Տեղեկատվական տարածքի ձևավորում և կառավարում
Ռազմական ժարգոնում սպաները երբեմն խոսում են «ռազմաճակատի ձևավորման» մասին՝ նկատի ունենալով այն միջոցները, որոնք պայմաններ են ստեղծում համապատասխան գործողություններ իրականացնելու համար: Երբեմն այդ միջոցները ձեռնարկվում են նույնիսկ ռազմական գործողությունների սկսվելուց առաջ։ Շատ հաճախ մանիպուլյացիաներ և ապատեղեկատվություններ տարածող մարդիկ, ինչպես նաև բռնապետական կառավարիչները փորձում են հռետորաբար ձևափոխել ռազմական իրադարձությունների իրականությունը, երբ ձերբակալում են լրագրողներին, խափանում են անկախ կամ հետաքննող լրատվամիջողների աշխատանքը, հեղեղում են սոցիալական հարթակները սպամով կամ խեղաթյուրում օրակարգը՝ շեղելով ուշադրությունը ՝ անհարմար հարցերից խուսափելու համար: Այս բոլոր հնարքները հանրաճանաչ են, և բավականին արդիական են այս շաբաթ:
Անծանոթը Նյու Յորքում
Ելույթ ունենալով կիսադատարկ դահլիճի առջև՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ժամանակ միջազգային ուշադրությունը շեղելու ևս մեկ փորձ արեց՝ խուսափելով ակնհայտ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմի ցանկացած հիշատակումից:
Փոխարենը Լավրովն իր ժամանակի մեծ մասն օգտագործեց Արևմուտքին մեղադրելով ամեն ինչում ՝ անարդար աշխարհ ստեղծելուց մինչև Ռուսաստանի դեմ հիբրիդային պատերազմ վարելը: Նրա մանիպուլյատիվ հայտարարությունները ներառում էին այնպիսի պնդումներ, ինչպիսիք են՝
EUvsDisinfo-ի շրջանակներում մենք բազմիցս հերքել ենք նմանատիպ մանիպուլյատիվ և կեղծ պնդումները։ Պարզապես որոնում կատարե՛ք մեր տվյալների բազայում՝ օգտագործել այնպիսի բանալի բառեր, ինչպիսիք են՝ «ՄԱԿ-ի կանոնադրություն», «Նարնջագույն հեղափոխություն», «Մինսկի համաձայնագիր», «խաղաղ բանակցություններ», կամ «սանկցիաներ»։ Գոյություն ունեն նաև բազմաթիվ մանրամասն հոդվածներ, որոնք անդրադառնում են այս պնդումներին: Նմանատիպ սուտ պնդումները կարելի է հեշտ շտկել պարզապես փոխարինել «Արևմուտք», «ԱՄՆ», կամ «Ուկրաինա» և «Ռուսաստան բառերը», կամ հակառակը։ Արդյունքը կտա իրողությունների ավելի սթափ արտացոլումը։
Նյու Յորքում կայացած մամուլի ասուլիսում Լավրովը նաև հայտարարել է, որ Ռուսաստանը ճանաչում Է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը՝ 1991 թվականի դրությամբ սահմանված (երբ փլուզվել էր Խորհրդային Միությունը), պայմանով, որ Կիևը պետք է դուրս մնա քաղաքական դաշինքներից և հարգի ռուս փոքրամասնություններին:
Այս ապակողմնորոշիչ զրույցը շահարկում է քննարկման ընթացքը և ուշադրությունը շեղում հիմնական փաստերից: Ռուսաստանը անօրինական կերպով բռնակցեց Ղրիմը 2014 թվականին, զինված հակամարտություն սանձազերծեց Ուկրաինայի արևելքում ավելի ուշ՝ 2014 թվականի գարնանը, իսկ 2022 թվականի փետրվարին սկսեց բացահայտ լայնածավալ ներխուժում։ Այդ գործողությունները չեն վկայում «տարածքային ամբողջականությունը հարգելու» պատրաստակամության մասին։ Դրանք նաև հակասում են Պուտինի խոսքերին և ռուսական օրենքներին, որոնք ենթադրում են, որ Ղրիմը և Ուկրաինայի հարավ-արևելքում գտնվող չորս գրավյալ շրջաններն այժմ ընդմիշտ ռուսական տարածք են: Այդ ամենը Լավրովի կողմից պարզապես բանավոր մանևրում էր։
Կայծակնային պատերազմական գործողություններ Լեռնային Ղարաբաղում
Տարիներ շարունակ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում եղել է բավականին բարդ և լարված։ Ադրբեջանն ու Հայաստանը բազմաթիվ պատերազմեր են մղել այդ տարածաշրջանի համար։ Անցյալ շաբաթ Ադրբեջանը օդային հարձակում է ձեռնարկել՝ փաստացի տիրապետության տակ վերցնելով Լեռնային Ղարաբաղը։ Կարդացե՛ք տվյալ կարճ բացատրությունը.
Գերագույն ներկայացուցիչը սեպտեմբերի 21-ին հայտարարություն տարածեց, որում ասվում էր, որ ԵՄ-ն դատապարտում է Ադրբեջանի ռազմական գործողությունը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ, ցավում է այս էսկալացիայի հետևանքով առաջացած զոհերի և մարդկային կորուստների համար և կոչ է անում Ադրբեջանին թույլ տալ անհապաղ և անարգել հումանիտար հասանելիություն կարիքավոր բնակչությանը:
Կիրակի օրը՝ սեպտեմբերի 24-ին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննադատեց Ռուսաստանին և նրա ղեկավարած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը՝ նշելով դրա անգործունակությունը։ Ավելի ուշ Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավարը մեղադրեց Ռուսաստանի պետական պաշտոնյաներին և լրատվամիջոցներին Հայաստանի դեմ «հիբրիդային պատերազմ» սանձազերծելու մեջ։ Նա մատնանշեց Մոսկվայի հայտարարությունները, որոնք մեղադրում են ԱՄՆ-ին Լեռնային Ղարաբաղում ռազմական պարտության մեջ և Կրեմլի աջակցությունը Երևանում լայնածավալ բողոքի ցույցերին։
Սառը պատերազմի տարիներից պահպանված Կրեմլի պատկերացմամբ՝ Ռուսաստանից փոքր ոչ մի երկիր սեփական կարծիք չունի։ EUvsDisinfo-ն հավաքել է ապատեղեկատվության բազմաթիվ դեպքեր, որոնք բացահայտում են Կրեմլամետ ամենահայտնի խոսույթներից մեկը՝ «Արևմուտքի խամաճիկը»։ Կրեմլյան ապատեղեկատվության մեխանիզմն այն օգտագործում է ամեն հարմար առիթի դեպքում։ Լեռնային Ղարաբաղի իրադարձությունները բացառություն չեն։ Եվ այս անգամ ապատեղեկատվության «բարձրախոսներն» աշխատում են առավելագույն ծավալով:
Կրկին ամեն ինչում մեղավոր է Արևմուտքը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության վերջին հայտարարության մեջ մեղադրվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և, իհարկե, Արևմուտքը: Սա առաջին դեպքը չէ, երբ կրեմլամետ լրատվամիջոցներն իրենց ուշադրությունը կենտրոնացնում են, ըստ Մոսկվայի տեսանկյունի, Հայաստանի անհամապատասխան առաջնորդի վրա: Սա նաև առաջին դեպքը չէ, երբ Կրեմլը ժողովրդավարական ճանապարհով ընտրված առաջնորդին կապում է արևմտյան ազդեցության հետ: Ուկրաինան ևս մի նմանատիպ օրինակ է։
Հինգշաբթի օրը՝ սեպտեմբերի 20-ին, ռուսական առաջատար պետական հեռուստաընկերությունը «Առաջին ալիք»-ը մեղադրեց ԱՄՆ-ին լարվածություն հրահրելու մեջ: Կրեմլամետ լրատվամիջոցներն և պետական հարթակները, ներառյալ հիմնական հեռուստաընկերությունները, այս շաբաթ փորձեցին ադրբեջանական վերջին ռազմական գործողության և Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի մեղքը բարդել եվրոպացի առաջնորդների վրա, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի վրա` ակնարկելով, որ իրենք են կրում պատասխանատվությունը այն բանի համար, որ Երևանը ստիպված է հրաժարվել մնացյալ Լեռնային Ղարաբաղի տարածքներից:
Ավելի վաղ Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, ում մուտքը Հայաստան արգելված է դեռևս 2022 թվականից, քննադատական խոսք ուղղեց Հայաստանի վարչապետին և մեղքի որոշակի չափաբաժին ուղղեց ՆԱՏՕ-ին։ Ռուսաստանի նախկին նախագահ և Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հրապարակեց նույն պատմությունը պաշտպանող մի խոսուն ուղերձ. Նա հայտարարեց, որ «եղբայրական երկրի ինչ-որ գործընկեր» «պարտվել է պատերազմում, բայց տարօրինակ կերպով շարունակում է զբաղեցնել իր պաշտոնը»։ Այնուհետև, Մեդվեդևը հուզիչ կերպով ավելացրեց, որ իր այդ գործընկերը «որոշեց սիրախաղ անել ՆԱՏՕ-ի հետ, իսկ նրա կինը թխվածքաբլիթներ տարավ մեր թշնամիներին»: Գուշակեք, թե ինչ ճակատագիր է նրան սպասվում…»: Եկեք խոստովանենք, որ Մեդվեդևը լավագույն հեքիաթասացը չէ։
Հետևեք Կրեմլի ուղղուն
«Մեդուզա» լրագրողական հետաքննությունների ռուսական անկախ պարբերականի համաձայն՝ չորեքշաբթի՝ սեպտեմբերի 19-ին, Կրեմլը ուղեցույցներ է տարածել պետության կողմից վերահսկվող ռուսական լրատվամիջոցների համար, որոնցում ասվում է, որ նրանք պետք է մեղադրեն Հայաստանին և Արևմուտքին Բաքվի կողմից Լեռնային Ղարաբաղում ռմբակոծությունների համար: Meduza-ն ձեռք է բերել այս հրահանգների պատճենը՝ ռուսերեն «Temnik», որոնք ևս մեկ անգամ ցույց են տալիս Կրեմլի անմիջական վերահսկողությունը ռուսամետ տեղեկատվական տարածության վրա: Տե՛ս Temnik համակարգի վերաբերյալ մեր վերլուծությունը:
Իսկապես մանիպուլյատիվ մոտեցում է պահանջվում, որպեսզի կարողանաս Եվրոպայի առաջնորդներին կամ Միացյալ Նահանգներին պատասխանատվության ենթարկել Խորհրդային Միության փլուզումից հետո բռնկված հակամարտության համար։
Հնարավոր է, որ ապատեղեկատվության մասին այս հայտարարությունները արտացոլում են հիասթափված Մոսկվայի հուսահատ փորձը՝ խուսափելու անհարմար հարցերից, թե ինչու ենթադրաբար Ամենակարող Ռուսաստանը այնտեղ ներկա գտնվող ռուս խաղաղապահների հետ միասին, ի զորու չէր կանխել Ադրբեջանի ռազմական գործողությունները:
Գրաքննությունն Ուկրաինայի օկուպացված տարածքներում
Հասարակական տեղեկատվական տարածք ձևավորելու հերթական փորձի ժամանակ, այսպես կոչված, Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը հրամանագրեր է ստորագրել փոստի, համացանցային հաղորդակցության և հեռախոսային խոսակցությունների նկատմամբ պարետային ժամ և ռազմական գրաքննություն մտցնելու մասին: Սա ուշագրավ է առնվազն երկու պատճառով։ Նախ, Պուշիլինի նման մոսկովյան կամազուրկները սովորաբար պնդում են, որ տեղի բնակիչները հայրենասեր են և սիրում են Ռուսաստանը: Երկրորդ, Ռուսաստանը զբաղված էր ռուսական հեռուստատեսային ռադիոկայանների համար հաղորդիչներ տեղադրելով ՝ միաժամանակ գրավյալ շրջաններից փակելով համացանցի հասանելիությունը Ուկրաինայի մնացած հատվածների համար։ Ո՞րն է նմանատիպ քայլեր ձեռնարկելու պատճառը, եթե անհանգստանալու ոչինչ չկա։
Կարա-Մուրզան տեղափոխվել է Սիբիր
Բռնապետական ղեկավարների համար մարդկանց լռեցնելու հանրաճանաչ մեթոդներից է վերջիններիս տեղափոխել աշխարհի մի հեռու անկյուն։ Կիրառելով հայտնի գուլագի լռեցնելու մեթոդներ՝ Ռուսաստանի իշխանությունները ընդդիմադիր լրագրող Վլադիմիր Կարա-Մուրզային տեղափոխել են Օմսկի մարզի ուղղիչ գաղութ: Կարա-Մուրզան ծայրահեղ քաղաքականացված դատավարության ընթացքում դատապարտվել է 25 տարվա ազատազրկման՝ պետական դավաճանության, «անցանկալի կազմակերպության» գործունեությանը մասնակցելու և ռուսական բանակի մասին «կեղծ տեղեկություններ» տարածելու մեղադրանքով։ Տե՛ս այստեղ մեր հոդվածների շարքը, որը վերլուծում է փոփոխվող ռուսական տեղեկատվական տարածքը 2022 թվականի մարտին գրաքննության մասին օրենքների ընդունումից հետո։
Ինչպես նաև մեր ապատեղեկատվական ռադարի վրա են գտնվում՝
- «Ստոլտենբերգը հաստատել է, որ Ռուսաստանը ներխուժել է Ուկրաինա ՆԱՏՕ-ի պատճառով»։ Սխալ է։ Սա մեջբերման և համատեքստի ևս մի վտանգավոր և անհեթեթ մանիպուլյացիա է։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ճեղքել է Կրեմլի բոլոր ծխածածկույթները՝ ընդգծելով, որ Պուտինը ցանկանում է վերահսկել իր հարևան երկրներին՝ հաստատելով ազդեցության շրջան, և նա արդեն պատերազմ է սկսել դեռևս 2014 թվականին: Կարդացե՛ք իրական մեջբերումներն այստեղ։
- «Արևմուտքի հավաքական ուժերի կողմից ձեռնարկած ռազմական գործողություններ Սևաստոպոլում»։ Սխալ է։ Ուկրաինայի զինված ուժերը գործել են ինքնապաշտպանության նպատակով, ինչպես ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածում։ Ռուսաստանի Սևծովյան նավատորմի շտաբը օկուպացիոն ուժեր են, որոնք ապօրինի տեղակայված են ուկրաինական Ղրիմի թերակղզում:
- «Ռուսաստանը ոչնչացրել է գերմանական զորքերի կողմից կառավարվող “Լեոպարդ” տանկը»։ Կրկին սխալ տեղեկություն։ Մոսկվան համառորեն փորձում է ցնցող նորությունների, սկանդալների և դավադրությունների միջոցով պնդել, որ Արևմուտքը պատերազմ է սանձազերծել Ռուսաստանի դեմ։ Այս դեպքում ևս լրատվամիջոցները չեն ներկայացրել որևէ վստահելի ապացույց կամ փաստաթուղթ: Առանց ճշգրիտ ժամանակի և վայրի վերաբերյալ տեղեկություններն ընգծելու, ինչպես նաև բավականին անորոշ տվյալներով՝ սա ևս մեկ փորձ է ռուս ժողովրդի ռազմատենչ և հայրենասիրական տրամադրություններն ուժեղացնելու համար։