Կրեմլամետ ապատեղեկատվության առանձնահատկությունը դրա կրկնությունն է: Իրենց կատարած բոլոր չափազանցված պնդումներով՝ կրեմլամետ լրատվամիջոցների ձայնը հաճախ հնչում է ինչպես կոտրված ձայնապնակ, որը շարունակ կրկնում է ներքին և միջազգային լսարանի համար նախատեսված մի շարք հիմնական հայտարարություններ: Դա պատահականության կամ անփութության արդյունք չէ, այլ միտումնավոր է․ կրկնությունն օգնում է դարձնել սուտն ավելի արժանահավատ։ Կրեմլամետ ապատեղեկատվական լրատվամիջոցները հասնում են դրան՝ մի շարք նարատիվների շարունակական կրկնությամբ, որոնք որպես ձևանմուշ են ծառայում կոնկրետ իրադարձությունների լուսաբանման համար։
Նարատիվն ընդհանուր ուղերձ է, որ հաղորդվում է տեքստերի, նկարների, փոխաբերությունների և այլ միջոցներով։ Նարատիվներն օգնում են փոխանցել որևէ ուղերձ, դրանք սպասում են առաջացնում և տեղեկատվությունը դարձնում գրավիչ։ Դրանք կարող են միավորվել և փոփոխվել՝ ընթացիկ իրադարձություններին և գերակա մոտեցումներին համապատասխան։ Դրանցից մի քանիսը գոյություն ունեն արդեն հարյուրավոր տարիներ. «Արևմուտքի անկման» մասին նարատիվը՝ իր տարբեր ձևափոխված տեսակներով, գոյություն է ունեցել 19-րդ դարից ի վեր։ EUvsDisinfo-ն առանձնացրել է հինգ գերիշխող նարատիվների խումբ, որոնք օգտագործվում են կրեմլամետ ապատեղեկատվական լրատվամիջոցների կողմից և հանդիսանում են կրեմլյան հորինվածքի հիմնական բաղադրիչ տարրերը։ Մենք տեսել ենք այս հիմնական ապատեղեկատվական նարատիվները, որոնք օգտագործվել են բազում իրավիճակներում՝ ընտրություններին միջամտելու փորձերում, COVID-19 համավարակի ողջ ընթացքում, Ուկրաինայի չհրահրված պատերազմն արդարացնելու ջանքերում:
Ձեզ ենք ներկայացնում հինգ ամենատարածված ապատեղեկատվական նարատիվների թարմացված տարբերակը, որոնք շարունակում են հայտնվել ռուսական և կրեմլամետ ապատեղեկատվական լրատվամիջոցներում։ Ահա դրանցից երկրորդը։ Տե՛ս նաև Նարատիվների Մաս 1-ը. Էլիտաներն ընդդեմ ժողովրդի՝ այստեղ:
Նարատիվ թիվ 2. «Վտանգված արժեքները»
«Վտանգված արժեքների» մասին նարատիվը հարմարեցված է թեմաների լայն շրջանակի և սովորաբար օգտագործվում է մարտահրավեր նետելու, ի թիվս այլոց՝ կանանց, էթնիկ և կրոնական փոքրամասնությունների և ԼԳԲՏՔԻ+ խմբերի իրավունքների նկատմամբ արևմտյան վերաբերմունքին: Կրեմլամետ մեկնաբանները ծաղրում են արևմտյան ենթադրյալ «բարոյական անկումը» կամ «այլասերված վերաբերմունքը»։ Ի հակադրություն՝ Ռուսաստանը և ուղղափառ քրիստոնեությունը ներկայանում են որպես ավանդական արժեքների իսկական պաշտպաններ, ինչպես ներկայացնում է ռուսական քարոզչական բնույթի այս պաշտոնական տեսանյութը:
Համաձայն այս նարատիվի՝ «կանացի Արևմուտքը փտում է քայքայման, ֆեմինիզմի և «քաղաքական կոռեկտության» ճնշման տակ և փլուզում է իր տնտեսությունը, մինչդեռ Ռուսաստանը մարմնավորում է ավանդական պապենական արժեքներ: Այս նարատիվը պատկերված է 2015 թվականի մի ծաղրանկարում, որը տարածել է Ռուսաստանի պետական ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը, որում պատկերված է Եվրոպայի ակնհայտ բարոյական անկումը՝ Հիտլերից մինչև սեռական աղավաղում, մինչև կատաղած բորենիների ապագան:
Անկում ապրող Արևմուտքի գաղափարի հակադրումը Ռուսաստանին, որը պարկեշտության և բարոյականության «պահապանն» է, գալիս է հենց Կրեմլի ամենավերևներից: Արտաքին հարաբերությունների եվրոպական խորհրդի վերլուծության համաձայն՝ դեռևս 2013 թվականին Պուտինն այս կեցվածքն էր ընդունել՝ «եվրատլանտյան» երկրներին մեղադրելով իրենց բարոյական անկման և անբարոյականության մեջ։
Սեքսի մասին խոսելիս…
Կրեմլամետ լրատվամիջոցները ջերմորեն հետևեցին այդ օրինակին: Ռուսական պետական հեռարձակող Սպուտնիկ գործակալությունը արևմտյան զանգվածային մշակույթը նկարագրել է որպես «մանկապղծության տարբեր ձևեր»: Արաբերենով աշխատող կրեմլամետ լրատվամիջոցները պնդում էին, որ Արևմուտքը փորձում է ոչնչացնել հիմնարար արժեքները, ինչպիսիք են պետության և ընտանիքի հետ կապված արժեքները: Կրեմլամետ ապատեղեկատվական լրատվամիջոցները Հայաստանում պնդում էին, որ Արևմուտքն օտար բարոյական հիմքեր է «սերմանում», որ խարխլի այլ պետությունների ազգային ինքնությունը: Այս նարատիվում Կրեմլին ոչ միայն հաջողվում է «պահպանել» տարրական պարկեշտությունն ու արժեքները, այլև՝ «պաշտպանել» դրանք Արևմուտքի անբարոյականության հարձակումից։
Համաձայն Արտաքին հարաբերությունների եվրոպական խորհրդի վերլուծության՝
«Քարոզչական խորամանկ հնարքներից մեկն այն էր, որ միախառնելով սոցիալ-պահպանողական և հակաարևմտյան կեցվածքները՝ ուժեղացվեր չար Արևմուտքի կերպարը: Այդպիսով, Արևմուտքն ու արևմտամետները, գեյերը, լիբերալները, ժամանակակից արվեստագետները և նրանց երկրպագուները, նրանք, ովքեր պատշաճ հարգանքով չէին վերաբերվում ռուս ուղղափառ եկեղեցուն, և նրանք, ովքեր համարձակվում էին կասկածի տակ դնել Ռուսաստանի անբիծ պատմությունը, բոլորը ներկայացվեցին որպես մեկ «անբաժանելի չարիք», սպառնալիք Ռուսաստանին, նրա մշակույթին, արժեքներին և ազգային ինքնությանը»:
Հոմոֆոբիան ձեռք ձեռքի է գնում ավանդական արժեքների պաշտպանության պահանջի հետ, ուստի զարմանալի չէ, որ ռուսական պետական լրատվամիջոցները ժամանակ են ծախսում ծաղրելու, օրինակ՝ սեռական փոքրամասնությունների իրավունքները, ինչպես ցույց է տրված այս օրինակներում: Կրեմլամետ լրատվամիջոցները վերջերս նաև դիմել են հոմոֆոբ կլիշեների՝ նսեմացնելու համար ուկրաինացի զինծառայողներին:
Կրեմլամետ լրատվամիջոցներն առանձնահատուկ հրճվանք են ապրում, երբ կարողանում են մեկ կրակոցով երկու նապաստակ սպանել՝ ամենազոր ԵՄ-ին մեղադրելով բռնակալ պահվածքի մեջ՝ հրամայելով առանձին պետություններին վերացնել կամ ոչնչացնել սեփական արժեքները: Օրինակներից մեկը շահարկված և խիստ խեղաթյուրված հետևյալ պատմությունն է՝ «Եվրախորհրդարանն արգելում է մայր և հայր բառերը»:
Առողջ դատողությունը
Արժեքների վրա հիմնված ապատեղեկատվական նարատիվները սովորաբար կենտրոնանում են վտանգված այնպիսի հասկացությունների վրա, ինչպիսիք են «ավանդույթը», «պարկեշտությունը» և «առողջ դատողությունը»․ տերմիններ, որոնք բոլորն էլ դրական նշանակություն ունեն, բայց հազվադեպ են հստակ սահմանվում:
Նարատիվը «մենք ընդդեմ նրանց» շրջանակ է ստեղծում, որը ենթադրում է, որ ավանդական արժեքների նվիրյալներին այժմ սպառնում են նրանք, ովքեր ընդդիմանում են դրանց, և փոխարենը՝ ձգտում են բարոյապես սնանկ հակաուտոպիա հաստատել: Ռուսական և կրեմլամետ ապատեղեկատվական լրատվամիջոցները 2018 թվականի Շվեդիայի համընդհանուր ընտրությունների նախաշեմին առաջ մղեցին այս նարատիվի տարբերակները, ինչպես կարելի է տեսնել այստեղ և այստեղ: Ռուսալեզու լրատվամիջոցներում, ինչպիսին է տխրահռչակ Սանկտ Պետերբուրգի տրոլների ֆաբրիկա RIAFAN լրատվական գործակալությունը, այս նարատիվի լեզուն առանձնապես ագրեսիվ է. «Ինչի է դա նման հաղթական հանդուրժողականության երկրում. գեյերի և լեսբիների թելադրանքը, տղամարդկանց և կանանց ճնշումը, ռուսաֆոբիան և վախը»:
Ի տարբերություն արևմտյան հայեցակարգի, որը պաշտպանում է անձի անձեռնմխելիության, անվտանգության և կարծիք արտահայտելու ազատության անհատական իրավունքները, ռուսական արժեհամակարգը ներառում է կոլեկտիվ նորմերի մի շարք, որոնց պետք է համապատասխանի յուրաքանչյուր անհատ:
Այնուամենայնիվ, վտանգված արժեքների նարատիվը միշտ արտահայտվում է ընկալվող բարձր բարոյականության դիրքերից, որտեղ պարկեշտությանը և ավանդականությանը հավատարիմ լուռ մեծամասնությունը ենթարկվում է լիբերալ «բռնակալության» հարձակմանը: Թիրախային լսարանին հրավիրում են Կրեմլի դրոշի ներքո միանալ հերոսական շարքերին՝ անվախ պայքարելով ընտանեկան արժեքների, ավանդական քրիստոնեության և մաքրության համար:
«Վտանգված արժեքների» մասին ավելին կարդացեք այստեղ: