են համարվել: Այսպիսով, հետևելով օրենքի տրամաբանությանը՝ հարթակները ստիպված կլինեն վերահսկել հրապարակվածը և հեռացնել կոնտենտը, հակառակ դեպքում՝ պատժի կենթարկվեն:
Հասարակական կարծիքի ուսումնասիրողները, ովքեր ուսումնասիրությունների արդյունքներ են հրապարակում, որոնցում հարցերը կարող են դիտվել որպես ուկրաինական պատերազմի քննադատություն ենթադրող, նույնպես մտնում են օրենքի շրջանակների մեջ:
Մնում է սպասել, թե ինչպես դա կանդրադառնա Ռուսաստանում գործող օտարերկրյա լրատվամիջոցների ու լրագրողների վրա։ Սկզբունքորեն, օրենքը սահմանափակումներ չունի և, հետևաբար, կիրառելի է ցանկացած մարդու նկատմամբ Ռուսաստանի կամ նրա իրավասության ներքո գտնվող տարածքում: Արդեն իսկ կան արտասահմանյան թղթակիցների օրինակներ, ինչպիսիք են՝ Le Monde-ի թղթակիցները, ովքեր սահմանափակում են իրենց հրապարակումները Twitter-ում, երբ գտնվում են Ռուսաստանում, կամ BBC-ն, որը դադարեցնում է իր լրագրողների աշխատանքը Ռուսաստանում:
Թարմացում (մարտի 7)․ Ռուսաստանում գործող առաջատար անկախ լրատվամիջոցները՝ և՛ ռուսական, և՛ արտասահմանյան, արգելափակվել են կամ մասամբ, կամ ամբողջությամբ, կամ հեռացրել են աշխատակազմը, կամ կրճատել / դադարեցրել են գործունեությունը՝ կապված նոր օրենքի հետ:
Զուգահեռաբար՝ մարտի 4-ին և 5-ին Ռոսկոմնադզորը Ռուսաստանի օգտատերերի համար արգելափակեց Ֆեյսբուքը, իսկ հետագայում՝ նաև Թվիթերը: Դա կազդի միլիոնավոր օգտատերերի վրա, քանի որ Ֆեյսբուքը գերակշռող հարթակ է Ռուսաստանում: Թվիթերը ևս տարածված է բիզնես համայնքում:
Միևնույն ժամանակ, մարտի 4-ին Պուտինը ստորագրեց ևս մեկ օրենք՝ «ռուսաստանցիների հիմնարար իրավունքները ոտնահարող օտարերկրացիների մասին»։ Բոլոր ուղղություններով, կարծես թե, օրենքների և կանոնակարգերի վիրտուալ հոսք է գալիս Կրեմլից:
Այս բոլոր դաժան օրենքները հստակ ազդանշան են տալիս. Ուկրաինայում Պուտինի չհրահրված և չարդարացված պատերազմի վերաբերյալ ոչ մի այլակարծություն չի հանդուրժվի։
Կարճ հարց…
Այժմ քչերն են համարձակվում Պուտինին և Կրեմլին ուղղել հետևյալ հարցը․ ինչո՞ւ է «Դոնբասը պաշտպանելու սահմանափակ գործողությունը» հանգեցրել ժամանակակից Ռուսաստանի պատմության մեջ ամենադաժան գրաքննությանն ու անձնական ազատությունների սահմանափակմանը:
Ինչո՞ւ։ Համաձայն հասարակական կարծիքն ուսումնասիրող ՎՑԻՈՄ-ի (ВЦИОМ)* (խորհրդային դարաշրջանի և դեռևս Կրեմլի հետ կապված կազմակերպության) մարտի 4-ին անցկացրած հարցման՝ ռուսաստանցիների 70%-ը պաշտպանում է Պուտինին, և 74%-ը հավանություն է տալիս նրա գործունեությանը: Ինչո՞ւ նրանց թույլ չի տրվում իրենց ուրախությունն արտահայտել Ֆեյսբուքում:
… իսկ Ռուսաստանի Սահմանադրությո՞ւնը…
Ավարտենք՝ մեջբերելով Ռուսաստանի Սահմանադրության Հոդված 29-ը
- Յուրաքանչյուր ոք ունի մտքի և խոսքի ազատության իրավունք։
- Սոցիալական, ռասայական, ազգային կամ կրոնական ատելություն և թշնամանք հրահրող քարոզչությունը կամ ագիտացիան անթույլատրելի են: Սոցիալական, ռասայական, ազգային, կրոնական կամ լեզվական գերակայության քարոզչությունն արգելված է:
- Ոչ ոքի չի կարելի հարկադրել իր մտքերն ու համոզմունքներն արտահայտելու կամ դրանցից հրաժարվելու:
- Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ցանկացած օրինական միջոցով ազատորեն փնտրելու, ստանալու, հաղորդելու, ստեղծելու և տարածելու տեղեկություններ: Պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների ցանկը սահմանվում է դաշնային օրենքով:
- Զանգվածային տեղեկատվության ազատությունը երաշխավորվում է: Գրաքննությունն արգելված է:
ԵՄ Գերագույն ներկայացուցիչ Բորելի հայտարարությունը տե՛ս այստեղ:
*ВЦИОМ-ը ստեղծվել է նախկին ԽՍՀՄ սոցիալական հարցերի նախարարության գիտահետազոտական բաժնի հիման վրա: