Read this article in EN RU IT ES FR DE PL BY HY AZ UA RO KA

1000-ից ավել բանտարկյալները Բելառուսում բավարար չեն ռեժիմի ԶԼՄ-ների համար

17 Փետրվարի, 2022

1000 քաղբանտարկյալի նշաձողը գերազանցվեց

Ավելի վաղ մենք քննել էինք, թե ինչպես են բռնաճնշումները Բելառուսում ստանում գրեթե անհեթեթ դրսևորումներ: 2022 թվականի փետրվարի 1-ի դրությամբ, Բելառուսի քրեակատարողական հիմնարկներում 1022 քաղբանտարկյալ է պահվում, ինչպես հայտնել է մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող բելառուսական «Վյասնա» (բելառուսերեն՝ գարուն) կազմակերպությունը: Այն ուժեղ ճնշման տակ է գտնվում: «Վյասնա»-ի կայքը և նրա բոլոր սոցիալական մեդիա հաշիվները բելառուսական ռեժիմի կողմից համարվում են «ծայրահեղական», ինչպես նաև բելառուսական քաղաքացիական հասարակության բազմաթիվ այլ կազմակերպություններ: «Վյասնա»-ի նախագահ Ալես Բյալյատսկին, ինչպես նաև նրա վեց այլ կամավորներ, բանտում են:

Ըստ «Վյասնա»-ի 2022 թ. հունվարի զեկույցի՝ մարդու իրավունքների վիճակը Բելառուսում հոռետեսական է, ինչպես և նախորդ բազմաթիվ զեկույցներում: Ոստիկանության աշխատակիցները շարունակել են անհիմն արշավները Բելառուսի տարածքում՝ ներխուժելով տներ և բնակարաններ՝ բողոքի խորհրդանիշներ փնտրելու նպատակով: Քաղբանտարկյալների թիվն անշեղորեն մեծանում է: Քաղաքական դրդապատճառներով քրեական գործերի քննության ժամանակ շարունակում են խոշտանգումներ և դաժան վերաբերմունք կիրառվել: Ավելին, պետական ​​իշխանությունների կողմից քաղբանտարկյալների համար դիտավորյալ կերպով շարունակում են ստեղծվել խոշտանգումների հասնող անմարդկային պայմաններ։

«Վյասնա»-ի կայքը, որը Բելառուսից անհնար է մուտք գործել առանց էլեկտրոնային խոչընդոտները շրջանցելու համար նախատեսված VPN-ի, քաղաքական դրդապատճառներով մարդկանց հետապնդելու համար քրեական և վարչական մեղադրանքների ակտիվ օգտագործման բազմաթիվ լավ փաստագրված դեպքեր է ներկայացնում: Այն մանրամասն հաշվետվություն է ներկայացրել 2022թ. փետրվարի 7-ին կայացած դատական նիստի մասին, որը 69-ամյա կնոջը՝ Գալինա Միխալչուկին, դատապարտել է երկուսուկես տարվա ազատազրկման՝ տեղական Telegram-ի ալիքում Ալեքսանդր Լուկաշենկոյի, պետական ​​պաշտոնյաների և ոստիկանների վերաբերյալ բացասական մեկնաբանությունների համար։ Համաձայն դատախազի՝ «կինը մեղադրվում է ռեժիմի նկատմամբ ատելության համար», և այդ զգացմունքը պատժվել է երեք քրեական հոդվածներով:

Բողոքի ակցիաների հետ կապված քրեական գործերի վերաբերյալ պարբերաբար թարմացվող թվեր չկան: Իրավապաշտպան կազմակերպություններն ամեն հնարավորն անում էին համապատասխան վիճակագրություն հավաքելու համար՝ մինչև 2021 թվականին լուրջ ճնշումների սկսվելը: Ըստ նրանց՝ 2020թ. նոյեմբերի սկզբներին Բելառուսում այդ բողոքի ակցիաների հետ կապված ավելի քան 900 քրեական գործ է հարուցվել: Վերջերս անկախ լրատվամիջոցներն ուշադրությունը դարձրեցին Ներքին գործերի նախարարության կողմից տրամադրված 2021 թվականի վիճակագրությանը, որտեղ ասվում էր, որ 2021 թվականի ընթացքում, բողոքի ակցիաների հետ կապված՝ հարուցվել է շուրջ 5500 քրեական գործ:

«Չափազանց մարդասիրական» դատավճիռներ

Լուկաշենկոյի վարչակարգի կողմից վերահսկվող լրատվամիջոցները և սոցիալական ցանցերի օգտատերերն աջակցում և խրախուսում են իրավապահ և դատական ​​մարմինների անսանձ բռնաճնշումները: Նրանք հայտարարում են, որ դատավճիռները կարող են և պետք է լինեն ավելի խիստ, նվաստացնեն քաղբանտարկյալներին, երբեմն նաև թիրախավորեն նրանց հարազատներին, օգտագործում են տարբեր ստորացուցիչ հայտարարություններ քաղաքական ընդդիմախոսների լայն կատեգորիայի վերաբերյալ և վտարանդի ժողովրդավար առաջնորդներին և ակտիվիստներին սպառնում են հաշվեհարդարով:

Նախագահական վարչախմբի «Բելառուսն այսօր» (Беларусь сегодня) թերթն ավելի վաղ արձագանքել էր բողոքների հետ կապված քրեական գործերում աննշան օրինախախտումների համար շատ խիստ դատավճիռների նկատմամբ մեկնաբանություններին՝ գրելով. «Ոստիկանական հատուկ ուժերի վրա ծաղկաթմբից պոկված ծաղիկ նետելու համար չորս տարի, այո: Եվ դուք պետք է շնորհակալ լինեք ավելի մեծ պատիժ չստանալու համար: Երեք տարվա բանտարկություն մի քանի անգամ ոստիկանական մեքենային հարվածելու համար՝ առանց այն վնասելու: Եվ եթե մի փոքր քերծվածք մնացած լիներ [մեքենայի վրա], [պատիժը] պետք է առնվազն երեք տարի ավել լիներ»:

Նույն լրատվամիջոցը հրատարակել էր նվաստացուցիչ հոդված, որը վերաբերում էր Բելսատի երկու լրագրողի՝ 27-ամյա Եկատերինա Անդրեևային և 23-ամյա Դարյա Չուլցովային, երկու տարվա բանտարկության դատապարտմանը՝ պրոդեմոկրատական բողոքներից մեկը հեռարձակելու համար: Թերթը լրագրողներին համեմատել է «հրետանու նշանառության ճշտողների» հետ, որոնք աշխատում են թշնամու օգտին, և պատժաչափն անվանել է «չափազանց մարդասիրական»: Հոդվածում նույնիսկ ասվում է, որ ազատազրկումն օգտակար է լրագրողական հմտությունների համար: «Առնվազն կարել կսովորեն»՝ տարածված մասնագիտություն բելառուսական բանտերում: Բելառուսի և Շվեյցարիայի քաղաքացի Նատալյա Հերշեն, ով Բելառուսում երկուսուկես տարվա ազատազրկման էր դատապարտվել ոստիկանի բալակլավա գլխարկը պոկելու համար, բանտի կարի արտադրամասում աշխատող քաղբանտարկյալներից է։ Հաղորդվել է, որ իր մշտական աշխատանքի համար ծաղրական ցածր ամսեկան աշխատավարձ է ստացել՝ 6,66 բելառուսական ռուբլու (մոտ 2 եվրո) չափով:

Մինչ «սովորական» քաղբանտարկյալները նվաստացուցիչ հայտարարությունների իրենց չափաբաժինն են ստանում պետության կողմից վերահսկվող առցանց լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում, վտարանդի ժողովրդավար առաջնորդներն ստանում են բացահայտ կամ անուղղակի սպանության սպառնալիքներ: Բելառուսական ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայայի՝ 2021թ. հունիսին ԱՄՆ Կոնգրեսում ունեցած ելույթից հետո, երբ նա ավելի խիստ պատժամիջոցների կոչ արեց, Telegram-ի ալիքներից մեկում գրվեց՝ «Ոչ վաղ անցյալում սա կոչվում էր պետական դավաճանություն և հատկապես վտանգավոր հակապետական գործունեություն։ Նման քաղաքացիների նկատմամբ կիրառվել է մահապատիժ։ Պատիժն ի կատար ածելու անհնարինության դեպքում՝ սառցատապար կամ թունավորած հովանոց է օգտագործվել»։ Այս ուղղակի կապը գաղտնի արտադատական մահապատիժների հայտնի պատմական դեպքերի հետ բռնության հերթական աղաղակող կոչն է:

Երբեմն հարձակումների են ենթարկվում նաև քաղբանտարկյալների հարազատները, մասնավորապես՝ անանուն իշխանամետ Telegram ալիքներում։ Հենց որ խիստ ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութում 15 տարվա ազատազրկման դատապարտված 29-ամյա բլոգեր Իգոր Լոսիկի կինը՝ Դարյա Լոսիկը, հայտնեց, որ վեց տարի անց թողնում է իր տնտեսագետի պաշտոնը պետական պոլիկլինիկայում, քարոզչություն տարածող մի Telegram-ի ալիք գրեց. «Ինչպե՞ս է պատահել, որ խելագարված կին զմագարը [նշում. նվաստացուցիչ արտահայտություն քաղաքական հակառակորդների համար], որի ամուսինը ծայրահեղական է և օտարերկրյա գործակալ, այսքան ժամանակ աշխատել է պետական սեկտորում»։

À la guerre comme à la guerre

Ավելի վաղ մենք ցույց ենք տվել, թե ինչպես է Բելառուսի պետական հեռուստատեսությունը ատելություն սերմանել և ընդդիմադիր ակտիվիստներին անվանել «հուդաներ»՝ նրանց ուղղակիորեն ոչնչացնելու կոչ անելով: Ներկայումս վարչախմբի ուշադրության կենտրոնում փետրվարի 27-ին նոր սահմանադրության (Լուկաշենկոյի դիրքերն ամրապնդող), այսպես կոչված, հանրաքվեին բարձր մասնակցության ապահովումն է: Հանրաքվեն բոյկոտել առաջարկող ընդդիմության կոչերը երբեմն հավասարեցվում են նացիստական կոլաբորացիոնիզմին: Ռուսական պետական լրատվամիջոցները ևս խառնվում են, և դա ներկայացնում որպես կործանարար գործողություն Բելառուսի պետականության դեմ։

Պետական քարոզչությունն արդարացնում է անխնա ռեպրեսիաներն ու հռետորաբանությունը՝ պնդելով որ Բելառուսի դեմ Արևմուտքի՝ նացիստականի նմանվող ագրեսիան շարունակվում է, որին աջակցում են ներքին քաղաքական հակառակորդները։ Ինչպես փետրվարին իր հաղորդման մեջ ասել է պետական STV հեռուստաալիքը․ «Նոր տոտալիտար արևմտյան Ռայխը համաշխարհային համակենտրոնացման ճամբար է ստեղծում: Ենթադրվում է, որ այս ճամբարն ամբողջությամբ պետք է վերահսկի ոչ միայն մարդկանց, այլև նրանց մտքերը, զգացմունքները և հոգիները […] Զորքերը շարժվում են դեպի արևելք, նրանց դիմավորում են կոլաբորացիոնիստները սպիտակ-կարմիր-սպիտակ դրոշներով»։ Անկախ լրատվամիջոցները դիտվում են որպես «օտարերկրյա գաղութատիրական տեղեկատվական զորքեր», ինչպես «Բելառուս սեգոդնյա» մեդիա հոլդինգի ղեկավար Դմիտրի Ժուկն է ասել։

«Եկեք կազմենք թշնամու հետ մեր համագործակցողների ցուցակը, ինչո՞ւ ենք ամաչում: Եթե դուք պետության և պետական կարգի դեմ եք՝ մտեք ցուցակի մեջ: Ընտանիքի անդամների և հարազատների հետ: Եվ հրապարակայնորեն՝ ազգանունները կարելի է տպել կոմունալ վճարների թերթիկների դարձերեսին՝ թող հարևաններն իմանան», հերթական անգամ գրել է «Բելառուս Սեգոդնյա»-ն 2021 թվականի մարտին։

Բելառուսի ռեժիմը կարծես թե հակված չէ մեղմելու իր մոտեցումը։ Ընդհակառակը, պարբերաբար հնչում են նոր ռեպրեսիվ նախաձեռնություններ։ 2022 թվականի փետրվարի 8-ին Բելառուսի Անվտանգության խորհուրդը քննարկել է քաղաքական հակառակորդներին բելառուսական քաղաքացիությունից զրկելու հարցը։ «Թող յուրաքանչյուր դավաճան մտածի՝ կա՛մ շարունակել վնաս հասցնել երկրին, կա՛մ իրեն պարկեշտ պահել», ասել է Անվտանգության խորհրդի պետքարտուղար, բանակի գեներալ Ալեքսանդր Վոլֆովիչը։ Ավելին, նույն հանդիպման ժամանակ Լուկաշենկոն քննարկել է առաջատար քաղաքական ընդդիմադիրների հեռակա քրեական հետապնդում ներմուծելու հարցը՝ մասնավորապես ակնհայտորեն նկատի ունենալով այժմ Լիտվայում գտնվող Սվետլանա Տիխանովսկայային:

Քաղբանտարկյալների թիվը, թերևս, բռնապետության ամենապարզ ցուցանիշն է։ Այսօրվա դրությամբ՝ 1062 անձ։ Հետևեք ամենօրյա հաշվարկին այստեղ և համապատասխան ԵՄ հայտարարություններին այստեղ և այստեղ: