Մեր մասին

EUvsDisinfo-ն Եվրոպական արտաքին գործերի ծառայության East StratCom աշխատանքային խմբի առաջատար նախագիծն է: Այս ստեղծվել է 2015թ.-ին՝ նպատակ ունենալով ավելի լավ կանխատեսել, լուծումներ գտնել և արձագանքել Ռուսաստանի Դաշնության շարունակական ապատեղեկատվական արշավներին, որոնք ազդում են Եվրամիության, նրա անդամ պետությունների և ընդհանուր հարևանությամբ գտնվող երկրների վրա:

EUvsDisinfo-ի հիմնական նպատակն է բարելավել Կրեմլի ապատեղեկատվական գործողությունների վերաբերյալ հասարակության իրազեկությունն ու ըմբռնումը, ինչպես նաև օգնել Եվրոպայում և դրա սահմաններից դուրս բնակվող քաղաքացիներին՝ դիմադրողականություն զարգացնել թվային տեղեկատվական և մեդիա մանիպուլյացիաների դեմ:

Ինչ ենք մենք անում

Օգտագործելով տվյալների վերլուծություններ և 15 լեզուներով լրատվամիջոցների մոնիթորինգի արդյունքները՝ EUvsDisinfo-ն գտնում, հավաքում և բացահայտում է ապատեղեկատվության դեպքերը, որոնք հրապարակվել են ԵՄ-ում և Արևելյան գործընկերության երկրներում գործող կրեմլամետ լրատվամիջոցներում։ 2019թ. սկսած՝ մեր մոնիթորինգային հնարավորությունները բացահայտում են նաև այն ապատեղեկատվությունը, որը տարածվում է Արևմտյան Բալկաններում և ԵՄ հարավային հարևանությամբ գտնվող երկրներում: Այս դեպքերը (և դրանց հերքումները) հավաքված են EUvsDisinfo-ի տվյալների բազայում։ Այն իր տեսակով որոնման համակարգ ունեցող տվյալների միակ բաց աղբյուր-շտեմարանն է, որն այս պահին պարունակում է կրեմլամետ ապատեղեկատվության ավելի քան 12000 նմուշ: Տվյալների բազան ամեն շաբաթ թարմացվում է՝ ապատեղեկատվական միտումների հակիրճ ամփոփմամբ: Այս թարմացումներին հետևելու համար բաժանորդագրվեք մեր շաբաթական տեղեկագրին։

Բացի տվյալների բազայից, մենք պարբերաբար հրապարակում ենք հոդվածներ և վերլուծություններ, որոնք վերաբերում են ապատեղեկատվության մեթոդների և գործելակերպի զարգացման միտումներին, նաև համադրում ենք միջազգային հետազոտությունները, որոնք նորարարական ներդրում ունեն այս ոլորտում: Ընտրություններ բաժինը կրթական նյութերի շարք է տրամադրում ժողովրդավարական հասարակությունների առջև ծառացած ամենալուրջ ապատեղեկատվական սպառնալիքներից մեկի՝ ընտրական միջամտության մասին:

Մեր թիմը նաև լրջորեն ներգրավված է հանրային և պետական աջակցության ծրագրերում: Մենք տեղեկատվություն ենք տրամադրում և վերապատրաստում ԵՄ կառույցներին, անդամ երկրների կառավարություններին, լրագրողներին և քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, պարբերաբար հանդես ենք գալիս միջազգային համաժողովներում: Մեր նյութերը կարևոր ռեսուրս են քաղաքական առաջնորդների, պետական գործակալությունների, հետազոտողների, գիտահետազոտական կենտրոնների և լրագրողների համար՝ ողջ աշխարհում:

Մեր աշխատանքի մասին ավելի մանրամասն կարդացեք այստեղ, իսկ «Հարցեր ու պատասխաններ» էջը կարող եք գտնել այստեղ:

Ցանկանո՞ւմ եք մեր աշխատանքի մասին թարմ տեղեկություններ ստանալ: Հետևեք մեզ Facebook-ում և Twitter-ում: